Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը նպտաստել է Արգենտինայում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը

FotorCreatedՀարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Արգենտինայում ռազմական հեղաշրջման 40-ամյակի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է prensaarmenia.com.ar կայքը, հայտարարության մեջ նշվում է, որ ժողովրդավարության վերականգնումից հետո Արգենտինան մեծ նվաճումներ է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչման, արդարության և փոխհատուցման համար մեր պայքարն իր մեծագույն հաջողություններն արձանագրեց այն ժամանակ, երբ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն ընդհանուր առմամբ առաջ մղվեցին: Միաժամանակ հայկական խնդիրների բարձրաձայնումը ևս օգտակար էր Արգենտինայում մարդկության դեմ գործված հանցագործությունների ճանաչման առումով»,- ասվում է հայտարարության մեջ:

Արգենտինահայերը նաև շեշտում են, որ 1976թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման յուրաքանչյուր տարելից հնարավորություն է վերանայելու հիշողությունը և կառուցելու ապագա` առանց անցյալը ժխտելու:

1976թ. Արգենտինայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունից հեռացվեց նախագահ Իզաբել Պերոնը: Իշխանությունը վերցրեց գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի, ադմիրալ Էմիլիո Էդուարդո Մասսերայի և բրիգադի գեներալ Օռլանդո Ռամոն Ագոստիի գլխավորած զինվորական խունտան: Զինվորականների իշխանությունը պահպանվեց մինչև 1983թ-ը, երբ Արգենտինան Ֆոլկլենդյան պատերազմում պարտվեց Մեծ Բրիտանիային:

armenpress.am

Տպել Տպել