ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին ԼՂ անկախության ճանաչման եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին այդ գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Կառույցի գործադիր տնօրեն Վաչե Ղարհրամանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնախմբին ներդրած ջանքերի համար, որոնց շնորհիվ Ավստրալիայի ամենախոշոր նահանգ Նոր Հարավային Ուլեսը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ԼՂՀ ճանաչմանն ուղղված գործընթացին: Մենք համոզված ենք, որ նախկինում ԼՂՀ աջակցմանն ուղղված ջանքերը կշարունակվեն նույն եռանդով եւ ապագայում: Նման գործողությունները ոչ միայն լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը, այլ նաեւ զգալիորեն ներգործում են` բարձրացնելու մեր քաղաքացիների բարոյական վիճակը»,-շեշտել է Բակո Սահակյանը:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նախագահ Սահակյանին հավաստիացրել է, որ «Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը եւ իր մասնաճյուղերի ցանցը կշարունակեն ջանքերը` հասնելու ԼՂ անկախության ճանաչմանը. Ղարաբաղը մշտապես մեր մտքում է եւ հայ-ավստրալական համայնքն աջակցություն կցուցաբերի ԼՂՀ կառավարությանը եւ նրա հպարտ ժողովրդին»:

Տպել Տպել