Վահրամ Բալայնն անդրադարձել է Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչմանը

FotorCreatedՄարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ միաժամանակ հորդորելով, որ միջազգային հանրությունը եւս ճանաչի ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն:

Այս թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը:

Նա նախ շնորհակալության խոսք է հղել նահանգի Ներկայացուցչական պալատին եւ նահանգի ժողովրդին՝ նման կարևոր ու ճիշտ որոշում ընդունելու համար, ապա նշել. «Այս իրադարձությունը ե՛ւ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների ու Արցախի ազգաբնակչության՝ 1991-ից մինչ այսօր տարվող հետեւողական աշխատանքների արդյունք է: Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւի մեջ նշված է, թե ինչու են նրանք ճանաչել Արցախի անկախությունը: Մատնանշված է, որ մեր երկրում ժողովրդավարությունը տարեցտարի ամրապնդվում է, որը կարևոր պայման է: Շեշտադրված է նաեւ պատմական հենքը, որ հազարամյակներ շարունակ հայություն է ապրել այստեղ, կերտել իր պետականությունը, ազգային մշակույթը եւ այլն: Ես համոզված եմ, որ աշխարհի ժողովրդավարական ուժերը, այդ թվում ԱՄՆ-ն, այս տարիներին ինչ-որ տեղ հնարավորություն են տվել մեզ` դրսեւորելու եւ, ըստ երևույթին, այս որոշումը նաեւ դրա արձագանքն է»:

Պատահականությու՞ն է արդյոք, թե՞ կողմերից մեկին ուղղված մեսիջ, որ Ալիեւի՝ ԱՄՆ այցից մեկ օր առաջ միաձայն կերպով ընդունվեց նման որոշում: Այս հարցի վերաբերյալ Վ. Բալայանը կարծում է. «Հայ Դատի գրասենյակները նպատակային եւ ծրագրված աշխատանք են կատարում: Համոզված եմ, որ սա վերջինը չի լինելու, այլ շարունակական բնույթ է կրելու, մենք ականատես ենք լինելու նաեւ ԱՄՆ-ի՝ պետական մակարդակով Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչմանը: Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների՝ ԱՄՆ այցին, ապա, ինչո՞ւ չէ, սա էլ իր նշանակությունն ունի, այսինքն՝ ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկիրը՝ ԱՄՆ-ն, ուզում է ասել, որ ինքը պատրաստ է սատարելու մի երկրի, որը ձգտում է ինտեգրվել աշխարհին, առաջնորդվել ժողովրդավարական սկզբունքներով: Այնպես որ, այս տեսանկյունից` դա պատահական չէ:

Մյուս կողմից, եթե նկատել եք, Միացյալ Նահանգների՝ թե՛ Կոնգրեսի, թե՛ առանձին նահանգների մակարդակներով ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում: Որպես օրինակ` նշենք վերջին ժամանակներում Նյու Ջերսիի պատգամավոր Բրիստոֆ Սմիթի կողմից առաջարկված օրինագիծը, որտեղ հստակ գրված է, որ պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տալ Ադրբեջանի պաշտոնական այն շրջանակների նկատմամբ, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին, քաղաքականությամբ զբաղվող այն մարդկանց, ովքեր փորձում են Ադրբեջանը դարձնել ժողովրդավարական երկիր: Այս օրինագծին միացան նաեւ այլ պատգամավորներ: Այս եւ նման շատ օրինակներ կարելի է բերել, որոնք վկայում են ոչ միայն ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ հայկական կազմակերպությունների քրտնաջան աշխատանքների մասին, այլ նաեւ ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր քաղաքական գործիչներ սկսում են հասկանալ, որ պետք է սատարել ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկրներին»:

Բանաձեւը Ներկայացուցչական պալատի կողմից ընդունվեց միաձայն, ինչը Վահրամ Բալայանը կարևորում է՝ նշելով, որ այս փաստը վկայում է Հավայի նահանգի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համախորհուրդ ու միակամ լինելու մասին:

Վ. Բալայանը նաեւ շեշտում է. «Եթե մեր հարևան երկրի որոշ քաղաքական գործիչներ մտածում են, թե Արցախը մի օր կլինի Ադրբեջանի կազմում, ապա պետք է ասել, որ նրանք հեռու են տրամաբանությունից: Այս երկրամասը երբեք Ադրբեջանի մաս չի եղել, չի էլ լինի: Այս ժողովուրդը դարերի ընթացքում պետականություն է ունեցել եւ ունենալու է»:

Հրադադարի խախտումների ակտիվացումն ու սահմանին տիրող ներկա իրավիճակը Վ. Բալայանը բնորոշում է <<սողացող պատերազմ>> եզրույթով եւ նշում. «Ադրբեջանը փորձում է պատերազմ վարելու նոր մեթոդներով մեզ ներքաշել հակամարտությունը ուժի միջոցով լուծելու գործընթացին, բայց ես համոզված եմ, որ ոչ մի արդյունքի չի հասնի, որովհետեւ նա վերջին տասնամյակների ընթացքում բազում ձեւերով՝ շրջափակման, ռազմական եւ դիվանագիտական ճնշումների միջոցներով փորձ է արել հասնելու իր երազած հաջողությանը, սակայն չի ստացվել: Ադրբեջանի գործողությունները տիպիկ ահաբեկչության են նման: Երբ նա կրակում է խաղաղ բնակչի վրա, ապա դա արդեն ահաբեկչություն է, իսկ ահաբեկչության դեմ այսօր ամբողջ աշխարհն է պայքարում: Աշխարհը պետք է արձանագրի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:

Արցախի անկախության ճանաչման խնդիրը, ընդգծել է Բալայանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ամենօրյա աշխատանքների հիմքում է դրված: Այն նաեւ համայն հայության պահանջատիրության մի մասը պետք է կազմի, քանզի Արցախի խնդիրը հայության խնդիրն է:

Թե ինչպիսի արդյունքի կարող ենք հասնել ճանաչումների այս շարունակական գործընթացներով, քաղաքական գործիչն ասում է. «Այս ամենն առանց հետեւանքի մնալ չի կարող: Սա նաեւ հայությանն է մղում ավելի ակտիվ ու նպատակային գործունեության: Միացյալ նահանգների ամեն մի նահանգ, ըստ էության, ներկայանում է որպես առանձին պետական միավոր՝ իր քաղաքական համակարգով, մշակույթի ձեռքբերումներով, իր տնտեսությամբ: Բնականաբար, դա դեռ իր հետեւանքներն ունենալու է…Չմոռանանք, որ 1998-2015թթ. ընթացքում ԱՄՆ-ն 44.5 մլն դոլարի աջակցություն է ցույց տվել մեզ…»:

Նահանգային մակարդակով ճանաչումից, անշուշտ, անցում է լինելու նաեւ պետական մակարդակով ճանաչմանը: Սա Վ. Բալայանի համոզմունքն է:

aparaj.am

Տպել Տպել