Սիրիական հակամարտութիւնը տեղափոխւում է նոր հարթութիւն

FotorCreatedԹուրքական ԶՈՒ-ի ներխուժումը Սիրիա յուշում է ամբողջովին նոր իրավիճակի մասին, որը ենթադրում է ուժերի կտրուկ վերադասաւորում սիրիական ճգնաժամում՝ յատկապէս, եւ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական յարաբերութիւններում՝ ընդհանրապէս:

Երկու կարծիք լինել չի կարող. սիրիական Ջերաբլուսի շրջանը ԴԱԷՇ-ից «ազատագրելն» ընդամենը պատրւակ է, որը կոչւած է թաքցնելու պաշտօնական Անկարայի թիրախաւորած հիմնական նպատակը:

Փորձենք խնդիրը դիտարկել թուրք ղեկավարութեան յայտարարութիւնների ֆոնին:

Գործողութեան նախօրէին, թուրքական բանակի լիազօրւած անձանցից մէկը յայտարարել է. «Մեզ համար որեւէ տարբերութիւն չկայ ԴԱԷՇ-ի եւ քրդական «YPG»-ի (Ազգային ինքնապաշտպանութեան ջոկատներ) միջեւ: Երկուսին էլ դիտարկում ենք որպէս ահաբեկչական կառոյց եւ պայքարելու ենք դրանց դէմ»:

Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վերջին գործողութիւնները, ասել է. «Նկատում ենք, որ որոշակի նոր շարժ կայ: Թուրքիայի հարաւում փորձեր են արւում քրդական ինքնավար միաւորումներ ստեղծելու: Թուրքիան սա երբեք չի ընդունի»:

Իսկ գործողութեան մեկնարկից յետոյ Էրդողանը, մասնաւորապէս, յայտարարել է, որ իրենք պայքարելու են Սիրիայի տարածքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման անդամների ու քրդական ազգային ջոկատների (PYD/YPG) վերացման համար:

Աւելի ուշագրաւ է արտգործնախարար Չաւուշօղլուի յայտարարութիւնը. «Սիրիայի քրդական ուժերը պէտք է հեռանան Եփրատից արեւմուտք ընկած հատւածներից եւ գնան արեւելք: Եթէ դա չիրականանայ, Անկարան կանի անհրաժեշտ ամէն բան»:

Ուշադրութիւն դարձրէք թուրք դիւանագէտի աշխարհագրական սահմանումին՝ ԵՓՐԱՏԻՑ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԸՆԿԱԾ ՀԱՏՒԱԾՆԵՐ: Սրան գումարէք Թայիբ Էրդողանի այն պնդումները, թէ իր գործողութիւններով Թուրքիան կանի ամէն ինչ՝ պահպանելու համար Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն ու պարզ կը դառնայ հիմնական նպատակը՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ՎԻԺԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՒԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԻԱՒՈՐԻ ՀՆԱՐԱՒՈՐ ՍԱՂՄՆԱՒՈՐՈՒՄԸ:

ԴԱԷՇ-ի դէմ գործողութիւնն ընդամենն այն երաշխիքն է, որը կոչւած է ապահովելու գլխաւոր նպատակի այսպէս կոչւած «թիկունքը»:

Սիրիական ճգնաժամում, ստեղծւած նոր իրավիճակի խճանկարը, սակայն, չի ամբողջանայ, եթէ, իհարկէ, հաշւի չառնենք քրդերի դիրքորոշումը:
«Դրանք քրդական շրջաններ են, որոնք քրդերն ազատագրել են ահաբեկիչներից արիւնալի մարտերի արդիւնքում: Ինչո՞ւ մենք պէտք է այնտեղից դուրս գանք Թուրքիայի պահանջով: Թուրքիան անօրինական ներխուժել է Սիրիայի հիւսիս եւ հիմա իր պայմաններն է թելադրում»,- ասել է քրդական «PYD»-ի ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին՝ չբացառելով քրդական աշխարհազօրայինների եւ թուրքական ԶՈՒ-ի միջեւ բախումները:

Իրականում, տարածաշրջանը կանգնած է բոլորովին նոր պատերազմի ուրւականի դէմ- յանդիման, որը կարող է պայթել ցանկացած կայծից՝ որեւէ պահի: Միայն, թէ այս անգամ այն, միանշանակօրէն, չի սահմանափակւելու Սիրիայի սահմաններում:

Հաւանական պատերազմն անկասկած ունի անհրաժեշտ ներուժ՝ տեղափոխւելու նաեւ Թուրքիայի հարաւային ու հարաւ-արեւելեան շրջաններ, ինչպէս նաեւ Իրաքի քրդական ինքնավարութեան տարածք:

Իրավիճակի ընկալումն աւելի է բարդանում, երբ հաշւի ենք առնում այն հանգամանքը, որ իր այս քայլով, պաշտօնական Անկարան փաստացի վերանայման է ենթարկել տարածաշրջանային իր դաշնակիցների ցուցակը:

Այս գործողութիւնն անկասկած չէր կարող կայանալ, եթէ, իհարկէ, Թուրքիան այն որոշակիօրէն համաձայնեցրած չլինէր մի կողմից՝ Թեհրանի եւ Մոսկւայի հետ, իսկ միւս կողմից՝ ԱՄՆ-ի հետ: Սա ակնյայտօրէն նշանակում է, որ գոնէ այս հանգրւանում Թուրքիան որոշել է մոռանալ Սաուդական Արաբիայի մասին, որը սիրիական ճգնաժամից ի վեր համարւում էր Անկարայի մերձաւորագոյն դաշնակիցը:

Ինչպէս «BBC»-ի իրանական ծառայութիւնն է ներկայացրել իր վերլուծական ակնարկում, թերեւս հէնց դա է պատճառը, որ պաշտօնական Ռիադի խօսնակը համարւող «Ալշարղ ալ-Օսաթ» պարբերականն Անկարային զգուշացրել է իր բնութագրմամբ «Ճակատագրական ու անդառնալի» սխալի մասին, որը թոյլ է տալիս Սիրիայում:
«Խնդիրն այնքան էլ պարզ չէ, ինչ պատկերացնում է Թուրքիան: Այս գործողութիւնը կարող է դառնալ նոր պատերազմի սկիզբ»,- գրել է արաբական աշխարհի ամենահեղինակաւոր պարբերականներից մէկը (Մէջբերումն անուղղակի է Ա. Շ.):

Այս բոլորին պէտք է աւելացնել եւս մէկ հանգամանք. արաբական ԶԼՄ-ներն անդրադառնալով Բայդէնի այցին Անկարա, հիմնականում փորձել են ընդգծել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի փոխնախագահն Անկարային հասկացնել է տւել, թէ Սիրիայում քրդերն համարւում են Վաշինգտոնի դաշնակիցներն ու ԿԱՐՄԻՐ ԳԻԾ-ը:
Այս բոլորի հանրագումարն այնքան էլ ոգեւորիչ չէ:

Եթէ պաշտօնական Ռիադը որոշի, թէ սիրիական ճգնաժամում իր դիրքերը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է աջակցել քրդերին՝ Թուրքիայի դէմ հաւանական պատերազմում, ապա, մենք, անկասկած ականատեսը կը լինենք բոլորովին նոր հարթութիւն տեղափոխւող, նոր ձեւաչափի հակամարտութեան, որը կարող է առաւել ամրացնել սիրիական ճգնաժամի «գորդեան հանգոյց»-ը՝ աւելի բարդացնելով ճգնաժամի հիմնական խաղացողների յարաբերութիւնները:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Տպել Տպել