Անկախության ուղին այլընտրանք չուներ

ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ մեր հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ ԲԱԼԱՅԱՆԻ հետ

kayq -Պրն Բալայան, այս տարի տոնում ենք ԼՂՀ հռչակման 25-ամյակը, ի՞նչ տոն է այն Ձեզ համար: Այսօր, քառորդ դար անց, ինչպե՞ս եք արժևորում մեր կատարած ընտրությունը:

-Իմ խորին համոզմամբ, 25 տարի առաջ ԼՂՀ հռչակումը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձավ: Իրագործվեց բազում սերունդների դարերի երազանքը: Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում հաջողվեց ոչ միայն փրկել մեր հայրենիքի մի մասը, այլև ազատագրել պատմական հայրենիքի մի փոքրիկ հատվածը, որն այսօր մեր հանրապետության անբաժան մասն է: Այնպես որ` դա մեծ ձեռքբերում էր, ինչն իրականություն դարձավ ողջ հայության ներուժի կենտրոնացման շնորհիվ: Մեր ընտրած ճանապարհը՝ տնտեսական, քաղաքական դժվարություններով հանդերձ, ճիշտ էր: Իհարկե, մենք այսօր բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն, սակայն դրանք չպետք է շեղեն մեզ հիմնական ճանապարհից:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն կար, որ բոլոր հարցերին հեշտ ու հանգիստ լուծումներ են տրվելու: Իհարկե, դա չկատարվեց: Որպես հասարակագետ, ես այդ ամենին հանգիստ եմ նայում, որովհետև հասարակական զարգացման գործընթացները ոչ միշտ են համապատասխանում ժողովրդի երազանքներին, սա օրինաչափություն է: Աշխարհի շատ ժողովուրդներ այդ ճանապարհն են անցել: 25 տարին փոքր ժամանակահատված չէ, սակայն մյուս կողմից էլ բավարար չէ մեր երազանքների իրագործման հնարավորությունների առումով: Կարևորն այն է, որ ունենք պետականություն, և այն ամեն օր ու ամեն ժամ պետք է հղկել և ձգտել կատարելության հասցնել:

-Անկախության տարիների ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեիք:

-Մենք մեր պետությունն ի սկզբանե կառուցել ենք իրավական տեսանկյունից գրագետ հաջորդականությամբ` հիմքում ունենալով անկախության, պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքները: Ընդհանրապես, մեր ժողովրդի անկոտրում կամքն ու լավատեսությունը միշտ էլ եղել են մեր բոլոր հաջողությունների հիմքում, իսկ նրա անվտանգության երաշխավորը մեր ամենամեծ ձեռքբերումն է` ուժեղ և մարտունակ բանակը:

-Ո՞րն եք համարում պետականաշինության տարիներին թույլ տրված ամենամեծ սխալը:

-Ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ մենք խորհրդարանական կառավարումից անցանք կիսանախագահականին: Իմ համոզմամբ, կառավարման այդ մոդելը պատմականորեն արդարացրել էր իրեն, քանի որ խորհրդարանական պետությունն առավել ժողովրդավարություն և իշխանության ու ժողովրդի առողջ փոխհարաբերություն է ենթադրում: Երկրորդ սխալը ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված քաղաքական գործընթացներին է առնչվում: Մեր դիվանագիտության սխալների պատճառով մենք դուրս մնացինք հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից: Ինչպես հայտնի է, դեռևս ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում մենք ներկայացվել էինք որպես հակամարտության կողմ, բացի այդ, ՄԱԿ-ն ունի երեք բանաձև, որոնցում նշված է, որ Ղարաբաղյան պատերազմն ընթանում էր Ադրբեջանի և տեղական ուժերի միջև, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համաշխարհային հանրությունն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ոտքի է կանգնել և սեփական ուժերով փորձել պաշտպանել իր անկախությունը: Կատարվեց աններելի սխալ: Այնպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր վրա վերցրեց բանակցային գործընթացը, և գործնական քայլերի բացակայության պայմաններում, փաստորեն, հետագա տարիներին այն գնաց ճահճացման ու հայտնվեց փակուղում: Որպես սխալներից մեկը պետք է նշել նաև, որ մենք, ցավոք սրտի, հասարակական ու տնտեսական կյանքը կառուցեցինք` որդեգրելով բոլշևիզմի սկզբունքները` ամեն ինչ ոչնչացնելով ու սկսելով զրոյից: Հրաժարվեցինք պետական սեփականությունից և փորձեցինք մեր կյանքը կազմակերպել մասնավոր սեփականության հիմքերի վրա, ինչը սխալ էր, և, իմ կարծիքով, նաև դրանով է պայմանավորված, որ մենք չենք կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Գտնում եմ, որ պետք է մեկ հարթության վրա դնել տնտեսավարման երեք` պետական, մասնավոր ու կոոպերատիվ սեփականության ձևերը: Այդ դեպքում միայն մենք կապահովենք տնտեսական մրցակցություն, և երկիրն ավելի արագընթաց կզարգանա:

