Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետին

FotorCreatedԱյսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների»: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մանրամասն ներկայացրեց այն տրամաբանությունը, որով առաջնորդվել են փոփոխություններ կատարելիս:

Առարկություն ուներ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Դե, բնականաբար, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինձ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրությանն աջակցությունը: Ահա, թե ինչու, ընդունելով հանդերձ Ձեր կողմից կատարված շեշտադրումը, որ ներդրումներն ու ձեռնարկատիրությանն աջակցությունը պետք է առանձին ուղղություն լինեն, ինձ մտահոգում են մի քանի հարցեր, որոնք այսօր էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց անվանման մեջ դրանք չեն երևում: Մասնավորապես` առևտրի հատվածը, արտաքին առևտուրը, որը ներդրումների հետ համարվում է մեր երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը: Գուցե այն այլ նախարարություն է գնալու կամ մնալու է, կխնդրեի, որ անվանման մեջ այդ շեշտադրումը լինի»,- ասաց նա:

Մինասյանը հարցրեց նաև, թե որակի ենթակառուցվածքները ո՞ր մարմնի լիազորության ներքո են գտնվելու: ՏՏ տեխնոլոգիաների մասով էլ շեշտեց, որ, բարձր գնահատելով տրանսպորտի ր կապի նոր նախարարի բարձր կարողությունները և նրա վերաբերյալ դրական կարծիքը ՏՏ ոլորտում, ցանկալի է, որ ՏՏ ոլորտը չդիտարկվի որպես զուտ ծառայությունների ոլորտ, որովհետև ՏՏ ոլորտը ներկայումս ընկալվում է որպես արդյունաբերություն: Արծվիկ Մինասյանին հետաքրքիր էր, թե ո՞ր մարմինն է ունենալու էկոնոմիկայի նախարարության դոնորների հետ համագործակցության լիազորությունը, ավիացիայի պատահարների ուսումնասիրման և քննության լիազորությունը:

«Նորից եմ կրկնում, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ընդունելի չէ «էկոնոմիկա» բառը հանելը: Այս նախարարությունը 13 գերատեսչությունների լիազորություն է ներառում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ «էկոնոմիկա» բառն է ընդամենը հանվում նախարարության անվանումից, սակայն գործառույթը մնում է: «Մենք ընդամենը ակցենտն ենք փոխում, որ ներդրողը հասկանա` ինչ հասցեով պետք է դիմի: Որ ասում եք ` անվանման մեջ չկա «առևտուր» բառը, բայց էկոնոմիկայի նախարարության մեջ էլ չկա առևտուր բառը, ձեր նախարարությունը զբաղվում էր, չէ՞, առևտրով: Ինչ վերաբերում է կոմիտեներին, ապա զբոսաշրջության կոմիտեն թող աշխատի, արդյունք տա: Երբ ընդունվի կառավարության ծրագիրը, մենք հաշվի կառնենք կառուցվածքային հարցերը»,- ասաց վարչապետը:

yerkir.am

Տպել Տպել