ՀՅԴ թեկնածու Արթուր Աթայանը հաղթող թեկնածու է

FotorCreatedԿապանում հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թվում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արթուր Աթայանը եւս: Նրա շտաբի պետ Սասուն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ ՀՅԴ թեկնածուն հաղթող թեկնածու է, իհարկե, մրցակիցներին չեն թերագնահատում:
Անդրադառնալով փաստին, որ նախորդ ընտրությունների ժամանակ Աթայանը դարձյալ առաջադրվել էր, սակայն ինքնաբացարկ հայտնեց, մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց մի շատ կարեւոր փաստի վրա:

«Անցած ընտրություններին Արթուր Աթայանը ինքնաառաջադրվել էր, եւ երբ ընտրական գործընթացներում իրավիճակը խորացավ, նա որոշեց ընդհանուր մթնոլորտը չշիկացնելու համար դուրս գալ ընտրապայքարից: Այսօր, սակայն, Արթուր Աթայանը կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն է․ ՀՅԴ-ի որոշմամբ է առաջադրվել։ Կուսակցությունը վճռական է ու մինչև վերջ ընտրական գործընթացին մասնակցելու է»,- նշեց Մանուկյանը:

Այն ժամանակ իրավիճակը հույս չէր ներշնչում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, հիմա՝ այս 4 տարվա ընթացքում, շատ բան է փոխվել, համակարգն է փոխվել, փոփոխված Սահմանադրությունն էլ հնարավորություն է տալիս ինքնուրույն գործելու և իրավիճակ փոխելու: Դաշնակցությունն ունի բավարար ռեսուրս ընտրական տեղամասերում, օրենքի տառին համապատասխան, ընտրություն կազմակերպել, և կարծում եմ՝ օրինական արդյունքները ամրագրելու դեպքում մենք հաղթելու ենք, որքան էլ փորձ արվի ինչ-ինչ ճանապարհներով ճնշումներ գործադրել պետական և համայնքային ենթակայության աշխատողների նկատմամբ»,- շարունակեց Սասուն Մանուկյանը:

Մեր զրուցակցի կարծիքով` ինչքան էլ փորձեն համայնքային աշխատողներին ճնշել, նրանք գիտեն, որ Արթուր Աթայանը «կադրային ջարդ չի իրականացնի»:

«Համայնքային հասարակ աշխատողը գիտի, որ իրեն աշխատանքից ազատում չի սպառնում, այսինքն` Արթուր Աթայանի ընտրվելու դեպքում կադրային ջարդ չի իրականացվելու»,- ասաց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, մեր զրուցակիցը նշեց, որ 15 տեղի համար պայքարելու է 6-7 տասնյակ հավակնորդ:

yerkir.am

Տպել Տպել