Հնարավոր են ամեն կարգի զարգացումներ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի:

«Հայաստանի վիճակն այնպիսին է, որ բոլոր զարգացումներն էլ հնարավոր են», – ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը միասնական թեկնածու ուներ` Վազգեն Մանուկյանը. – «Ընտրություններից առաջ ընդամենը 10 օրվա մեջ այնպիսի զարգացումներ եղան, որոնք որեւէ մեկը չէր կարող կանխատեսել: Ցավոք, այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի վիճակում, որ հնարավոր են ամեն կարգի զարգացումներ: Երեք ամիսը բավական մեծ ժամկետ է»:

Նա «ինչ-որ առումով նորմալ» չի համարում, որ ընդդիմադիր դաշտը մինչեւ այժմ թեկնածուների անուններ չի հնչեցրել: «Որովհետեւ», – փաստարկեց նա, – «նախորդ նախագահականների փորձը գոնե հուշում է, որ միշտ շատ ավելի նախապես էին սկսել այս խնդիրները: Բայց ֆորմալ առումով, մյուս կողմից էլ` նորմալ է. կա առաջադրումների ժամկետ, կա խնդիր: Ինչո՞ւ է ինչ-որ առումով աննորմալ: Կարծում եմ, դա մեծապես պայմանավորված է նախորդ խորհրդարանական ընտրությունների բնույթով: Այստեղ է, կարծում եմ, թաղված շան գլուխըը, եւ այդ բնույթը այնպիսի վիճակ է ստեղծել երկրում, որ իսկապես տատանումները, քննարկումները շատ ավելի խորքային են գնում»:

Դիտարկմանը, թե այժմ կարծես վճռորոշ է ընկալվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն ընտրություններում, Վարդանյանն արձագանքեց.

– «Վճռորոշը մի քիչ շատ ծանր բառ է: Բայց, բնականաբար, իր այսօրվա ներկայացավածությամբ պառլամենտում եւ ի վերջո ընտրությունների բնույթով պայմանավորված ստացած, ձայների թվով նրա ազդեցությունը մեծ է»:

Անդրադառնալով ՀԱԿ-ից հնչող պնդումներին, թե այսօր երկրում կա 2 քաղաքական ուժ, որոնք ունակ են մարտահրավեր նետել գործող նախագահին` Կոնգրեսը ու ԲՀԿ-ն, Դաշնակցության ղեկավար անդամն ասաց. – «Ցավոք, մեր քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե իրենք ինչ վիճակում են, ուժ են, թե ուժ չեն, միշտ փորձում են ամբողջը յուրացնել, ամբողջը իրենց վերագրել: Դա, կարծում եմ, կա’մ մեծամտություն է, կա’մ մանկամտություն»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ շուտով պետության առջեւ կանգնած հիմնարար խնդիրների շուրջ իրենք քննարկումներ են սկսելու քաղաքական ուժերի եւ հասարակության լայն շերտերի հետ` փորձելով կոնսենսուս ձեւավորել: Կախված այդ քննարկումների արդյունքից` Դաշնակցությունը վերջնական եզրակացության կգա նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ եւ այդ մասին կհայտարարի դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում:

Հարցին, թե քաղաքական որ ուժերի հետ են նախատեսում այդ քննարկումները, Վարդանյանը պատասխանեց. – «Ընդհանրապես մենք չենք բացառում որեւէ ուժի հետ համագործակցումը` անկախ նրանից, թե այսօր այդ ուժերը որտեղ են: Մենք ձեւակերպում ենք խնդիրներ եւ ակնկալում ենք նրանց լիարժեք պատասխանները այդ խնդիրների վերաբերյալ: Եթե քաղաքական այդ ուժը նույնկերպ ընդունում է մեր ձեւակերպումները, մեր մոտեցումները, եւ տեսնում է, որ այստեղ են պրոբլեմները, համագործակցությունը միշտ հնարավոր է»:

Ռուզաննա Ստեփանյան
«Ազատություն» ռադիոկայանի

Տպել Տպել