ԵԽԽՎ զեկույցը դեղին քարտ էր Թուրքիային

FotorCreatedԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցի նախնական տեքստն ու վերջնական արդյունքը շատ տարբեր էին․ զեկույցը բավական խստացվեց, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայում ամեն օր, ուղղակի ոտնձգություն է Եվրոպական արժեհամակարգի նկատմամբ՝ մեկնաբանելով զեկույցը այս մասին Panorama.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանի խոսքերով, թուրք-ադրբեջանական լոբբիի առկայությունն անգամ չօգնեց կասեցնել այն բոլոր ձևակերպումները, գնահատականները, որոնք ձեռնտու չեն Թուրքիայում գործող ռեժիմին։

«Հստակ է, որ Թուրքիայում հաստատվել է Էրդողանի ռեժիմը, որն ամբողջությամբ հակաժողովրդավարական է, ավտորիտար է։ Այժմ, երբ Էրդողանն անցավ պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելուն, դա դարձավ վերջին կաթիլը, և այստեղ զգալի մասի համբերությունը հատվեց։ Բովանդակային առումով զեկույցը շատ խիստ է, սակայն չունի տրամաբանական ավարտ․ առնվազն պետք էր վերաբացել Թուրքիայի նկատմամաբ մոնիտորինգը։ Այն խնդիրները, որոնք նշվում են զեկույցում, անգամ մոնիտորիգի տակ գտնվող երկրներում չկա։ Այստեղ թուրքական լոբբիին հաջողվեց, որպեսզի վերջին քաղաքական գնահատականը չտրվի։ Ընդունվեց կոմպրոմիսային որոշում՝ մոնիտորիգի վերականգնմանն անդրադառնալ 2017թ․-ին։ Թուրքիան հասկացավ, որ հաջորդ տարի կիկին քննարկման առարկա է լինելու։ Այնուամենայնիվ, սա դեղին քարտ էր Թուրքիային»,-ասաց պատգամավորը։

Զեկույցը նաև Թուրքիայից պահանջում է չեղյալ համարել քրեական օրենսգրքի 301 հոդվածը (թուրք ազգի արժանապատվությունը նվաստացնել), որով արգելվում է Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսելը, ինչպես նաև 299-րդ հոդվածը՝ այն է նախագահին վիրավորելը։

Հարցին, թե որքանով է հավանական, որ Թուրքիան կատարի զեկույցի պահանջները՝ Արմեն Ռուստամյանը հավանական չհամարեց նման զարգացումն ու ասաց, որ իրենք այս հոդվածների մասին խոսում են արդեն տասնյակ տարիներ, սակայն այժմ արդեն հասել է գագաթնակետը, որ խորհրդարան ընտրված պատգամավորները կարող են դատապարտվել այս հոդվածներով։

«Թուրքիայի համար սա իրավական գործիք է՝ պայքարելու այլախոհների դեմ, իրենց կարծիքով, իրենց պետության անսասանության համար։ Սա ռազմավարական նշանակություն ունի։ Հնարավոր է, որոշ փոփոխություններ կատարվեն, բայց այս հոդվածները կշարունակեն իրենց սև գործը»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի արդեն այս ամենը հաշվի առնելով, արդեն իսկ հասունացած է լինելու պահը, որ պետք է Թուրքիային հետմոնիտորինգային գործընթացից վերադարձնել մոնիտոինգի տակ՝ չբացառելով անգամ լուրջ պատժամիջոցների հավանականությունը։

panorama.am

Տպել Տպել