ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Սևծովյան տարածաշրջանի համագործակցության երկրների ժողովին

FotorCreatedՍույն թվականի օգոտսոսի 25-ից 28-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union Of Socialist Youth) Սևծովյան տարածաշրջանի համագործակցության երկրների ժողովը:

Ժողովի կարգախոսն էր «Պայքար կաշառակերության և անարդարության դեմ»: Ժողովին մասնակցում էին ավելի քան 20 մասնակից 10 անդամ կազմակերպություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Բելառուսից և այլուր:

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ՝ Կարապետ Շատոյանը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Հայկուհի Նալբանդյանը։

Օրակարգում ներառված էին տարածաշրջանի համար այնպիսի առաջնահերթ հարցեր, ինչպիսիք են կաշառակերությունը, մարդու իրավունքները, տարածաշրջանային հակամարտությունները, ընկերային ցանցերում ակտիվույթյունը և այլն: Մասնավորապես արձանագրվեց, որ տարածաշրջանի անկայուն վիճակը մեծապես կախված է հակամարտություններից, և որպես օրինակ նշվեց նաև Արցախի խնդիրը:

ՀՅԴ Երիտասարդականը իր դիրքորոշման մեջ նշեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և խնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին: Կոչ արվեց ցուցաբերել հանդուրժողականություն և միասին պայքարել հանուն տարածաշրջանի կայուն ապագայի: Նաև խոսվեց ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստան- Եվրոմիություն հարաբերությունների մասին:

Մասնակիցները այցելեցին Ռումինիայի խորհրդարան, ինչպես նաև տեղի ունեցան հանդիպումներ Ռումինիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության և Արհեստակցական միության անդամների հետ:

Երիտասարդները համոզում հայտնեցին, որ հարգելով ժողովրդավարական արժեքները իրենց երկրներում կարող են հասնել կարևոր փոփոխությունների, և քանի որ ժողովրդավարությունը ժամանակի հրամայականն է, ապա հենց իրենցից է կախված այդ փոփոխությունները:

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

Տպել Տպել