ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը ամփոփել է Եվրոպա կատարած այցի արդյունքները

FotorCreatedԱրցախյան շարժման 28-ամյակի շրջանակներում Ֆրանսիայում կազմակերպված «Զորակցություն Արցախին ու Հայկական բանակին» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ հրավերով Ֆրանսիայում էր գտնվում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Այցի ընթացքում նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, հանդես եկել Արցախի ներկա կացության ու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություններով ու ելույթներով:

Այցի մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում Դ. Իշխանյանը նշեց, որ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցներին հաջողվում է ապատեղեկատվություն տարածել, եւ մեր հայրենակիցները, չունենալով հստակ տեղեկատվություն, երբեմն հավատում են մատուցված տեղեկատվության իրական լինելուն: Այս առումով Դ. Իշխանյանը կարևորեց, որ հայկական ԶԼՄ-ներն անելիքներ ունեն, ավելի կազմակերված աշխատանքի անհրաժեշտություն:

Իշխանյանը Լեոն, Վալանս եւ Փարիզ քաղաքներում հնարավորություն է ունեցել ուղիղ եթերով հայկական ռադիոկայաններին հարցազրույցներ տալու եւ նույնպես անդրադարձել է այս խնդիրներին:

«Անհրաժեշտություն կա նոր մոտեցումներ որդեգրելու: Այս առումով հայկական լրատվամիջոցներն ունեն լուրջ անելիքներ՝ որոշակիորեն հակազդելու եւ հակակշռելու ադրբեջանական քարոզչական ագրեսիային»,- նշեց նա:

Այցի ընթացքում ամենակարևոր քաղաքական հանդիպումները Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցած հանդիպումն էր: ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը եւ Դավիթ Իշխանյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը, անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը, այսօրվա ընդհանուր կացությանն ու Ղարաբաղի ներքին կյանքի զարգացման հեռանկարներին, ֆրանսիա- Արցախ հետագա համագործակցության եւ Ֆրասնիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարության առավել ակտիվացման հարցերին:

Խոսելով վերջին երկու տարիներին սահմանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին՝ Իշխանյանը Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի եւ սենատոր, Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունազի հետ հանդիպման ընթացում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող մարտավարությունը՝ ընդգծելով, որ այն աստիճանաբար տանում է դեպի ավելի խորը ռազմական ընդհարումների: Ադրբեջանն արդեն ոչ միայն կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը, այլեւ փորձում է հարցը շեղել խաղաղ ճանապարհով լուծելուց:

Դ. Իշխանյանը հանդիպման ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանականների ուշադրությանն է արժանացրել և անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարներ Էդ Ռոյսի եւ Բրեդ Շերմանի նախաձեռնությանը: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 85 անդամների կողմից ստորագրված նախաձեռնությունը ներառում է առանցքային մի շարք կետեր, ըստ որոնց՝ շփման գծից դիպուկահարներին ետ քաշելու հարցում հակամարտության կողմերի միջեւ համաձայնություն պետք է ձեռք բերվի եւ հատուկ սարքավորումներ տեղակայվի՝ սահմանային միջադեպերի հեղինակներին պարզելու համար:

Դավիթ Իշխանյանը կոչ է արել հնարավորինս ազդելու Ֆրասնիայի քաղաքական շրջանակների վրա՝ աջակցելու այս նախաձեռնությանը՝ վստահեցնելով, որ դա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ քայլ կարող է լինել:

«Ադրբեջանական լոբբինգի արդյունքում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ղարաբաղյան հիմնահարցը ներկայացվում է հակառակ կողմից՝ հայկական կողմին դիտելով որպես ագրեսոր կամ էլ՝ հավասարության նշան դնելով երկու կողմերի միջեւ: Հարցի շուրջ անհրաժեշտ է տարբեր քաղաքական շրջանակների ներգրավածությունը եւ նրանց ուղղակի այցերի կազմակերպումն Արցախ»,- ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

Մարտի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փառաքյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարսել-Արցախ համագործակցության հեռանկարները:

Դ.Իշխանյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են ունենալ հետագա համագործակցություն:

Մարտի 12-ին Վալանս քաղաքում Դ.Իշխանյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Նաթալի Նիսոնի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները:

Նույն օրը Վալանսի հայ մշակութային կենտրոնում տեղի են ունեցել հանդիպումներ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի եւ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիերի հետ:

Հանդիպումներին մասնակցել են Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ անդամներ Հրաչ Վարժապետյանը, Տիգրան Շահմիրյանը եւ Անդրանիկ Նշանյանը:

Դավիթ Իշխանյանը մասնակցել է նաեւ Փարիզում, Լիոնում, Բրյուսելում եւ Հոլանդիայում կազմակերպված ձեռնարկներին:
Նա Բրյուսելում հանդիպում է ունեցել նաեւ Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Սիմոնա Զուսկինդի հետ, ով վերջերս այցելել էր Արցախ, անդրադարձել Արցախում տիրող քաղաքական եւ տնտեսական վիճակին, հիմնախնդիրներին:

Խոսելով նման հանդիպումների արդյունավետության մասին՝ Իշխանյանն ասաց, որ երկկողմ հանդիպումները մեծ նշանակություն կարող են ունենալ, եւ կարող են Արցախի Հանրապետության ճանաչման միջազգային գործընթացում կարեւոր քայլ հանդիսանալ:
Անդրադառնալով հայկական համայնքին եւ նրա՝ Արցախի ճանաչման եւ զարգացման աշխատանքերին ներգրավածությանը, Իշխանյանը ընդգծեց, որ հայկական ներուժը Ֆրանսիայում, Բելգիայում եւ Հոլանդիայում բավականին մեծ է:

«Մենք ունենք բավականին լուրջ ռեսուրսներ Եվրոպական երկրներում, հատկապես քաղաքական շրջանակներում:Հայկական լոբբինգը կարող է լուրջ դերակատարություն ունենալ վերը նշված երկրներում: Թերևս, մեզ անհրաժեշտ է արտաքին քաղաքականության բնագավառում ավելի համակարգված աշխատանք վարել, որի մեջ հսկայական է հայկական համայնքների դերը, հատկապես Ֆրանսիայում դա շոշափելի եւ տեսանելի է»:

aparaj.am

Տպել Տպել