Ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին

fotorcreatedՍ.թ. սեպտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգում Տավրիդյան պալատի Եկատերինինսկի դահլիճում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին:

Ընդունելությանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադառնալով ՀՀ 25-ամյա անկախության կարևոր փուլերին, ընդգծեց. «Անկախ Հանրապետությանը բնորոշ իրավական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համակարգային փոփոխություններին զուգահեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված է դիմագրավել Ղարաբաղյան պատերազմից բխող արտաքին վտանգներին ու անվտանգության սպառնալիքներին:

Անկախ Հայաստանը փաստորեն իր հռչակումից ի վեր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ և իր ժողովրդին սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Եվ չնայած այս ամենին, Հայաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա: Օրեր առաջ ամբողջ աշխարհի հայերը տոնում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25 ամյակը:

Ստալինյան այսպես ասած ազգային քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կազմում դարասկզբին հայտնված Ղարաբաղի հայությունը, որն իր ազատ ինքնորոշման կամքն արտահայտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այս 25 տարում ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքը: Բոլոր բիրտ ուժի դրսևորումները ինչպես դա եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը փորձեց մի քանի օրում նենգ հարձակումով բնաջնջել Ղարաբաղի հայությանը, մատնված են անհաջողության և ինչպես այս անգամ էլ կարժանանան հուժկու հակահարվածի:

Ապրիլյան այդ մի քանի պատերազմական օրերը ևս եկան ապացուցելու, որ մեր հարևան երկիրը դեռևս չի հրաժարվել խնդիրը ռազմական բիրտ ուժով լուծելու մտադրությունից և ավելին իր գործելակերպը համալրել է իսլամական պետություն կոչված ահաբեկիչների մեթոդներով ու սադիզմով՝ մասնավորապես զինվորներին գլխատելով և իր ժողովրդին ի ցույց դնելով:

ԼՂՀ-ն երբեք չի կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում և աշխարհասփյուռ հայությունը երբեք թույլ չի տա նոր ցեղասպանություն ինչպես դա եղավ 1915 թ-ին և այնուհետև Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում: Հայ ժողովուրդը, որպես հազարամյակների մշակույթը կրող ազգ, ուզում է խաղաղ ապրել և արարել: Մենք կողմ ենք և պաշտպանում ենք Ղարաբաղյան խնդրի լուծման Մինսկի խմբի և հատկապես գնահատում ենք եռանախագահ անդամ երկիր Ռուսաստանի և նրա Նախագահ Վ. Պուտինի ակտիվ ջանքերը՝ խնդրի խաղաղ կարգավորման գործում»:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգում Վոլոգդայի մարզի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան:

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

Վերջում տեղի ունեցավ տոնական ընդունելություն:

Տպել Տպել