ԱՄՆ նախագահի թեկնածուները չեն ուզում խոստումներ տալ, որոնք կարող է չկատարեն

«Եթե այսօր չեն խոստացել, դա դեռ չի նշանակում, որ վաղը անհնար է՝ ինչ-որ քայլ անելն»,- կարծում է Կիրո Մանոյանը

Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ ԱՄՆ-ի նախընտրական փուլը նշանավորվեց նրանով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 16-ին որոշում ընդունեց այն մասին, որ գալիք ընտրություններում ԱՄՆ-ի հայ համայնքը պաշտոնապես չի սատարի ոչ դեմոկրատ Բարաք Օբամայի, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիի թեկնածությունը, քանի որ նախագահի երկու թեկնածուներն էլ չեն վաստակել ամերիկահայերի աջակցությունը։

Մեկնաբանելով այս որոշումը՝ հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանն ասել էր, թե Բարաք Օբաման դրժել է ամերիկահայության խնդիրների վերաբերյալ իր բազմիցս տված խոստումները, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հայ համայնքի համար կարեւորություն ունեցող հարցերում չի արտահայտում հստակ հրապարակային դիրքորոշում։ Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի՝ 2008-ին Բ. Օբաման իշխանության եկավ՝ վայելելով ամերիկահայ ընտրողների լայն աջակցությունը շնորհիվ իր՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բազմակի խոստումների, ինչպես նաեւ համայնքին հուզող մի շարք խնդիրների վերաբերյալ տված հավաստիացումների՝ ԼՂ հարցից մինչեւ համայնքի առաջնորդների հետ ակտիվ համագործակցությունը, փոխադարձ կապերը հզորացնելն ու Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը ավելացնելը։ Մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել էր հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, Օբամայի պաշտոնավարման անցած տարիները տրամագծորեն այլ պատկեր ցույց տվեցին. Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, եւ երբ առիթ է եղել, որ բանաձեւը ներկայացվի Ներկայացուցիչների պալատում, Օբաման դեմ է եղել դրան: Միաժամանակ, Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ պատրաստակամ է եւ ձգտելու է ամերիկահայության տեսակետները եւ արժեքները ներկայացնել նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների հաղթողին։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին երեկ «Առավոտ»-ը հարց ուղղեց՝ ո՞րն էր նման որոշման հիմքը, արդյոք վերջապես գիտակցո՞ւմն է, որ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ բազմամյա պրագմատիզմի պայմաններում անիմաստ է ուղղակի շարունակական հույսեր փայփայել, ապա հիասթափվել, թե՞ նման որոշմամբ ԱՄՆ նախագահի թեկնածուներին լրջության, խոհեմության մեսիջ է ուղղվել։

Կ. Մանոյանը նկատեց՝ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը որոշում է ընդունում չաջակցել թեկնածուներից ոչ մեկին, 12 տարի առաջ եւս նման որոշում է եղել, եւ դա ընթացիկ քաղաքական աշխատանքի ձեւ է. «Աջակցելու համար պետք է հիմք լինի, իսկ այս անգամ Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ նման հիմք չկա՝ հաշվի առնելով մի քանի կետեր։ Հայ դատի հանձնախմբի դեպքում աջակցել նշանակում է փաստորեն աջակցել, ոչ թե ընդամենը միայն հայտարարությամբ հանդես գալ, ինչը այս ընտրությունների դեպքում չի լինի։ Բայց նույն օրը տեղի են ունենալու Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, որոնց առիթով Հայ դատի հանձնախումբը հրապարակել է ցուցակ, որով կոչ է անում հասարակությանը քվեարկել»։ Իսկ թե արդյոք այդ որոշումը կհանգեցնի՞ ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից ավելի լուրջ վերաբերմունքի՝ Կ. Մանոյանը նկատեց. «Կարծում եմ, որ ինչ-որ առումով թեկնածուները սկսել են ընդհանրապես հայ համայնքին եւ հատկապես ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ավելի լուրջ վերաբերվել, կարծես չեն ուզում ասել բաներ, որոնք կարող է չկատարեն։ Ամեն դեպքում այն փաստը, որ ոչ միայն հայ համայնքի հետ, այլ նաեւ հույն համայնքը ներկայացնող ամենամեծ կազմակերպության հետ չեն ցանկացել հանդիպել թեկնածուներից ոչ մեկը՝ դա նաեւ հուշում է, որ Թուրքիայի ազդեցությունը բավական ուժեղ է, եւ ինչ-որ իմաստով թեկնածուները ցանկանում են նախապատվությունը տալ Թուրքիայի տեսակետին կամ առնվազն չեն ուզում անհանգստացնել Թուրքիային»։

Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր նաեւ, որ Հանձնախմբի կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ թեկնածուները իրենց վերաբերմունքը փոխեն եւ ընդառաջեն Հանձնախմբի կոչին՝ հանդիպելու եւ ներկայացնելու իրենց տեսակետները ամերիկահայ համայնքին հետաքրքրող տարբեր խնդիրների շուրջ: Հնարավո՞ր է, որ մի քանի օրերի ընթացքում թեկնածուներից ավելի լուրջ հավաստիացումներ ստանալ, կա՞ն արդյոք կուլիսային ինչ-որ գործընթացներ, որոնք կարող են վերջին պահին փոխել Հանձնախմբի որոշումը՝ չսատարել թեկնածուներից ոչ մեկին՝ հարցրինք պարոն Մանոյանին։ Այս առիթով Կ. Մանոյանը նկատեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց շատ քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ՝ հավանականությունը քիչ է, որ մինչեւ ընտրությունները թեկնածուներից մեկը հայտարարությամբ հանդես գա։ Դրա համար էլ կարծում եմ, որ այս անգամ էլ այսպես կլինի»:

Իսկ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի որոշումը չի՞ վնասի ամերիկահայ համայնքին՝ այդ կարեւորագույն հարցում կարծես չկողմնորոշված թողնելով նրանց, կամ գուցե՝ Ցեղասպանության հարցի նկատմամբ էլ այդ որոշումը դառնա շահարկումների առարկա՝ հարցին Կ. Մանոյանը պատասխանեց. «Եթե թեկնածուները չեն ցանկանում հանդիպել, կողմնորոշվել՝ դա իրենց որոշելիքն է։ Իսկ Հայ դատի հանձնախումբը կոչ չի արել չմասնակցել ընտրություններին, այս ընտրությունների համար ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիները գրանցվեն եւ քվեարկելու իրավունք ունենան, եւ հայ համայնքի յուրաքանչյուր անդամ ինքը կորոշի՝ ում քվեարկել։ Այսինքն՝ կառույցի կողմից չաջակցելու, այլ ոչ թե չմասնակցելու կեցվածք է ընտրվել»։

«Առավոտ»-ի հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների կողմից բազմամյա պահվածքը՝ խոստումները, ապա դրանք չիրականացնելը միայն պայմանավորված է Թուրքիային դեմ չգնալու ձգտմա՞մբ, Կ. Մանոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ թե միայն չի ուզում դեմ գնալ, այլ որպես լծակ է օգտագործում Թուրքիայի նկատմամբ, եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս օրերին թեկնածուները չեն ցանկանում անհանգստացնել Թուրքիային, իսկ վերջին օրերը հատկանշական են Թուրքիայի հարեւանությամբ ընթացող զարգացումներով։ Չի բացառվում, որ օրինակ՝ երկու տարի հետո այլ իրավիճակ ստեղծվի, եւ ով էլ որ ընտրվի, հնարավոր է՝ ինչ-որ քայլ կատարի, պարզապես հիմա չեն ուզում այսօրվանից հանձնառությամբ հանդես գալ: Այսինքն՝ սա չի նշանակում, որ իրենք վաղը անհնար է՝ ինչ-որ քայլ անեն, եթե այսօր չեն խոստացել: Պարզապես այսօր չեն ուզում Թուրքիային նեղացնել, բայց դա չի նշանակում, որ ապագայում իրենց կեցվածքը ավելի հստակ եւ արդար չի լինի»:

4 օր շուտ Աբդուլլահ Գյուլին շնորհավորելով «խելոք տղա» երեւացի՞նք

Հոկտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի առթիվ, թեեւ այն նշվում է հոկտեմբերի 29-ին, իսկ Ս․Սարգսյանը փաստորեն չորս օր շուտ է շնորհավորել թուրք գործընկերոջը։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում այս քայլը՝ հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների, ԼՂ-ի խնդրի նկատմամբ Թուրքիայի դրսեւորած կողմնակալ վերաբերմունքը։ «Եթե ամսաթիվ չեն շփոթել, ապա իսկապես անհասկանալի է այսչափ շտապողականությունը։ Չնայած, այնքան էլ հասկանալի չէ ընդհանրապես շնորհավորելու պահը, որովհետեւ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների, ԼՂ-ի խնդրի ուղղությամբ Թուրքիան օգտագործում է ամեն հարցում արտահայտվելու իրավունք է իրեն վերապահում, անգամ Ստեփանակերտի օդանավակայանի հարցում պարտավորված են իրենց զգում ինչ-որ բան ասել: Միակ հավանական բացատրությունը թերեւս այն է, որ Իրանի հետ պայմանագիր ստորագրվեց, եւ նախագահը արեւմուտքին ուզում է ասել, թե պատրաստ է նաեւ Թուրքիայի հետ լեզու գտնել։ Այլապես, իսկապես ոչ մի բացատրություն, արդարացում չկա, թեեւ դա էլ արդարացում չէ, որովհետեւ ի վերջո պարզ է բոլորին, որ Հայաստանի այսօրվա իրավիճակի համար պատասխանատվություն ունի նաեւ Թուրքիան, որը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ ՀՀ անկախության առաջին օրվանից պայմաններ առաջ քաշելով, շրջափակման ենթարկելով եւ մերժելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Սա բարեկամական կեցվածք չէ, ավելի քան 20 տարի է, ինչ Թուրքիան թշնամական վերաբերմունք է դրսեւորում, եւ հետեւաբար մենք մեզ չպետք է պարտավորված զգանք ամեն անգամ ցույց տալու, թե մենք խելոք տղերք ենք»,- նկատեց Կիրո Մանոյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Տպել Տպել