Մենք պետք է լինենք ոչ թե սպասարկող, այլ արժեք ստեղծող երկիր

FotorCreatedԱյսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը շրջեց Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, ինչպես նաև բուհի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում:

Ի դեպ, բուհի ուսանողներն ապրիլին սահմանին տիրող լարված իրավիճակից հետո իրենց գիտական աշխատանքների ուղղությունները փոխել են և հիմա փորձում են այնպիսի սարքեր, միջոցներ ստեղծել, որոնք պետք կգան ռազմական իրավիճակում: Բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արթուր Դավթյանը, օրինակ, նշեց, որ մի նախագիծ է փորձում կյանքի կոչել, ըստ որի` տեսախցիկը կնայի ստատիկ մի կետի` անկախ շարժից:

«Օրինակ` անօդաչուների դեպքում սա կարող է կիրառվել, երբ ներսում տեղադրվի տեսախցիկը և, անկախ դրա վայրիվերումներից, այն ստատիկ մի կետ կնկարահանի: Ապրիլի ռազմական գործողություններից հետո որոշեցի մի բան ստեղծել, որ մարդիկ կարողանան կառավարման համակարգեր նախագծել, այսինքն` այս ստենդը կարող է ծառայել ոչ միայն մեր նախագծած ծրագրին, այլ նաև, մարդիկ ուսումնասիրելով ազդեցությունները, իրենք կնախագծեն նման սարքեր»,- ասաց Արթուրը` հավելելով, որ նախագծի վրա մոտ 3 ամիս է, ինչ աշխատում է, և դեռ 1 ամիս էլ պետք է` այն ավարտուն տեսքի բերելու համար:

ԿԳ նախարարը նշեց, որ պատահական չէ, որ հենց այս համալսարան են այցելել, որովհետև կրթական համակարգում ունենք բազային որակ ունեցող համալսարաններ, և եթե ուզում ենք պահպանել Հայաստանի` իբրև կրթագիտական երկրի ստատուսը, պարտավոր ենք նման համալսարաններին ուշադրություն դարձնել: Ճարտարագիտական համալսարանը, ըստ նախարարի, հենքային համալսարան է Հայաստանի բոլոր ոլորտներում, նաև` գիտակրթական կլաստերի օրինակ է:

«Համալսարանը կատարում է շատ կարևոր մի խնդիր` ըստ էության, այս համալսարանում ձևավորվում է մեր տեխնոլոգիական համալսարանի նախատիպը. բուհը լավագույն տեխնոլոգիաներով ապահովված է: Հետաքրքիր է, որ ապրիլյան դեպքերից հետո ուսանողներն ինքնըստինքյան սկսել են մտածել երկրի պաշտպանության ուղղությամբ: Եթե մենք ուզում ենք լինել ոչ սպասարկող, այլ արժեք ստեղծող երկիր, և դա է մեր ապագան, պարտավոր ենք մեծ ուշադրություն դարձնել այս համալսարաններին, վերածնել ինժեներատեխնիկական միտքն ու արդյունքը` ուշադրություն դարձնելով բնական գիտությունների զարգացմանը»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա` եթե ուզում ենք հասնել որոշակի արդյունքների, և ուսանողները տիրապետեն տեխնիկաներին, պարտավոր ենք ունենալ օտար լեզուների լավ կրթություն: Ի վերջո, գիտությունը, Մկրտչյանի հավաստմամբ, մի քանի ծալք ունի` մենք կարող ենք լինել կոմունիկատիվ լեզվի երկիր, սպասարկող գիտելիքի երկիրր, բայց կարող ենք լինել նաև ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնող երկիր:

«Ատոմային էներգետիկայի առումով, ըստ էության, այս բուհը միակ բազան է, և այս առումով` այն շատ լուրջ առաքելություն ունի: Պոլիտեխնիկն այն եզակի համալսարաններից է, որն այս շուկայական տնտեսության պայմաններում կարողացել է պահել իր առաքելությունը: Բազմիցս ասել եմ` յուրաքանչյուր համալսարան պետք է աշխատի իր նպատակի, խնդիրների դաշտում, և եթե որակով անի իր աշխատանքը, շուկան կսկսի հարմարվել: Եթե լավ մասնագետներ ստեղծենք, մասնագետը կստիպի, որ բիզնեսը գնա իր հետևից: Ես համաձայն չեմ, որ կրթությունը պետք է սպասարկի միայն աշխատաշուկան, կրթությունը պետք է նաև ուղղորդի աշխատաշուկան»,- ասաց նախարարը:

