ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու ՀՕՊ համաձայնագրին

FotorCreatedԱյսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը:

Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` կա ոսկե կանոն՝ եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես: Դրանից շեղվելու դեպքում փլուզում ես անվտանգության համակարգը: Ըստ Ռուստամյանի` մտավարժանքներով պետք չէ խճճել հարցը, շեղել ու խեղաթյուրել:FotorCreated

«Ոմանց համար ապրիլյան պատերազմը առիթ էր, որպեսզի, այս այլընտրանքը չունենալով, զրկվենք նրանից, ինչ ունենք: Քառօրյա պատերազմը նաև այլ բաներ է ցույց տվել` որ փոխվել է միջազգային իրավիճակը, որ փոխվել են խաղի կանոնները, և ով ուժեղ է, պարտադրում է խաղի կանոնները: Խնդիրը շատ պարզ է դրված` սրանով մենք ուժեղանո՞ւմ ենք, թե՞ չենք ուժեղանում: Խոսքը գնում է պաշտպանության մասին: Ինքնապաշտպանությունը ցանկացած պետության սուրբ իրավունքն է: Եթե ձեզ թվում է, որ մեզ վրա հարձակվեն, մենք պետք է ինչ-որ մեկից հարցնենք` մեր ինքնապաշտպանությունն իրացնե՞նք, թե՞ ոչ, ուրեմն դուք այս աշխարհից չեք»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրերի միջոցով չէ, որ հարձակվում են, ֆորս մաժորը պայմանագրերի խախտում է, երբ ձեռքիդ տակ եղած զենքով դիմում ես ինքնապաշտպանության: Հենց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք դիմում ենք ինքնապաշտպանության եղած զենք ու զինամթերքով` առանց որևէ մեկից հարցնելու: Եվ եթե Հայաստանը փամփուշտ չունենա, մյուս զինատեսակները չունենա, ապա ինչպե՞ս է պաշտպանվելու: Ըստ Ռուստամյանի` բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ կարող է ապահովվել զենք-զինամթերքի առկայությունը, քանի որ այլընտրանք չկա:

Պատգամավորը համաձայն է այն տեսական հարցադրման հետ, թե ինչո՞ւ մինչ հիմա Հայաստանը այլընտրանք չէր ստեղծել, բայց դա քննարկելու հարց է, պետք է կարողանալ բազմապատկել այլընտրանքները: Սակայն այսօր, երբ իրական պատերազմի սպառնալիք կա ամեն օր, Հայաստանը փաստացի չունի այլ ճանապարհ, ուստի պետք չէ դեմ խոսել այն բանին, ինչը կարող է ամրապնդել պաշտպանական ու անվտանգային ռեսուրսները:

«Այո, այսօր մենք խնդիր ունենք` մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները բերել այն մակարդակին, որը իրավապայմանագրային մակարդակն է: Հիմա իրավիճակը դե ֆակտո այդ մակարդակից ցածր է: Եվ դրա մասին պետք է ասել` ոչ թե նվնվալով, այլ պահանջ ներկայացնելով ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, ու ասել` եղբա’յր, պայմանագի՞ր ենք կնքել, ուրեմն եկեք բառ առ բառ, տառ առ տառ պայմանագրի կետերն իրականացնենք: Եթե այս ձևով հարցը դրվի, շատ խնդիրներ իրենց տեղը կընկնեն, մենք էլ մեր անելիքը կիմանանք»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ չհամաձայնելով բոլոր այն հայտարարությունների հետ, թե այս համաձայնագրով Հայաստանը զիջելու է իր ինքնուրույնությունը:

ՀՕՊ համաձայնագիրը կրում է հղում 1995 թ. համաձայնագրին, որում ասվում է, որ հակաօդային պաշտպանության համատեղ իրականացումը կատարվում է համադրող խորհրդի կողմից, որի ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը: Այդ փաստաթղթի տակ ստորագրել է 12 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը:

«Հենց 1995 թ. համաձայնագիրը չի աշխատել, այստեղ ասվում է, որ կողմերը պետք է տեղեկացվեն հրթիռային հնարավոր վտանգների մասին, իսկ մենք գիտենք, որ նման հնարավորություն եղել է, բայց մենք այդ տեղեկությունը չենք ունեցել: Այսինքն` մենք եղած պայմանագրերը կյանքի կոչելու խնդիր ունենք: Փաստն այն է, որ Ադրբեջանը խախտել է իր իսկ կողմից ստորագրված պայմանագիրը՝ հարձակվելով այդ պայմանագրի տակ ստորագրած հարևան երկրի վրա, խախտելով պամանավորվածությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պայմանագրերն ընդհանրապես լավն են լինում, մնում է, որ դրանք իրականացվեն, չմնան թղթի վրա:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է Ռուսաստանի առաջ դնի բոլոր կնքված պայմանագրերը, որ տեր կանգնեն այդ պայմանագրերով նախատեսված պարտավորություններին: «Գոնե մեկ հատ զանգեին, հարցնեին` ոնց եք, ժողովո’ւրդ, ոնց որ թե ձեր վրա կրակում են: Անգամ դա չեն արել: Այո, ամեն բան իր անունով կոչելու ժամանակն է, բայց ոչ թե` պայմանագրերին դեմ խոսելով, այլ պետք է ամրապնդել այն, ինչ ունես` փորձելով գտնել այլընտրանքներ և ամրացնելով քո պաշտպանությունը: Այս համաձայնագիրը մեծացնում է Հայաստանի պաշտպանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Նախիջևանում արդեն Թուրքիան մեծացրել է բանակի թիվը, և եթե այս համաձայնագրով այդ հատվածում պաշտպանությունը մեծանում է, ի՞նչ վատ բան կարող է լինել դրա մեջ:

Ռուստամյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու ՀՕՊ համաձայնագրին:

Տպել Տպել