Քրդական բռնաբարւած երազանքը

FotorCreatedՍիրիայի տարածք, թուրքական ԶՈՒ-ի ներխուժման արդիւնքում, կրկին անգամ, մեր դէմ վեր յառնեց այսպէս կոչւած «Realpolitik»-ի դառը իրականութիւնը, որը, կոնկրետ, Թուրքիայի գործողութիւնների հետ կապւած ի յայտ բերեց երկու իրականութիւն.

Առաջին- Պարզ տրամաբանութիւնը յուշում է այն մասին, որ Սիրիայում, թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնները կտրուկ հակասում են միջազգային իրաւունքի ամենահիմնարար սկզբունքներին եւ օրէնքներին: Դա դատապարտելի արարք է, որը միանշանակօրէն պէտք է արժանանայ համարժէք եւ համաչափ արձագանգի՝ միջազգային հանրութեան կողմից:

Սա, անշուշտ, տեղի կունենար, եթէ, իհարկէ, չլինէին Սիրիայի հետ կապւած որոշակի շահեր ու նախագծեր, որոնք թոյլ են տալիս անտեսել Անկարայի ակնյայտ ագրեսիան՝ ընդդէմ Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան:

Փաստօրէն, Իսրայէլից յետոյ, Թուրքիան թերեւս Մերձաւոր Արեւելքի այն եզակի պետութիւնն է, որն իր անմիջական շահերից ելնելով, յաճախակի կոպտօրէն խախտում է միջազգային ընդունւած նորմերը եւ օրէնքներն ու երբեւէ չի պատժւում դրա համար:
Երկրորդ- Դա հիմնականում պայմանաւորւած է պահի ճիշտ ընկալմամբ, քաղաքական գրեթէ կատարելագործւած «pragmatism»-ով, եւ սեփական հնարաւորութիւնները ճիշտ գնահատելու, գերտէրութիւնների շահերի տիրոյթում խաղալու, մանեւրելու եւ խուսանաւելու Թուրքիայի կարողականութեամբ:

Իսկ ինչի կարողացաւ հասնել Անկարան այս անգամ:

Գաղտնիք չէ, որ պատմութեան ընթացքում քրդերը երբեւէ այսքան մօտ կանգնած չեն եղել անկախ պետական միաւորի ստեղծմանը:
Իրաքում, քրդական ինքնավարութիւնը դէ ֆակտօ՝ ինչ-որ տեղ անկախ պետական միաւորում է, իսկ սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, Սիրիայի հիւսիսում քրդերը փորձում էին ստեղծել իրաքեան Քրդստանի սիրիական տարբերակը:

Դրա համար, ինչպէս փորձագէտներն են յուշում, անհրաժեշտ էր, որպէսզի միաւորւեն Ջեզիրէի, Կոբանիի եւ Աֆրինիի շրջանները՝ ձեւաւորելու համար Ռոջաւան՝ Սիրիայի քրդերի պետական միաւորումը: Նրանց ջանքերն ուղղւած էին հէնց դրան:

«Եփրատի վահան» անւանումը կրող թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնը կոչւած էր վիժեցնելու հէնց այդ միաւորումի ձեւաւորումը:

Ջերաբլուսի գրաւումով, Անկարային յաջողւեց տեւական ժամանակով արգելակել Սիրիայի հիւսիսային շրջանում քրդական ինքնավար՝ ապագայում նաեւ ինքնիշխան պետական միաւորումի ստեղծումը: Դեռ աւելին, քիչ չեն այն փորձագէտները, որոնց կարծիքով՝ Թուրքիան, Սիրիայի տարածքում հիմնովին տեղակայւելու պլաններ ունի:

Նրանցից ոմանք չեն զարմանայ, անգամ, եթէ Անկարան Ջերաբլուսը բռնակցի իր տարածքին, ինչը, վերջնականապէս ու հիմնաւոր սեպ կը մտցնի Սիրիայի քրդաբնակ շրջանների աշխարհագրական քարտէզում՝ այդ տարածքների վրայ քրդական միացեալ պետական միաւորի ստեղծումը փաստացի դարձնելով անհնար (Անուղղակի մէջբերում քաղաքագիտութեան դոկտ. Հայկ Մարտիրոսեանի վերջին հարցազրոյցից-Ա.Շ.):

Ներկայ դրութեամբ, Անկարայի դիրքային առաւելութիւնը հիմնականում պայմանաւորւած է ռուս-ամերիկեան տարածաշրջանային շահերի հակասութիւնը սեփական շահերի օգտին շահագործելու Անկարայի նուրբ ու բարդ մարտավարութեամբ, ինչը քրդական շահերը մղեց երրորդական-չորրորդական պլան:

Պետական անկախ միաւորում ունենալու քրդերի տասնամեակների երազանքի փաստացի բռնաբարումն այն գինն էր, որը վճարեցին ռուսները, եւ յատկապէս ամերիկացիները (որոնց ամենավստահելի դաշնակիցը Սիրիայում համարւում էին հէնց քրդերը)՝ Անկարայի համընթացութիւնը շահելու համար:

Իհարկէ, սա ամենեւին էլ չի նշանակում, որ խաղը վերջնականապէս աւարտւած է: Ընդհակառակը՝ սա ընդամենը որակական նոր հարթութիւն տեղափոխւած ռազմավարական նուրբ ու չափազանց բարդ շախմատային պարտիայի մեկնարկն է, որի ելքը ոչ ոք չի կարող կանխատեսել:

Չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, որ քրդերը համարւում են Արեւմուտքի՝ ընդհանրապէս, իսկ ԱՄՆ-ի՝ յատկապէս տարածաշրջանային նոր ու հեռանկարային դաշնակիցները, որոնց վրայ է որոշակիօրէն կառուցւում Մերձաւոր Արեւելքի հետ կապւած Արեւմուտքի ամենահեռահար նախագծերը:

Սակայն, նախագիծ բառի իմաստն արդէն իսկ յուշում է, որ այն ցանկացած պահի կարող է փոփոխութեան ենթարկւել կամ չեղարկւել, եթէ, իհարկէ, այդպէս թելադրի «Realpolitik»-ի պայմանները:

Եւս մէկ կարեւոր հանգամանք. տեսանելի ապագայի կտրւածքով Թուրքիան շարունակում է մնալ ռազմավարական նշանակութեան Արեւմուտքի տարածաշրջանային հիմնական դաշնակիցը (իհարկէ Իսրայէլից յետոյ), որին դեռեւս չեն կարող փոխարինել թէկուզ ամենայուսալի նորակոչիկ դաշնակիցները:

Այնպէս, որ քրդերը ստիպւած են լինելու դեռեւս կոնսերւացած մնալ Եփրատի ափերից դէպի արեւելք ընկած շրջաններում՝ սպասելով իրենց ժամանակներին:

Իսկ այդ ժամանակները վրայ կը հասնեն ուշ‘թէ շուտ: Դա միանշանակ է:

Ընդունենք, որ առջեւում անկանխատեսելի զարգացումներով հետաքրքիր պարտիա է: Այդպէ՞ս չէ…

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել