4-րդ և 9-րդ դասարանի քննությունները բանավոր կլինեն

տնօրենները գոհ են փոփոխություններից

FotorCreatedՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շարունակում է հանդիպել դպրոցների տնօրենների հետ` օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում: Այսօր ԿԳ նախարարը օգոստոսյան քննարկումներ անցկացրեց Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ:

Նախարարը նշեց, որ, ըստ էության, այն բոլոր ծրագրերը, որոնց մասին կանխավ խոսվել էր, բավականմեծ ծավալով կատարված են, և հիմա արդեն տնօրեններին է ներկայացվում փոփոխությունների ողջ փաթեթը: «Հիմնական դպրոցների համար, մասնավորապես, կարևոր է 4-րդ և 9-րդ դասարանների քննությունների ձևաչափի փոփոխությունը` թեստային քննությունները վերացնում ենք և անցնում բանավորի, որպեսզի երեխաները կարողանան իրենց «ես»-ն ունենալ: Իսկ թեստային համակարգն ավելի շատ կլինի ավագ դպրոցում, քանի որ հիմնական դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկը քաղաքացու և անձի դաստիարակումն է»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա` ուսուցիչների և տնօրենների ընտրության կարգն է փոխվել, նաև ուսումնական պլաններում են կատարվել փոփոխություններ: Նախարարը տեղեկացրեց, որ, նախ, ավագ դպրոցի ուսումնական ծրագրում փոփոխություններ կլինեն, և հետո նոր միայն կփորձեն չափորոշիչային ձևաչափն իջեցնել հիմնական դպրոց: «Մենք գրեթե պատրաստ ենք, և այս տարվա ընթացքում հույս ունեմ, որ կընդունենք ազգային կրթակարգ, որում յուրաքանչյուր առարկան կունենա իր հիմնավորվածությունը` մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների տեսակետից` լինի ազգային բնույթի, քաղաքական, թե` տնտեսական»,- ասաց նախարարը:FotorCreated

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նշեց, որ օգոստոսյան խորհրդակցություններն արդեն ավանդույթ են դարձել, և դրանց հիմնական նպատակը ձեռքբերումների ու խնդիրների մասին բարձրաձայնելն է: «Բոլորս էլ գիտենք, որ դպրոցներում կան խնդիրներ, հիմնականում` վերանորոգման աշխատանքների ուղղությամբ: Դպրոցների որոշ մասը` շուրջ 40 տոկոսը, վերանորոգված են, բայց 60 տոկոսում ունենք հարմարավետության խնդիր: 3 տարի առաջ, ՀՀ նախագահի առաջարկով, Երևանի բոլոր դպրոցները ջեռուցվեցին, և եթե մենք 21-րդ դարում ունեինք դպրոցներ, որոնք չէին ջեռուցվում, հիմա արդեն մեր առջև ծառացած առաջին խնդիրը համարում ենք լուծված: Ինչ վերաբերում է դպրոցների վերանորոգմանը, ապա ասեմ, որ եթե նախկինում համայնքային բյուջեից չէր նախատեսվում գումար դրանց համար, և միայն պետբյուջեից էր գումար տրամադրվում, ապա այս տարի արդեն համայնքային բյուջեից էլ է նախատեսվում որոշակի գումար»,- ասաց քաղաքապետը` հավելելով, թե համոզված է` հաջորդ տարիներին կկարողանան հասնել նրան, որ երեխաներն ավելի նորմալ պայմաններում հաճախեն դպրոցներ:

Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի տնօրեն Միհրան Փաշոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին առաջին խնդիրը սեպտեմբերի 1-ը տոնական տրամադրությամբ դիմավորելն է, քանի որ` ինչպես դիմավորում ես տարին, այնպես էլ անցնում է: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի առաջարկած փոփոխություններին, ապա Փաշոյանը նշեց, որ հիմնական գաղափարների հետ համամիտ է, մասնավորապես` բանավոր քննակարգին անցնելու մտքի հետ: «Դպրոցը թեստային կաղապարներից պետք է ազատ լինի, դպրոցն այն հաստատությունն է, որ պետք է մի քիչ ներքին ազատություն ունենա: Բանավոր քննությունը երեխայի խոսքի կուլտուրան, հայերենի իմացության մակարդակը զարգացնում է, անգամ` եթե նա «Պատմություն» առարկան է բանավոր հանձնում: Բացի այդ` բանավոր քննությունների շնորհիվ կարողանում ես ավելի օբյեկտիվ գնահատել երեխայի գիտելիքները»,- ասաց նա:

