ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

FotorCreatedԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ երեկ՝ օգոստոսի 30-ին, խորհրդարանի հինգ խմբակցության պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների եւ Արցախում գտնվող նրանց գործընկերների հետ։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դ.Իշխանյանը, ով կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը:

«Մենք այս նախաձեռնությամբ նպատակ ունեինք մտքերի փոխանակության արդյունքում նոր լիցք հաղորդելու 25 տարիների մեր միասնական աշխատանքին»,- նշել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը:

Հանդիպման սկզբում պատգամավորները ներկայացրել են Արցախի 25 տարիների անցած ուղին:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, որովհետեւ դուք ամեն օր պայքարում եք հանուն ազատության, հանուն ժողովրդավարության եւ հանուն Արցախի բարգավաճման,- նշել է Ամերիկահայ հայտնի գրող, 18 վեպերի հեղինակ Քրիս Բոհջալյանը եւ շեշտել,- Արցախը սփյուռքահայերիս սրտում եւ հոգում է: Մենք ձեր թիկունքում ենք»:

Հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանի խոսքով՝ հինգօրյա խմբային այցելությունը ծառայում է մի քանի նպատակների, սակայն ամենակարեւորը, նրա կարծիքով, այցելություններն են Արցախի ազատագրված շրջաններ։ «Մենք ծանոթացանք տեղի հիմնախդիրներին, որոնք եւ հիմք կհանդիսանան նոր ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է նա։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն իր զանազան ծրագրերով մեծ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքներում: Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով ՝ այսօր հիմնադրամը, առաջին հերթին, պետք է աշխատի տնտեսական զարգացման տեմպերն արագացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում շրջանառող այն թյուր տեսակետին, որ իբր ՀՀ եւ Արցախի իշխանությունները պատրաստ են փոխզիջման, հանդիպմանը ներկա վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել է, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերն ազատագրված տարածքներում լրացուցիչ երաշխիքներ են, որ ոչ մի զիջում չի լինելու։

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձեւաչափով: Ներկա բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց կուսակցությունների տեսակետներն ու դիրքորոշումներն են ներկայացրել Արցախի հիմնահարցի, տնտեսական զարգացման ուղիների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ:

aparaj.am

Տպել Տպել