Այս պահին Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ի ճանաչման ծրագրեր չկան

Երեկ «Հրապարակ» թերթը գրել էր, որ, ըստ իր լավատեղյակ աղբյուրների, մինչև նոյեմբերի վերջը Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, եւ որ, ըստ նախնական պայմանավորորվածության, նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում` այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ապա կմեկնի Արցախ: Թերթի այս լուրը շատ արագ տարածվեց այլ լրատվամիջոցներում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ի պատասխան ընդգծեց, որ լինելով Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարող է փաստել, որ Ուրուգվայ-Հայաստան հարաբերությունները հրաշալի վիճակում են, բնականոն զարգանում են, եւ որ ՀՅԴ-ն էլ շատ ակտիվ է այս գործընթացքում, բայց խորհուրդ չի տալիս նման «առաջ վազող հայտարարություններ անել, սենսացիաների հետեւից ընկել»:

Թե որտեղի՞ց է ոչ շատ հավաստի աղբյուրներ ունեցող թերթը նման տեղեկություն ստացել, Հովհաննիսյանը չգիտի, բայց փաստում է, որ դա իրականությանը չի համապատասխանում, այս պահին նման ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է: «Կարծում եմ, որ խուճապի եւ սենսացիայի էլեմենտ պարունակող նման հրապարակումները պատահական չեն հայտնվում: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը հավանաբար ջղագրգիռ վիճակի մեջ է գցել ադրբեջանցիներին, եւ հիմա տարբեր պրովոկացիաների որոնում է սկսվելու, եւ հավանաբար փորձում են կանխարգելող քայլեր ձեռնարկել: Ցավոք, հայաստանյան մամուլում կա մի տեսակ, որը պատրաստ է ցանկացած խայծ կուլ տալ, ընդ որում` մեկը կուլ է տալիս` սենսացիա որոնելով, մեկը` վարձատրության համար: Այս պահին դա, իհարկե, ինձ չի հետաքրքրում, բայց ակնհայտորեն այդպիսի «սենսացիայի» որոնումները եւ պրովոկացիոն հայտարարությունները նպաստում են ադրբեջանական քարոզչությանը»,- շեշտեց Վահան Հովհաննիսյանը եւ եւս մեկ անգամ վստահեցրեց, որ այս պահին նման ծրագրեր չկան:

Տպել Տպել