-Արցախյան շարժումն սկսվեց Հայաստանի հետ միավորման գաղափարով: Սակայն հետո իրադարձություններն այլ ընթացք ունեցան: Հնարավոր համարո՞ւմ եք ապագայում երկու հայկական հանրապետությունների միավորումը:

-Իհարկե, Շարժումը մենք սկսեցինք միացման գաղափարով։ Ես համոզված եմ, որ ժողովրդի մոտ այսօր էլ կենսունակ է այդ գաղափարը: Ճիշտ է, մենք տարբեր գործոնների ազդեցությամբ ստիպված եղանք մեր պետական-հասարակական կյանքը կազմակերպել այլ եղանակով, ինչը չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեկ միասնական հայրենիքի գաղափարից, և ինձ թվում է, որ ԼՂՀ ձևավորումն ու ամրապնդումն այս ճանապարհի մի հատվածն է, քանի որ Հայաստանի հետ վերամիավորվելու և պետականության գաղափարներն առանձին երևույթներ չեն։ Սա բավական դժվար գործընթաց է, և մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախի ժողովուրդն արժանի է ինքնուրույն ապրելու և պետականություն ունենալու։

-Ապրիլյան պատերազմը դժվար փորձություն եղավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ողջ հայության համար: Ձեր կարձիքով, ինչպե՞ս դուրս եկանք այդ փորձությունից և ի՞նչ դասերով:

-Ապրիլան պատերազմից մենք պատվով դուրս եկանք: Այստեղ պետք է հաշվի առնել, որ հանկարծակի հարձակվողը միշտ էլ առավելություն է ունենում: Մեր զինվորի անվեհեր ոգու և անձնուրաց հայրենասիրության շնորհիվ այդ առավելությունը զրոյի հասցվեց: Իմ խորին համոզմամբ, ռազմական գործողությունների շարունակման դեպքում դրանք թշնամու տարածքներ էին փոխադրվելու: Միաժամանակ, այդ օրերի ընթացքում մենք նաև մեր սխալներն ու թերացումները բացահայտեցինք, որոնք խաղաղ օրերում այնքան էլ չեն երևում. դրանք և՜ առաջնագծում համապատասխան կահավորանքի, և տեխնիկական միջոցների բացակայությունն է, և նոր զինատեսակների անհրաժեշտությունը, և՜ նոր զինվորական միավորումների ստեղծումը:

– ԱԺ պատգամավորներն այսօր հետևո՞ւմ են այդ սխալների ու թերացումների վերացմանը:

-Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին թե՜ մեր հանրապետության, թե՜ ՀՀ խորհրդարանականները բավական ակտիվ ներգրավված են մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու գործընթացին: Խորհրդարանում ունենում ենք փակ քննարկումներ, որոնց ընթացքում բարձրաձայնվում են խնդրահարույց հարցերը: Մենք նաև հետևում ենք բանակի հզորացման նպատակով հանգանակված գումարների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Իհարկե, ի սկզբանե էր պետք այսպիսի աշխատաոճ որդեգրել` բազմաթիվ սխալներից խուսափելու համար:

– Ո՞րն է այսօր մեր ամենագլխավոր անելիքը:

– Մենք պետք է դառնանք բանակ-պետություն: Հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն պետք է զգա որպես հայրենիքի զինվոր: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ սա մեր պատերազմն է և մենք պատվով պետք է այն ավարտին հասցնենք: Այսօր պատերազմական իրավիճակում է աշխարհի մեծ մասը: Եվրոպական երբեմնի ամենախաղաղ քաղաքներն այսօր ապրում են ահաբեկչական նոր պայթյունների սպասումով, իսկ մեր թշնամին կանգնած է ճակատից այն կողմ: Նորից կրկնեմ, ունենք բազմաթիվ դժվարություններ, սոցիալ-տնտեսական անհաղթահարելի թվացող խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելի են, եթե կան սեփական հողը չլքելու կամք և վճռականություն:

– Մեր հասարակությունն այսօր ամենաշատը մտահոգված է տարածքային զիջումների մասին խոսակցություններով և ոչ թե սոցիալ-տնտեսական հարցերով: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Հողեր հանձնելու մասին խոսակցությունները գալիս են դրսից, դրանք հրամցվում են մեր ժողովրդին` փորձելու ստուգել նրա դիմադրողականությունն ու հետևել արձագանքին: Ամբողջ աշխարհում չկա մի նախադեպ, երբ Սահմանադրությամբ ամրագրված տարածքը հանձնվում է մեկ այլ երկրի: Պետք չէ պարտվողական մտածելակերպ ունեցողներին հետևել, նման պահվածքը կործանման կարող է տանել: Մեր ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արդեն քառորդդարյա հերոսական պատմություն ունեցող մեր անկախ հանրապետությունն ունի հստակ ամրագրված տարածքներ, որոնք պաշտպանվում են` առանց հաշվի առնելու, թե երրորդ երկրներն այս առնչությամբ ինչ դիրքորոշում ունեն: Այս մտածելակերպով միայն մենք հաջողությունների կհասնենք բոլոր ուղղություններով:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

aparaj.am

Տպել Տպել