Փաշոյանի կարծիքով` ողջունելի էր նաև տնօրենների հավաստագրման քննությունները վերապատրաստմամբ փոխարինելու միտքը, քանի որ, ըստ նրա, տնօրենի` 5 տարին մեկ քննություն հանձնելը ձևական բնույթ կկրեր: «Ի վերջո, տնօրենի աշխատանքի վերջնական գնահատականը ոչ միայն իմացությունն է, օրենսդրական դաշտին տիրապետելը, այլ նաև երեխաների հետ շփվելու, մանկավարժական կոլեկտիվը ղեկավարելու ունակությունը: Կարծում եմ, որ, այո, մեկ անգամ պետք է ստուգել տնօրենի գիտելիքները, իսկ դրանից հետո ուղղակի հարցազրույց անցկացնել նրա հետ: Ես, օրինակ, 18 տարի է` աշխատում եմ, և բավականին սթրեսային վիճակ էր ինձ մոտ քննությունը հանձնելուց առաջ»,- ասաց դպրոցի տնօրենը:

Հարցին, թե 2017-ին սպասվում են ընտրություններ, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի դպրոցը հեռու մնա քաղաքականությունից, Փաշոյանը պատասխանեց, որ դպրոցից դուրս` որպես քաղաքացի, յուրաքանչյուրն ազատ է իր դիրքորոշման մեջ, սակայն դպրոցը, ինչպես եկեղեցին, սուրբ տեղ է, և պետք է նման հարցերից խույս տալ: «Մեր դպրոցում այդ խնդիրը չկա: Դպրոցը քաղաքականությունից դուրս հաստատություն է, և մեր կոչումը երեխա դաստիարակելն է: Դպրոցից դուրս, խնդրեմ, թող մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտեն»,- ասաց նա:

Փաշոյանը նշեց նաև, որ, որպես առաջարկություն, կուզենար բարձրաձայնել տնօրենների ներքին ինքնուրույնության ավելացման մասին: Ըստ նրա` ճիշտ է, մենք հաճախ մոռանում ենք մեր պարտականությունները կատարել և միայն իրավունքների մասին ենք խոսում, սակայն իրավունքն ու պարտականությունը պետք է զուգակցվեն:

Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Բեկնազարյանն էլ նշեց, որ դպրոցն ամբողջությամբ պատրաստ է ուսումնական տարվա մեկնարկին: «Դասագրքերով ապահովված ենք, դասարանները կահավորված են, նոր գույք ենք ստացել, տարրական դասարանների սանհանգույցները վերանորոգվել են, բուժկետը պատրաստ է, դեղորայքը պոլիկլինիկայից ստացել ենք, երեխաների անձնական գործերը կան, մեկ շաբաթ է` հանդիպումներ ենք կազմակերպում 1-ին դասարանցիների հետ, որպեսզի սեպտեմբերի 1-ն անակնկալ չլինի նրանց համար»,- ասաց նա:

Բեկնազարյանի կարծիքով` ԿԳ ոլորտում արված փոփոխությունները տեղին որոշումներ էին, քանի որ դրանք բավական երկար ժամանակ մտահոգել են տնօրեններին, մասնավորապես` քննությունների թեստային համակարգը: «Ես երկու ձեռքով կողմ եմ, որ պետք է բանավոր անցկացվեն քննությունները, և դու երեխայի խոսքը լսես, տեսնես` ինչպե՞ս է մտածում, հատկապես` գրականության առարկայի դեպքում: Ինչպե՞ս կարելի է միայն մեկ նշան դնելով` հասկանալ` երեխան Թումանյան կամ Տերյան գիտի՞»,- ասաց նա:

Դպրոցի տնօրենը նշեց նաև, որ իրենց դպրոցը ռուսերենով խորացված ուսուցում իրականացնող դասարաններ ունի, և դրսից եկած երեխաները, մինչև ինտեգրվելը, խնդիր են ունենում քննությունների հետ. նրանք քննությունները հանձնում են հայերենով և հայերեն թեստերով: «Նրանք նույն քննությունն են հանձնում, ինչ մյուս երեխաները, բայց պետք է հաշվի առնենք այն, որ հայոց լեզվի դասաժամերը քիչ են նրանց մոտ, և կուզեի` նախ դրանց քանակն ավելանար, և եթե հնարավոր է, նրանց քննությունը կազմակերպվեր ռուսերենով` մինչև նրանք կինտեգրվեին և հայերենին էլ կտիրապետեին բավարար չափով»,- խոսքն ամփոփեց Բեկնազարյանը:

Ի դեպ, ԿԳ նախարարն այսօր կհանդիպի նաև ավագ դպրոցի տնօրենների հետ:

Տպել Տպել