Ճարտարագիտական համալսարանը, ըստ Մկրտչյանի, այն բացառիկ բուհերից է, որ ինքն է ակտիվորեն ձևավորում իր հարաբերությունները գործող աշխատաշուկայի հետ. բուհն, օրինակ, աշխատում է «Սինոփսիս»-ի, էներգետիկայի նախարարության, ընդերքի ոլորտի հետ:

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն էլ, իր հերթին, նշեց, որ աշխատաշուկայի հետ համագործակցության լավագույն օրինակը «Սինոփսիս»-ն է, որտեղ բուհն ունի ուսումնական դեպարտամենտ, ուր դասավանդում են իրենց դասախոսները, ինչպես նաև «Սինոփսիս»-ի հունով անցած սերունդը` 47 գիտությունների թեկնածուներ:

Բայց, ըստ բուհի ղեկավարի, սահմանափակվել միայն «Սինոփսիս»-ով ճիշտ չէր լինի, ուստի բուհը կապեր է հաստատում նաև էներգետիկայի, ընդերքի և հանքարդյունաբերության ոլորտում: «Այսինքն` առաքելության իմաստով, Հայաստանի համար 3 խոշոր ուղղություններով կարողանում ենք գործառույթներ իրականացնել` տեղեկատվական տեխնոլոգիաներ և հաղորդակցություն, միկրոէլեկտրոնիկա, բնականաբար, էներգետիկ և հանքարդյունաբերական ոլորտ: Ցավում եմ, բայց այնպիսի մի խոշոր ոլորտ, որը բնորոշ էր համալսարանին` քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտությունը, մեկ բաղադրիչով է գործում` բնապահպանական ճարտարագիտության, իսկ բուն տեխնոլոգիաների գծով ունենք բավականաչափ խնդիրներ` գործընկերների առումով, հասկանալի պատճառներով»,- ասաց Մարուխյանը:

Ռեկտորը նշեց նաև, որ ուսանողներին առավել հետաքրքրում է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագիտանալը, իսկ հանքարդյունաբերության և ընդերքի գծով մասնագետների պահանջարկն այնպիսին չէ, ինչպիսին կուզեին:

Մարուխյանը նշեց նաև, որ բուհում կան ֆակուլտետներ, որոնք տեխնիկական վերազինման կարիք ունեն, բայց դրանք իրենց վերազինման հետաձգված խնդիրը լուծում են ինովացիոն կենտրոնների օգնությամբ: «Եթե մի փոքր կարողանանք մեր ֆինանսական վիճակն ավելի բարձրացնել ու կայունացնել, կարծում եմ` ձեռնահաս կլինենք այդ ֆակուլտետների վերազինմանը, օրինակ` ընդերքաբանության և մետալուրգիայի»,- նշեց նա:

Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Հովհաննիսյանը մի նախագիծ է իրականացնում, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է եղել համագործակցել պոլիտեխնիկի հետ` համապատասխան սարքավորումներից օգտվելու համար: Լուսինեն նշեց, որ փորձարկումների արդյունքում ուզում են հասկանալ, թե ինչ ազդեցություն են թողնում մարդու վրա գեոմագնիսական փոթորիկները:

«Փորձը ցույց է տալիս, որ մարդու ինքնազգացողությունը վատանում է այդ օրերին, ավելանում են զանգերը շտապ բուժօգնությանը, բայց թե հստակ ի՞նչ ազդեցություն է ունենում այն, դեռ հայտնի չէ: Մենք ծրագրի միջոցով վերցնում ենք գեոմագնիսական փոթորկի տվյալները, որն, ասենք, եղել է 2015-ի հունվարի 28-ին, և այնպես ենք անում, որ երկրագնդի վրա մագնիսական դաշտի արդյունքները լինեն նաև այս տարածքում: Դրանից հետո առնետներ ենք տեղադրելու այդ տարածքում, որ երբ մեծանան, տեսնենք, թե ինչպես է նրանց գլխուղեղի վրա ազդել փոթորիկը»,- ասաց Լուսինեն:

Նա նշեց նաև, որ նախագծի բժշկական մասը կիրականացնեն բժշկական համալսարանում, իսկ ինժեներականը` պոլիտեխնիկում:

Լուսինեն նշեց նաև, որ մի շարք կրթական ծրագրերով այցելել է որոշ երկրներ և համոզվել, որ մենք այնքան էլ չենք զիջում մյուսներին: «Այստեղ լավ է, բայց պետք է գնալ դուրս, տեսնել` աշխարհում ինչ են անում, և վերադառնալ ու այստեղ էլ աշխատել: Կարևորը խելքն է, ոչ թե` սարքերը, որովհետև եթե սարքերը լինեն, բայց խելք չունենաս, չես կարողանա դրանք աշխատեցնել»,- կարծիք հայտնեց ուսանողուհին:

yerkir.am

Տպել Տպել