Անապահով խավի կրթության հետ կապված խնդիրների լուծման վրա ենք շեշտը դնելու Վանաձորում

fotorcreatedՎանաձորում արդեն մի քանի օր է` մեկնարկել է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Գոնե առերեւույթ` կրքերն այստեղ հանգիստ են: Yerkir.am-ը քարոզարշավի ընթացքի եւ այլնի մասին զրուցել է ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված, անկուսակցական, ՎՊՄ քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանի հետ:

Մեր զրուցակիցը նախ նշեց, որ Դաշնակցության նպատակն է Վանաձորը դարձնել ապրելու, աշխատելու և գործարարությամբ զբաղվելու համար գրավիչ քաղաք: «ՀՅԴ-ի նպատակն է Վանաձորը դարձնել բարեկեցիկ քաղաք, լավ պայմաններ ապահովել մարդկանց համար, զբոսաշրջությանը զարկ տալ, մանավանդ, որ քաղաքն ունի այդ պոտենցիալը»,- ասաց Արևիկ Լոքյանը:

Խոսելով քարոզարշավի մեկնարկի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ակտիվորեն են սկսել քարոզարշավը` արդեն հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ: «Քաղաքային այգում ընտրողների հետ հանդիպում ենք ունեցել: Բակային հանդիպումներ պարտադիր ունենալու ենք, քաղաքի բոլոր թաղամասերում ևս հանդիպումներ ունենք նախատեսված»,- ասաց նա:1473770346-7528

Արեւիկ Լոքյանի խոսքով` ընտրակաշառքի կամ սպառնալիքների դեպքեր Վանաձորում դեռ չեն գրանցվել, քաղաքակիրթ ընտրապայքար է դեռևս:

ՎՊՄ քոլեջի տնօրենը խոսեց նաև Վանաձորի կրթական ոլորտի խնդիրների մասին: «Բավականին շատ խնդիրներ կան Վանաձորի կրթական ոլորտում: Անապահով խավի կրթության հետ կապված խնդիրների լուծման վրա ենք շեշտը դնելու: Մեր ծրագրում նախատեսված են կետեր»,- ասաց նա` հավելելով, որ իրենց թիմը ուժեղ է, բոլորը խելացի մարդիկ են, ունակ Վանաձորի խնդիրների լուծմանը նպաստել:

Ըստ Արեւիկ Լոքյանի` իրենց ծրագրի կարևոր կետերից է նաև նախադպրոցական հաստատությունների, սպորտային սեկցիաների, մշակութային խմբակների գործունեության բարելավումը: «Մանկապարտեզները հասանելի չեն մեր երեխաներից շատերի համար: Դրանով երեխաներին նրանց կայացման վաղ շրջանում զրկում ենք զարգացման հնարավորություններից: Ավելին` մանկապարտեզների ոչ բավարար հասանելիությունը աշխատաշուկայից դուրս է մղել երիտասարդ կանանց, ովքեր իրենց աշխատանքով կարող էին էապես նպաստել Վանաձորի բարեկեցությանը: Քաղաքը պետք է մեծացնի նախադպրոցական հաստատություններին և արտադպրոցական զարգացման կենտրոններին տրամադրվող օժանդակությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

yerkir.am

Տպել Տպել