Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ-ում ստորագրված համաձայնագրի մասին

Իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել

fotorcreatedԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագին:

Մինչ համաձայնագրի ստորագրումը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով համաձայնագրի ստորագրման մասին, ասաց, որ եթե մի բան շատ են ցանկանում, կատարվում է: «Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է, և մենք այսօր իսկապես արդար ցանկություն ունեինք, որ լեհական կազմակերպության հնարավորություններից ավելին էր: Հաջորդ անգամ ավելի առաջադեմ կազմակերպությունների հետ գործ կունենանք: Ես համարում եմ, որ նախորդ համաձայնագիրն էլ ուժի մեջ է»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս մի համաձայնագիրը բոլորովին էլ կրկնություն չէ նախորդի, և իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել: «Դա չի նշանակում, որ նախորդ ձևն իր ուժը կորցրել է»,- եզրափակեց Ռուստամյանը:

* * *

Ազգային ժողովի 5 քաղաքական խմբակցություններ ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստաթղթի ստորագրումից առաջ  ազդարարեց, որ ստորագրում են մի համաձայնություն, որն այլևս «եթե»-ներից կախված չէ:

«Ես կցանկանայի մեր հասարակությանն ասել հետևյալը՝ այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ երկար տարիներ իշխանություններից  պահանջում էին քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիրները, այդ հարցն արդեն լուծվում է: Այսօր այդ անհավատալին դառնում է իրականություն: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս գործընթացի բոլոր մասնակիցներին, որովհետև բոլորի կամքը հանգեցրեց նրան, որ մենք ստորագրում ենք այս փաստաթուղթը: Ես չեմ կարող չխոսել նաև իշխանությունների քաղաքական կամքի մասին: Որքան էլ մենք հակասություններ ունենք, ես չեմ կարող դա չնշել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում ակտիվ աշխատել են մեզ հետ: ՀԱԿ-ը պատրաստ է վերջնականապես ստորագրել այս համաձայնագիրը: Ես համոզված եմ, որ անմիջապես կլինի միջազգային արձագանք: Ես ցանկանում եմ, որ բոլորն ընկալեն, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, դրա համար մենք պետք է երկար պայքարենք, սակայն սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում: Մեր պայքարը շարունակվելու է, որտեղ շատ կարևոր է լինելու նաև քաղաքացիական հասարակության դերը: Հիմքը դրված է, ես էլ ասում եմ առաջ դեպի ազատ և արդար ընտրություններ, որին մենք պետք է հասնենք ծանր պայքարի արդյունքում»,— նշեց Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գոհունակություն հայտնեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել համաձայնության, որի արդյունքում հնարավոր կլինի ավելի լուրջ վերահսկողություն սահմանել ընտրական գործընթացի նկատմամբ: Նա հույս հայտնեց, որ կատարվելիք բարեփոխումները հնարավորություն կտան վերջ դնել ընտրությունների ժամանակ արձանագրվող բազմաթիվ արատավոր երևույթների:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ դրական ձեռքբերում համարեց այն հանգամանքը, որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները: Նա նշեց, որ դա լուրջ մեխանիզմ է ընտրական գործընթացները վերահսկելու համար, սակայն հավելեց, որ տեխնիկական վերահսկողության մեխանիզմների բարելավման կարիք ևս կա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարևորեց ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքով՝ առաջիկայում ևս քայլեր պետք է ձեռնարկվեն ընտրական օրենսգիրքն ավելի բարեփոխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, ինչի արդյունքում հանրության մոտ կվերանան բոլոր կասկածները ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ: «Ես համաձայն եմ, որ ընտրական օրենսգիրքը դաշտ է ստեղծում, սակայն արդար ընտրությունների երաշխիք չի ապահովում: Դրա համար մեր ակտիվությունն է պետք: Մենք առաջիկայում լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի այն, ինչ ստեղծել ենք իրավական առումով, իրականություն դառնա և թղթի վրա չմնա: Ես ողջունում եմ բոլոր կողմերի կամքը և ցանկությունը, որոնց աշխատանքի արդյունքում այս գործընթացը փակուղի չմտավ: Եթե այս ոգով շարունակենք, մենք մեր երկրում կունենանք ազատ և արդար ընտրությունների անցկացման կայուն ավանդույթ»,- եզրափակեց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը համաձայնությունը կարևորեց քաղաքական երկխոսության առումով:  «Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ  մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում երկխոսելու կարողությունը կշարունակվի: Քաղաքացիական հասարակությանն եմ ցանկանում շնորհակալություն հայտնել, քանի որ նրանց հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ավելի բարելավել այս փաստաթուղթը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զուրաբյանին, ում ակտիվ ջանքերը արդյունք դարձան այս երկխոսության: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մյուսներին, ովքեր մասնակցել են քննարկումներին և նպաստել են երկխոսության կայացմանը: Առաջին ձախողումը եղավ տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն մենք կարողացանք գտնել լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այս խութը և առաջ գնալ»,- ասաց Հարությունյանը:

Նիստին ներկա էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

yerkir.am / yerkirmedia.am


Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրվեց

Այսօր երեկոյան Ազգային ժողովի 5 խմբակցությունների միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ նոր համաձայնություն: Սա խորհրդարանական խմբակցությունների միջև ստորագրված արդեն երկրորդ համաձայնագիրն է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Առաջինը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պնդմամբ, հնարավոր չէր կյանքի կոչել ժամանակի սղության ու տեխնիկական խնդիրների պատճառով:

