ԼՂ հակամարտությունը հողերի հանձման գնով լուծելու Ադրբեջանի ու նրան աջակցող ուժերի տարբերակը ձախողվել է

FotorCreatedԱդրբեջանը ու Ադրբեջանին սատարող ուժերը ձգտել են ղարաբաղյան հակամարտությունը լուծել հողերի հանձման գնով, բայց ձախողվել են իրենց հաշվարկներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս շեշտեց, որ այդ ուժերը, որոնց անունները նա դժվարացավ տալ, հասկացել են, որ զենքի ուժով հեշտ չէ ժողովրդին ծնկի բերել, հետ կանգնեցնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունից:

– ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ հանդիպումից հետո շեշտեց, որ «ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է»: Ձեր կարծիքով՝ սա պատահակա՞ն ուղերձ էր՝ հաշվի առնելով խոսակցությունները, որ քննարկվում է 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը:

– Կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունները, ռազմական գործողությունների ակտիվացումը շատ բան փոխեցին: Համենայնդեպս, եթե քննության ես ենթարկում եղած տեղեկությունները, հասկանալի է դառնում, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև շահագրգիռ այլ կողմեր, ձգտում էին ուժային մեթոդով, ինչ-որ ձևով ինչ-որ բանի հասնեին: Ամենայն հավանականությամբ, հավանաբար տարածքների հետ կապված, ուզում էին ուժով ստիպել, որ մենք ենթարկվենք: Իմ կարծիքով՝ այդ ամենը ձախողվեց, մարդիկ հասկացան, որ զենքի ուժով հեշտ չէ ժողովրդին ստիպել, ծնկի բերել, հետ կանգնեցնել խաղաղ ճանապարհից: Միջնորդների մոտ էլ որոշակի փոփոխություններ են առաջացել, հասկացել են, որ հարցը մտել է փակուղի ու գուցե ներկայացրել են նոր տարբերակ, որին մենք ծանոթ չենք:

-Այսինքն՝ կարծում եք, որ Նախագահի շեշտադրումը, որ հարցը կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, իսկապե՞ս պատահական չէր, և որ եղել է հողերի զիջման տարբերակ:

– Հավանական է, որ այդ տարբերակը ծնվել է իրադարձությունների զարգացման արդյունքում, պարզապես Ադրբեջանն ու Ադրբեջանին պաշտպանողները համոզվել են, որ այդկերպ հնարավոր չէ:

– Ովքե՞ր են Ադրբեջանին պաշտպանողները:

– Չեմ կարող վստահ ասել: Ուժեր կան, որոնք Ադրբեջանին ոգևորում են: Դժվար է անուններ ասելը:

– Ինչո՞ւ եք կարծում, որ հակամարտության կարգավորումը՝ տարածքների զիջման գնով, ձախողվեց:

– Կարծում եմ, որ ձախողվեց հենց ժողովրդի, բանակի պինդ ու կայուն մնալու արդյունքում: Նրանք այլ հաշվարկներ ունեին, որ պատերազմը կսկսվի, մի քանի օրում կգան կհասնեն Ստեփանակերտի մատույցները, ժողովրդի մեջ երկպառակություն կսկսվի, ժողովուրդը դուրս չի գա երկիրը պահելու, բայց սխալվեցին: Մարդիկ պայքարեցին իրենց ազատության համար 91-ին, հիմա էլ կպայքարեն, ու հեշտ չէ մի կողմ դնել անցյալը, 25 տարիների պատմությունը, կերտված պետականությունը, հաջողությունները:

– Իսկ Ռուսաստանը կա՞ պետությունների թվում, որոնք, Ձեր խոսքով, աջակցել են Ադրբեջանին, որ հակամարտությունը լուծվի հողերի հանձման հաշվին:

– Չեմ կարող միանշանակ ասել՝ Պուտինն է եղել, թե ով է եղել: Նման փաստ չկա: Ճիշտ է, Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ, բայց մյուս կողմից էլ դժվար է պնդել, թե համաձայնության մեջ են: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն էլ այս տարածաշրջանում շահեր ունի: Թե նրանցից որ մեկն է ինչ-որ բան արել, չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ բան կատարվել է անկասկած է: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, արխիվներ կգաղտնազերծվեն… Ակնհայտ է եղել, որ Ադրբեջանին ոգևորել են, հենց այնպես չեն արվել այդ հայտարարությունները, բայց Ադրբեջանն էլ, իրենց հովանավորներն էլ սխալվել են:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ակտիվացումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

– Դա հասկանալի է: Ռուսաստանը կայսրություն է, որը ձգտում է հետխորհրդային տարածքների վրա ազդեցություն ունենալ: Բնական է, որ Ռուսաստանը ձգտելու է իր խաղը խաղալ Ադրբեջանի վրա, Վրաստանի վրա, Հայաստանի վրա էլ, ու դրան պետք է հանգիստ նայել: Պետություն է, որը ունի իր շահը: Մենք պետք է շատ չոգևորվենք նրանից, որ Ռուսաստանը մեր սահմանները մեր փոխարեն պահելու է: Ամեն ժողովուրդ իր սահմանը պետք է պահի, որ հայրենիքի քաղցրությունը հասկանա:

tert.am

Տպել Տպել