Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԵՏՄ-ում ընդհանուր արժույթ չի գործի

FotorCreatedԵվրասիական տնտեսական համաժողովի Կոլեգիայի նախկին անդամ (նախարար), այժմ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը ոչ այնքան ռեալ է գնահատում Եվրասիական ինտեգրացիայի տարածքում միասնական արժույթին անցում կատարելու հեռանկարը:

Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին, Արա Նռանյանն ասաց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ընդհանուր արտարժույթ չի գործի: Իսկ ցանկությունները, թե այդպիսի արժույթ պետք է լինի, նախկին նախարարը գնահատեց որպես էմոցիոնալ:

«Ենթադրվում էր, որ 2025-ին Ալմա Աթայում ստեղծվի ԵՏՄ ֆինանսական կենտրոն, բայց նման տեմպերով, միջազգային տնտեսական նման կոնյունկտուրայի պայմաններում նույնիսկ այդ ծրագիրն է վտանգված: Դրա ուղղությամբ այս պահին քայլեր չեն նախաձեռնվում: Եթե նույնիսկ միասնական ֆինանսական կենտրոն չունենք, ապա խոսել միասնական արժույթի մասին լուրջ չէ»,- շեշտեց Արա Նռանյանը:

Հարցին՝ միասնական հաշվիչ արժույթը, որը ներդրվելու էր միջպետական գործարքները իրականացնելու համար, հնարավո՞ր է առաջիկայում գործի, նախկին նախարարը պատասխանեց, որ շահերը տարբեր են, ուստի դժվարություններ կան այդ համակարգը ներդնելու համար:

«Եթե նայեք Բելառուսը, օրինակ, նրանք Ռուսաստանի հետ շատ վաղուց աշխատում են ռուբլով կամ իրենց արժույթով: Գոնե ազգային արժույթներով աշխատելը ավելի կանխատեսելի է, հետևողական աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք փորձում ենք գնալ այս ճանապարհով, աշխատել: Միջազգային հարաբերությունները բազմակողմանի են, ամեն մեկը պահի տակ քաշում է իր կողմը, հետո հրում է, նեղանալով, տունը մնալով հարցը չես լուծի»,- շեշտեց Նռանյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ անդրադարձավ հարցին՝ ասելով, որ հարկավոր է մեծ զգուշավորություն ցուցաբերել, չանել այնպիսի սխալներ, որոնք արել է ժամանակին Եվրամիությունը՝ մեկ միասնական արժույթ սահմանելով այն երկրներում, որոնք տնտեսապես տարբեր մակարդակներում են գտնվում:

tert.am

Տպել Տպել