ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին

FotorCreatedՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ հնչող դժգոհություններին, նշեց, որ իրենք միշտ ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես:

«Հիմա մենք եղածից կարող է դժգոհություններ ունենանք, և ունենք, կիսում ենք այն մտահոգությունները, որ եղան ապրիլյան պատերազմից հետո, մենք ինքներս ենք այդ մտահոգություններն արտահայտել, բայց պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ: Այսինքն, բոլոր նրանք, որ դեմ են, իրենք ավելի լավ առաջարկ ունե՞ն: Ես կարծում եմ, որ մենք այսօր չունենք այլընտրանք, քան այն, ինչ կա մեր ձեռքի տակ»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքներն այդքան ծայրահեղական վատատեսական երանգներով ներկայացնել:

«Ասում են՝ իբր այդ պատերազմը ցույց տվեց, որ մեր անվտանգության համակարգը իր տեղում չէ: Գիտեք, ի վերջո մենք ապրիլյան պատերազմի ընթացքում հաջողության ենք հասել: Մենք կասեցրել ենք թշնամու հարձակումը և ձախողել ենք նրանց բլից-կրիգը: Եթե անվտանգության համակարգն այդքան վատը լիներ, մենք դա էլ չէինք կարողանա անել: Պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ և ասել, թե ինչ մենք մինչ այս ունեցել ենք, սխալ է, պետք է ջնջենք ամեն ինչ ու զրոյից սկսենք: Մենք նախ պետք է հասկանանք, որ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդրի լուծում: Իսկ մենք միայն մի սահմանով կռիվ չունենք: Մենք ունենք պատերազմական իրավիճակ Ադրբեջանի հետ, բայց կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է և սպառնալիք է մեզ համար: Նրանց երրորդ դաշտային բանակը տեղակայված է մեր սահմանների մոտ: Այսինքն, այդ հայտարարությունները պետք է տրամաբանված լինեն, և մարդիկ պետք է հասկանան, որ նման հայտարարությունները մեր շահերից չեն բխում»,- նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանը հավելեց, որ քառօրյա պատերազմից հետո օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դուրս չմնա ցանկացած կառույցից, որտեղ գտնվում է Հայաստանը և որը լուծում է անվտանգության և հումանիտար խնդիրներ:

«Սա, կարծում եմ, որ գլխավոր հարցն է, որը պետք է լուծվի: Ես կարծում եմ, որ հանրապետության Նախագահի վերջին հայտարարությունը, որն արվեց Աստանայում, դրան էր միտված, որ Հայաստանը չէր կարող մի կողմ քաշվել՝ տեսնելով Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Սա այն ճիշտ հարցադրումն է, որից պետք բխեն այլ քայլեր: Այսինքն, մենք մեր բոլոր գործընկերների առաջ պետք է հստակ դնենք, որ մեր անվտանգության համակարգը միասնական է»,- եզրափակեց Ռուստամյանը:

«ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրով առաջարկված խորհուրդի ստեղծումը կյանքի է կոչվել. շուրջ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհուրդի առաջին նիստը», – նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը:

«Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից խորհրդում ներկայացված կլինի 4 ներկայացուցիչ, իսկ խորհուրդը կնախագահի Սերժ Սարգսյանը»,- ասել է նա ու հավելել. «Մենք անդրանիկ նիստը գումարել ենք, որտեղ նախանշել ենք մեր հետագա աշխատանքային գրաֆիկը՝ ժամանակացույցով, հստակ ձևաչափերով: Գլխավոր հարցը, որ դրել ենք, այն է, որ գիտեք, որ մենք ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ հայտնի համագործակցության համաձայնագիրը, որը հստակ ուղղություններ է նշում: Այդ թվում են նաև ձեր բարձրացրած բոլոր հարցերը՝ մենաշնորհային խնդիրները, հակակոռուպցիոն պայքարը և այլն: Մենք պայմանավորվել ենք, որ այդ համագործակցության պայմանագիրը պետք է վերածվի գործողությունների ծրագրի, ժամանակացույց, որ ավելի պարզ, հստակ դառնա՝ մենք ինչ քայլերով ենք գնում այդ համագործակցության համաձայնագիրն իրականացնելու ուղղությամբ»:

Ռուստամյանը նշել է նաեւ, որ իրենք առաջարկել են, որ խորհուրդը նախագահի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն:

Տպել Տպել