Ժամանակն է ազատվել Տիզբոնից մարզպան բերելու և ռուսաց թագավորին նամակ գրելու բարդույթից

մենք ենք մեր հիմնական դաշնակիցը

FotorCreatedՀասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության և մասնավորապես` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե վճռական են երկրի ներսում խորքային փոփոխությունների գնալու հարցում՝ նշեց, որ զանգը գուժել է և անհետաձգելի փոփոխության անհրաժեշտությունը գիտակցվում է բոլորի՝ թե՛ ներքևների, թե՛ վերևների կողմից: «Այս օրերին հորդած դրական էներգիան, փոփոխության հրամայականը չօգտագործելն ուղղակի հանցագործություն կլինի սեփական պետականության և ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա:

-Տիկին Գալստյան, կառավարությունը հայտարարել է, որ վճռական է կառուցվածքային փոփոխությունների գնալու հարցում: Կարծում եք մեր քաղաքական իշխանությունը գիտակցո՞ւմ է փոփոխությունների անհրաժեշտության չափը և ունի՞ խոսքից գործին անցնելու կամքը:

-Այն, որ երկիրը խորքային, համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն ունի՝ աներկբա է։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու շարունակվող ռազմական գործողությունները անողոքաբար երևակեցին բոլոր մարտահրավերները՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատում։ Մենք այլևս նահանջելու, սայթաքելու ու սխալվելու տեղ չունենք։ Ուրախ եմ, որ իշխանություններն ամենաբարձր մակարդակում ունեցան համոզումը, որ արմատական փոփոխություններն անհետաձգելի անհրաժեշտություն են, մանավանդ՝ ազգային անվտանգության hամատեքստում։ Իհարկե, կարող եք իրավացիորեն հակադարձել, թե այսպիսի հայտարարություններ էլի են եղել, սակայն հաստատումներին չի հաջորդել գործնական վարքագիծը։ Այնուամենայնիվ, քաղաքացիական ու քաղաքական իմ հոտառությունը թույլ է տալիս բարձրաձայնել, որ զանգը գուժել է. անհետաձգելի փոփոխության անհրաժեշտությունը գիտակցվում է բոլորի՝ թե՛ ներքևների, թե՛ վերևների կողմից: Այս օրերին հորդած դրական էներգիան, փոփոխության հրամայականը չօգտագործելն ուղղակի հանցագործություն կլինի սեփական պետականության և ժողովրդի նկատմամբ։ Դանդաղելու ժամանակ չունենք. մարտահրավերներն իրոք լուրջ են։ Արտաքին ճակատում, փառք Աստծո, երբեք չենք ունեցել տարաձայնություններ, և ազգային միասնականությունն է եղել մեր արտաքին ճակատի հիմնական առանցքը:

Լավատես եմ, տեսնում եմ, որ հայտարարություններին նաև քաղաքական վարքագիծ է հաջորդում: Համոզված եմ, որ իմ երեք ընկերները, ովքեր կառավարությունում շատ կարևոր ոլորտների պատասխանատվություն են ստանձնել, հետևողական և աննահանջ են լինելու։ Հավատում եմ նաև, որ մեր քաղաքական ուժի ՝ ՀՅԴ-ի ներկայությունն այդ քաղաքական գործընթացներում լրացուցիչ կամք ու հետևողականություն է հաղորդելու քաղաքական որոշումներին։

– Ըստ Ձեզ՝ կոնկրետ ո՞ր քայլերից հետո պետք է բոլորի համար պարզ ու համոզիչ լինի, որ իշխանություններն այս անգամ անկեղծ են:

-Խնդիրն այն է, որ կարճ ժամանակահատվածում շոշափելի փոփոխություններ ակնկալելն անիրատեսական է։ Նախ՝ պետք է ախտորոշումների մեջ անկեղծ լինել, ցանկանալ մեր երկրում այդքան խոցելի արդարությունը, օրենքի գերակայություն հաստատել։ Շատ եմ կարևորում առաջիկա ընտրությունները։ Իշխանությունների համար ամենամեծ փորձաքարը, թե որքանով են անկեղծ իրենց հայտարարությունների մեջ՝ կերևա առաջիկա ընտրություններում։ Խորհրդարանական երկրում խորհրդարանի որակով է պայմանավորված երկրի փիլիսոփայությունը։ Եթե նորից պիտի գնան ընտրակեղծիքների, գնահատեն կեղծ հավատարիմներին ու նորից խորհրդարանում հայտնվի համրերի խուլերի, տգետների ու հայհոյողների բանակը, կնշանակի ոչինչ էլ չի փոխվի՝ կխարխափենք նույն կոռուպցիայի, մաշող միջակության, արտագաղթի ու աղքատության որոգայթում։

