Հաջորդ տարվա պետբյուջեն նախորդից վատն է

30-ը հոկտեմբերից ԱԺ-ում մեկնարկեցին 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց առկա մի քանի արձանագրումներ:

«Առաջին արձանագրումը այն է որ բյուջեի նախագիծը համարձակ չէ եւ միտված չէ այն մարտահրավերների լուծմանը, որոնց առջև կանգնած է մեր երկիրը: Օրինակ` այս պահին ամենաարտահայտիչ մարտահրավերը Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն է, որին պետբյուջեն, կարծես, մասնակցություն չունի, և աղերս չկա այս նախագծում աշխատատեղերի ստեղծման մոտեցման հետ»:

Մասնավորապես` հասարակական աշխատանքների համար կատարվող ծախսումները 2013 թվականի բյուջեով զրոյացված են: Այսինքն` պետությունն, ըստ էության, չի մասնակցում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծման գործին:

Մյուս բացասական կողմն, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ չի կարելի արձանագրել, թե այս բյուջեի նախագիծը կարող է նպաստել կենսամակարդակի բարձրացմանը:

«Ընդհակառակը` աշխատավարձերը չեն բարձրացվում, նպաստները, թոշակները նույն մակարդակով պահպանվում են, ինչը մեզ թույլ է տալիս մտածելու և եզրահանգելու, որ հաջորդ տարի ազգաբնակչության կենսամակարդակն ավելի ցածր է լինելու, քան 2012 թվականին: Որովհետեւ գնաճն ինքնին կա, եւ եթե չկան դրան համարժեք բարձրացումներ, ստացվում է, որ մենք դոփելու ենք տեղում, եթե չասենք, որ հետ ենք գնալու»,- պարզաբանեց պատգամավորը:

Մեկ այլ բացասական արձանագրում` եկամտային քաղաքականության մեջ ավելի շատ իմիտացիա է, քան, ըստ էության, եկամուտների հարկման գործընթաց: Մասնավորապես` «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի հունվարի 1-ից գործարկվող նոր օրենքի պայմաններում, երբ նվազագույն աշխատավարձը հարկվում է, եւ երբ փոխվում են դրույքաչափերը, սա ավելի շատ բերելու է ստվերի մեծացմանը, քան տնտեսության աշխուժացմանը:

«Էլ ավելի վատ վիճակ է լինելու ժողովրդագրական տեսակետից, որովհետեւ բյուջեի նախագիծն ու ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգն իրար հետ բացարձակապես աղերս չունեն: Եվ ավելին` նոր նախագծով կանխատեսվում է ծերացման մակարդակի խորացում եւ այլն»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Ամփոփելով այս ամենը` պատգամավորը նշեց, որ 2013 թվականի բյուջեի նախագիծը Հայաստանի տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում առաջընթացիչի հանգեցնելու:

Տպել Տպել