Ջահերով երթ՝ Ստեփանակերտում

«Հայ զինվորը կանխեց նոր Ցեղասպանությունը»

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության անդամներն ապրիլի 23-ին «Հայ զինվորը կանխե՛ց նոր ցեղասպանությունը», «Կեցցե՛ հայ զինվորը», «Հատուցու՛մ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Մենք պահանջատեր ենք», «Ամո՛թ Թուրքիային», «Մենք ենք հայի նոր տեսակը», «Ե՛ս եմ Հայ Դատը» եւ նման այլ կոչերով ու ազգային-հեղափոխական երգերով ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնից ջահերով քայլեցին դեպի Հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության եւ Արցախյան քառօրյա պատերազմում սրբացած զոհերի հիշատակին:

Ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ուսանողներ, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ստեփանակերտցիներ։

ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն իր խոսքում նշեց. «Հայոց բանակի զինվորներն այս օրերին հրաշքներ գործեցին և նորից աշխարհին ապացուցեցին, որ հայ մարդը պատրաստ է սեփական ճակատագիրը կերտելու ի՛ր ձեռքով, իսկ պետությունը, ժողովուրդը, բանակ դարձած, պաշտպանում են երկրի սահմանները՝ թույլ չտալով, որպեսզի կրկնվի 1915 թվականի ցեղասպանությունը: Այս ամենը պետք է ուղերձ լինի աշխարհին, որպեսզի վերջիվերջո համաշխարհային հանրությունը գիտակցի, որ թուրքի կերպարը մնացել է նույնը և բոլոր տեսակի հարցերը նա փորձում է լուծել ուժի միջոցով: Արցախում այս օրերի հերոսական դիմագրավումը թշնամուն ուղերձ էր աշխարհին՝ արցախահայությունը թույլ չի տա իր հետ ուժի դիրքից խոսելու: Մենք միասնաբար կառուցելու ենք այն ապագան, որին ձգտել են մեր պապերը»։

Հուշահամալիրում վառվող մոմերով, հայերեն եւ անգլերեն պատկերվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: Այնուհետև ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները։

Կոչ անելով միջազգային կառույցներին՝ Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և Ադրբեջանի ապրիլյան ռազմագործողությունները դատապարտող հայտարարությամբ։

Արցախի երիտասարդության դիմումը միջազգային հանրությանը

«Արցախի երիտասարդությունը, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ գլուխ է խոնարհում 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերված քառօրյա պատերազմի բոլոր զոհերի, Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի առջև:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կառույցներին ու անհատներին, Արցախի երիտասարդությունը հարկ է համարում տեղեկացնել միջազգային հանրությանը, որ 2016թ. ապրիլի 1-5-ը, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների սխրանքի, կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ: Մինչ որոշ երկրներ և քաղաքական գործիչներ հերթական դիվանագիտական հնարքն էին մոգոնում, թե ինչպես ապրիլի 24-ին իրենց ելույթներում շրջանցել «Ցեղասպանություն» եզրույթը՝ Թուրքիային «չվիրավորելու» համար, նույն Թուրքիայի թողտվությամբ ու խրախուսմամբ, իր եղբայր Ադրբեջանը հերթական ցեղասպանության փորձը ձեռնարկեց արցախահայության նկատմամբ, մոռանալով 1988-1994թթ. իր իսկ սանձազերծած՝ էթնիկ զտումների քաղաքականության և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դասերը, մոռանալով, որ իր առջև այլևս անզեն ու պետականությունից զուրկ հայը չէ: Անգամ ամենա ժամանակակից ու քանակով գերազանցող սպառազինությունը անզոր գտնվեց հայ զինվորի ոգու և հայ ժողովրդի միասնության դեմ, այն ճշմարտության դեմ, որ «Սրով եկողը սրից էլ կընկնի»:

Արցախի երիտասարդությունը կոչ է անում միջազգային հանրությանը և Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրներով մտահոգ բոլոր կառույցներին՝ միավորել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր արկածախնդրությունը սանձահարելու և ռևանշիստական նկրտումները մեկընդմիշտ կասեցնելու համար:

Արցախի երիտասարդությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ՝ իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու՝ արցախահայության իրավունքի նկատմամբ բռնության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»:

23 ապրիլի 2016թ.
Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

aparaj.am

Տպել Տպել