Թեկնածուի շուրջ հավաքվելը դեռ խոշորանալ չէ

«Երկկուսակցական համակարգ Հայաստանում չի կարող լինել, իսկ խառնաշփոթ կարող է լինել բոլոր կուսակցություններում, բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»- այսօր ԱԺ Ճեպազրույցների ժամին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ կուսակցության` առաջիկա դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում կորոշվի, թե նախագահական ընտրություններում ինչ ձևաչափով հանդես կգա ՀՅԴ-ն:

Լրագրողի ճշտող հարցին`եթե հանկարծ պարզվի, որ Դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը նախագահի թեկնածուներ չեն ունենալու, դա չի՞ նշանակի արդյոք, որ Հայաստանում կամաց–կամաց խոշորացման միջոցով ստեղծվում է երկկուսակցական համակարգ՝ ի լրումն առաջին փուլի, երբ բազմաթիվ կուսակցություններ ԱԺ ընտրություններից առաջ մտան Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների մեջ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, նախանշաններ չեն երևում, որովհետև խոշորացման տենդենց չկա։ Այսինքն՝ գաղափարախոսություններն այնքան հստակեցվե՞լ են, բյուրեղացրե՞լ են: Ինչի՞ շուրջ են խոշորանում։ Իսկ թեկնածուի շուրջ խոշորացվելը դա դեռ գաղափարական հենքի վրա խոշորանալ չէ։ Մեզ մոտ, դժբախտաբար, կուսակցությունների 90 տոկոսը ձևավորված են անձի շուրջ,– հավելեց Արմեն Ռուստամյանը։

Եթե քաղաքական ուժերը գնահատեն իրավիճակը և որոշեն չմասնակցել,- ասաց ՀՅԴ ֆրակցիայի ղեկավարը,- ապա դա կնշանակի, որ ընտրություններն են անիմաստ դարձել Հայաստանում և ոչ թե կուսակցությունները։

Խոսելով ընդդիմության միասնական թեկնածուի մասին՝ Արմեն Ռուստամյանն ասաց` այս հարցում դժվարությունն այն է, որ բոլորի կարծիքով՝ միասնական թեկնածուի լավագույն տարբերակը հենց իրենց թեկնածուն է։

Տպել Տպել