Ինչևէ, քաղաքական վարքագծում փոփոխություններ ես այսօր արդեն տեսնում եմ՝ բյուջեի անարդյունավետ ծախսերի կրճատում, բյուջեի լափելուն կամ փոշիացմանն ուղղված հանձնարարականներ… լավատես եմ, հուսանք այս շարքը կխորանա, նաև պատասխանատվություն կկրեն նրանք, ովքեր այս կամ այն ոլորտում որոշիչ դերակատարություն են ունեցել, մասնակից են եղել միջոցների անարդյունավետ ծախսմանը կամ փոշիացմանը։

Մենք հաճախ միակողմանի ենք դատում. իհարկե, իշխանությանն է առաջնային պատասխանատվությունը, բայց կուզենայի, որ մեր հասարակությունը, քաղաքացին պատասխանատվության իր բաժինը ևս գիտակցեր։ Արդար ընտրություններում, սոցիալական ու իրավական հասարակության կերտման մեջ քաղաքացու դերակատարությունը բացառիկ է. մենք ենք կեղծողն էլ, կաշառք վերցնողն էլ, տվողն էլ և այլն և այլն, այնպես որ համընթաց պրոցեսներ են, և քաղաքացին ևս պատասխանատվություն ունի երկրում փոփոխություններ իրականացնելու համար:

-Տիկին Գալստյան, ապրիլյան պատերազմը վերլուծելով, ի՞նչ եզրակացության պետք է հանգենք՝ ինչ ունենք և ինչի պակաս կա՝ դիմակայելու առկա մարտահրավերները:

-Արտաքին վտանգին դիմակայեցինք մեր միասնական, անընկճելի ոգով։ Միասնականության մի էներգիա պոռթկաց, որը շատ հաճախ թերագնահատել էինք: Այդ էներգիային կուզենայի, որ գումարվեր իշխանության իմաստնությունը։ Կուզենայի այն բոլոր ռեսուսրները, որ ունենք՝ գնահատենք։ Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդկային ռեսուրսն է, մարդկային տեսակը: Ցանկացած պետության նախագահ կնախանձեր մեր երկրի նախագահին այսպիսի որակով ազգ ունենալու համար։ Այդ իմաստով անգնահատելի է մեր ունեցած ռեսուրսը:

-Համակարծի՞ք եք այն տեսակետների հետ, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեծ հաշվով դաշնակից չունենք և միայնակ ենք մեր խնդիրներում:

-Մենք ենք մեր հիմնական դաշնակիցը, սա պիտի անքննելի հաստատում լինի։ Որևէ երկիր չի կարող և շահագրգիռ չէ մեզ համար անել ավելին, քան մենք ենք կարող կամ պարտավոր ենք անել։ Բոլոր մարտահրավերները դիմակայելու հիմնական զենքը կայուն զարգացող, ժողովրդավարական, պաշտպանված իրավունքով պետությունն է, որտեղ մարդն արժեք է: Ցավոք, ամենամեծ արժեքին՝ մարդուն, մենք թերագնահատել ենք, մարդն օտարված է, չգնահատված, մարդակենտրոն չի մեր երկիրը։ Մի՞թե կարելի էր սահմանին այդպես զինվոր պահել…. Մինչդեռ պետությունը պահեց հենց հայ զինվորը՝ 18-20 տարեկան զինվորը. ուժեղ, համառ, թուրքի աչքերի մեջ անթարթ նայող, հողը սեփական արյամբ պահող։ Ամաչում եմ, թե ինչպես կարող էի թերագնահատել այս տեսակին, որ իմ կողքին էր:

Մեր հիմնական դաշնակիցը մենք ենք, և մենք պետք է կարողանանք մարտահրավերներին դիմակայել զարգացող ու արդար երկիր դառնալով: Այսօր ամբողջ աշխարհն է փոթորկումների մեջ, մեր աշխարհաքաղաքական դիրքը բացառիկ խոցելի է։ Ժամանակն է մեկընդմիշտ ազատվել Տիզբոնից մարզպան բերելու և ռուսաց թագավորին նամակ գրելու անարժանապատիվ բարդույթից։ Ի վերջո, պիտի հասկանանք, որ մենք ենք մեր հիմնական դաշնակիցը:

Իհարկե, սա չի նշանակում, որ չպետք է կարողանանք արդյունավետ արտաքին քաղաքականություն վարեն։ Ցավոք, այս օրերին մի շարք խնդիրների կողքին փաստեցինք նաև, որ արտաքին քաղաքականության մեջ շատ բացեր ունենք։

tert.am

Տպել Տպել