Ռուս-թուրքական հարաբերություններն այլևս նույնը չեն լինելու

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ընդունումայն բնորոշումը, թե, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, դա վնաս է Հայաստանի համար, նույնպես` երբ բարելավվում են:

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհի պետություններն ունեն իրենց շահերը, և, ամեն փոփոխության հետ կապված, Հայաստանը պետք է վերադասավորվի, որպեսզի հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնի:

«Որ Թուրքիան վտանգ է Հայաստանի համար, վաղուց է հայտնի: Անկախ նրանից` Թուրքիան Ռուսաստանի հետ ինչպիսի հարաբերություններ կունենա, մեզ համար սպառնալիք է և վտանգ, քանի դեռ չի հրաժարվել իր նեոօսմանիզմի ռազմավարությունից: Սա, անկախ այդ վայրիվերումներից, միշտ պիտի ունենանք մեր արտաքին դոկտրինի մեջ»,- ասաց Ռուստամյանը:

Նրա կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում, բնականաբար, ստիպված քայլ է Թուրքիայի կողմից, որովհետև հասցրել էր այնքան պրոբլեմներ կուտակել, որ ճնշումները գնալով երկրի վրա մեծանում էին, նա ստիպված պետք է կարողանար այդ լարվածության օջախները մեղմել: Ռուստամյանը նշեց` Թուրքիայի կարգախոսն էր` ունենալ զրո պրոբլեմ հարևանների հետ, բայց ունեցավ զրո հարևան, և այդ պատճառով բնական է, որ փորձում է գոնե այն երկրների հետ հարթել հարաբերությունները, որոնց հետ թշնամանքը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ, մանավանդ, որ երկրի ներսում էլ պրոբլեմներ են կուտակվել: Պատգամավորի կարծիքով` Էրդողանի ռեժիմը հասցրել է լուրջ սպառնալիքներ առաջացնել Թուրքայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ:

«Այս տրամաբանության մեջ է այդ քայլը նա կատարել, և հավերժական չէր տևելու այս թշնամանքը, դա հայտնի է»,- ասաց նա` հավելելով` անսպասելի ոչ մի բան տեղի չի ունեցել, որ մենք հիմա սթափվենք ու փորձենք կտրուկ ինչ-որ փոփոխությունների դիմել, բայց վստահ է, որ մենք պետք է ունենանք մեր հետևողական քաղաքականությունը` Թուրքիայի հետ կապված, և իմանանք, որ այդ պետությունը, անկախ ամեն ինչից, մեծ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ու աշխարհի համար, ընդ որում` հիմա արդեն ամբողջ աշխարհն է դա հասկանում:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լավացմանը` Ռուստամյանն ասաց. «Այսպիսի խոսք կա` կոտրվածը ինչքան էլ կպցնես, հետքը էլի երևալու է: Ուրեմն այն նստվածքը, որ առաջացավ այս ընթացքում Ռուսաստանում, բացասական նստվածք էր և իր հետևանքներն ունենալու է»,- նշեց նա:

«Նույնը չի լինելու այլևս ռուս- թուրքական հարաբերություններում, ինչ եղել էր մինչև ինքնաթիռի խոցման դեպքը, մանավանդ` Էրդողանի ռեժիմի պահպանման պարագայում: Նորմալանալ կարող են, բայց սուր հարաբերությունները նորից կարգավորվել` ոչ»,- կարծիք հայտնեց Ռուստամյանը:

Հարցին` կապ տեսնո՞ւմ է Էրդողանի երեկվա «ներողության» և այսօր Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության միջև, պատգամավորը պատասխանեց, որ կապ չի տեսնում, թեև ամեն ինչ էլ կարելի է կապել, բայց ինքը կապ չի տեսնում:

Տպել Տպել