Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը կհամագործակցի ԼՂ-ի որևէ համայնքի հետ

861132Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը կհամագործակցի Լեռային Ղարաբաղի որևէ համայնքի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը:

«Արդեն 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Այս տարի մեծ ցանկություն ունեի գալ Հայաստան, ձեզ հետ նշելու ՀՀ անկախության 25-ամյակը: Այս այցի ժամանակ ճիշտ համարեցինք մեկ օր անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը` ցանկանում էի տեսնել, թե մեր գործընկերների հետ ինչ ուղղությունով պետք է աշխատանքները տանել, հարկ համարեցինք հանդիպել և՛ Լեռնային Ղարաբաղի նախագահի, և՛ Ազգային ժողովի նախագահի հետ: Նրանց հետ հանդիպումների ընթացքում փորձեցինք հասկանալ, թե համագործակցության ինչ եզրեր կան: Մտածեցի, քայլեր ձեռնարկեմ Լեռնային Ղարաբաղի որևէ համայնքի հետ համագործակցելու ուղղությամբ»,-ասաց Լյուկ Քարվունասը` նշելով, որ այդպիսի համագործակցության փորձ կա Հայաստանի Օշական համայնքի հետ: Ալֆորվիլն ու Օշականը քույր քաղաքներ են:

Ալֆորվիլի փոխքաղաքապետ Ռիշար Անանյանը նշեց, որ Լյուկ Քարվունասը ոչ միայն ակտիվ աշխատում է Արցախի հարցի հետ կապված, այլև աջակցում է Ջավախքում իրականացվող ծրագրերին:

«Կա աջակցման նոր նախաձեռնություն, որը վերաբերում է Ջավախքի հայկական բնակչությանը: Այդ նախաձեռնության շրջանակում վերջերս Նինոծմինդայում բացվել է «Երիտասարդության, մշակութային կենտրոն»-ը, ինչին աջակցել է Լյուկ Քարվունասը: Ահա հայանպաստ ծրագրերի աջակցությանն ուղղված այս աշխատանքները շարունակությունն են այն գործի, որն սկսվել է 20 տարի առաջ»,-ասաց Ռիշար Անանյանը:

Ալֆորվիլ քաղաքը Ֆրանսիայում կոչվում է փոքրիկ Հայաստան: Ալֆորվիլի հայ համայնքը ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ընդլայնվեց, երբ Թուրքիայից հայերը սկսեցին արտագաղթել Ֆրանսիա: Ռիշար Անանյանի փոխանցմամբ` Ալֆորվիլում ապրում է 44 հազար 500 բնակիչ, որոնցից մոտ 8 հազար մարդ հայկական ծագում ունեն:

«Տեղի հայերը շատ ակտիվ են քաղաքական շրջանակներում: Այդ ակտիվությունն առավելագույնս դրսևորվում է ընտրությունների ժամանակ: Մենք միշտ կարողանում ենք մեր ուղերձները հասցնել բարձր շրջանակներին: Ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և եղած մտահոգությունները փոխանցում ենք քաղաքական դաշտին: Կարևոր է, որ Ֆրանսիայում առկա են հայկական ծագումով պաշտոնյաներ»,-հավելեց նա:

armenpress.am

Տպել Տպել