Ամեակները իմաստաւորելու մտասեւեռումով…

fotorcreated«ԱԼԻՔ»-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը՝ Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար՝ անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85-ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին Իրանի եւ իրանահայութեան հիւրընկալ միջավայրում համախմբելն էր:

Անհամեստութիւն չթւա՛յ, բայց կարծում ենք «ԱԼԻՔ»-ի նոյն ընտանիքը յաջողեց ճշտորոշած նպատակադրումը իրականացնել եւ կենդանի ու գործնական բնոյթ հաղորդել ինչպէս ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ-ԱՐՑԱԽ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ գաղափարին՝ գէթ քարոզչական մակարդակում, այնպէս էլ՝ հայկական լրագրութեան՝ Իրանի պետական ու մամլոյ շրջանակների հնարաւորութիւններին առնչւելու տեսակէտից:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Հայաշխարհի ծանրակշիռ ու ազդեցիկ լրատւամիջոցների ներկայացուցիչների Իրանի Իսլ. Հանրապետութիւն այցն բնաւ զբօսաշրջային բնոյթ չէր կրում ու նրանց՝ իրանահայութեան հինաւուրց գաղթօջախներ՝ Ատրպատական եւ Սպահան, ինչպէսեւ՝ Թեհրան ճամբորդութեան արգասիքը ոչ միայն մեր կողմից, այլ եւ մանաւանդ իրենց միջոցով արդէն իսկ լուսարձակի տակ է առնւել ու դեռ այդ մասին ստանալու է պատշաճ բնութագրականը:
Մէկ խօսքով՝ աննախադէպ այց ու համախմբում էր մեր թանկագին գործընկերների ի մի գալը՝ Իրանում ու իրանահայ հինաւուրց համայնքում:

Մնում է, որ մենք, մեր հերթին դա ընդունենք որպէս արժէքաւոր փորձառութիւն՝ մեր հետագայ ու դեռ գալիք ամեակները իմաստաւորելու համար:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Դերենիկ Մելիքեան

21/09/2016

alikonline.ir

Տպել Տպել