Համաձայնագիրը ստորագրեցին Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաև իշխանական Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները:

Ըստ այս երկրորդ փաստաթղթի կիրագործվի ընդդիմության՝ վերջին 13 տարիների գլխավոր պահանջը՝ կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, ինչպես նաև տեսանկարահանում կիրականացվի ընտրության և ձայների հաշվարկի ընթացքում: Համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:

* * *

Երեքշաբթի օրը Ազգային ժողովի 6 խմբակցություններից 5-ը վերջնական ստորագրեցին Ընտրական օրեսգրքում առաջիկա փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն։ Այն սահմանում է ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմներ. այս փոփոխությունների կյանքի կոչումից հետո կհրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակները, ինչը տարիներ շարունակ եղել է ընդդիմության առաջնային պահանջներից մեկը, կտեսանկարահանվեն քվեարկության գործընթացն ու արդյունքների ամփոփումը։

electioncodeagreementsigned

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայնությունն անվանեց «պատմական»: «Սա դեռ երաշխիք չի մաքուր, ազատ, արդար ընտրությունների, սա ընդամենը մի լուրջ հիմնաքար է, մի լուրջ ֆունդամենտ է ստեղծված, որի վրա պայքարելով, որովհետև ոչ ոք հենց էնպես չի տա ազատ, մաքուր, արդար ընտրություններ, պայքարելով կարելի է հասնել», – հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով. – «Էդ էտապի պայքարը բերել է հաջողության»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «դեժա վյու» հիշեցնող այս գործընթացում իրեն ոգևորում է ընդդիմադիր գործընկերների լավատեսությունը: «Պիտի անկեղծորեն ընդունենք, որ էապես նեղացնելու է ընտրակեղծարարության ․․․ , իսկ մենք գիտենք, որ ընտրակեղծարարությունը մեզանում հասցված է գրեթե ոսկերչական մակարդակի», – ասաց նա:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ հատկապես կարևորում են ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը, բայց որոշ մտահոգություններ մնում են չլուծված. – «Պետք է տրվեն, մասնավորապես, մամուլի միջոցների լուսաբանման հնարավորություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելության համար ըստ էության գոյություն ունեցող քանակական սահմանափակումներ աշխատակիցների, որը, մենք կարծում ենք, նպատակահարմար չէր: Այդ մասին մենք կխոսենք նաև, բնականաբար, երբ որ նախագիծը քննարկվի»:

Ձեռք բերված համաձայնությունը պատմական է առաջին հերթին քաղաքական երկխոսության տեսանկյունից, ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Ինձ համար ոչ այնքան կարևոր են այն տեխնիկական լուծումները, որ մենք գտել ենք հանրային վստահությունը բարձրացնելու համար, այլ այն մշակույթը, որը ձևավորվում է՝ երկխոսելը: Քաղաքական երկխոսությունն է երկրի զարգացման հիմքը: Մեր պատմական քաղաքական մշակույթի առումով աննախադեպ երևույթ: Եվ երբ առաջին ձախողումը եղավ տեխնիկական պատճառներով, ամենալուրջ մտահոգությունն էր, որ արդյոք մենք ավելի չնահանջեցինք, որովհետև երբ ինչ-որ բան պայմանավորվում ես և չի հաջողվում, ավելի աճում է անվստահությունը», – շեշտեց Հարությունյանը:

Այսօր վավերացված փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չդրեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց օրվա ընթացքում ավելի վաղ հայտարարեցին՝ առաջարկվող փոփոխություններին համաձայն են, պարզապես իրենց գործառույթը համարում են փորձագիտական կարծիք հայտնելը, ոչ թե քաղաքական փաստաթղթեր ստորագրելը:

Ընտրական գործընթացները դիտարկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դրական են գնահատում քաղաքական ուժերի ձեռք բերած համաձայնությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ, միևնույն ժամանակ շեշտելով, որ փաստաթղթում ամրագրված փոփոխությունները անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են՝ երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:

«Հաշվի առնելով, իհարկե, այն, որ ամբողջ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, բայց աներկբա է, որ պետք է գնահատվի որպես դրական քայլ», – ասաց «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

«Այն, ինչ մենք այսօր ունենք, բնականաբար, չի կարող չգնահատվել», – ընդգծեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդգծում են, թե որոնք են համարում խնդիրները գործող Ընտրական օրենսգրքում՝ տարածքային ցուցակներ, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակում, դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվամիջոցների իրավունքների սահմանափակում:

«Կարևորում ենք նաև այդ առիթը օգտագործել և մասնավորապես դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ներմուծված սահմանափակումները՝ մայիս ամսվա օրենսգրքով, վերացնել: Դա կլինի իսկապես դրսևորում քաղաքական կամքի, որ, այո, իշխանությունները պատրաստվում են հանրային վերահսկողության համար համապատասխան հիմքեր ստեղծել», – շեշտեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, սակայն, Ընտրական օրենսգրքում լրացուցիչ փոփոխությունների հնարավորություն չի տեսնում: «Ես այս պահին չեմ տեսնում, յուրաքանչյուր կոմպրոմիսային առաջարկություն քննարկվել է, և արդյունքում ծնվել է այս փաստաթուղթը», – հայտարարեց նա:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Տպել Տպել