Ժամանակը կգա` բոլոր հարցերի պատասխանները կտամ

fotorcreatedԷկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, նախարարության անվան փոփոխության հետ կապված, իր տեսակետը չի փոխել: «Հիմա որոշակիորեն մեղմվել է նախարարության անվանումը: Ինձ մտահոգում է նաև այլ բան, որ ցանկացած փոփոխություն մի կողմից որոշակի առումով նաև ֆինանսական հետևանք է առաջացնում, մյուս կողմից` անվանումը ինքը պետք է բովանդակությանը մոտ լինի, հետևաբար ես ունեմ իմ տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մինասյանի` այնպես չէ, որ հիմա բովանդակություն կամ ուղղվածություն չկա նախարարության անվան մեջ, բայց դա չի նշանակում, որ «էկոնոմիկա»-ն մնար, ուղղվածություն չէր լինելու:

Անդրադառնալով վարչապետի արտահայտած այն մտքին, թե Արծվիկ Մինասյանը չունի բիզնես մտածողություն, այդ պատճառով վարչապետը չի ուզում, որ ինքը մնա այդ պաշտոնում, նա նշեց, որ այդ հարցը պետք է վարչապետին տալ: «Պարոն վարչապետը նոր ձևավորված խնդիրների հարցով տեսնում է այլ անձ: Ես հարգանքով եմ մոտենում: Որևէ այլ ենթատեքստ այս հարցի շուրջ չկա, և անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, իմ գլխավոր խնդիրը, որպես դաշնակցականի, այն նորմերի իրացումն է, որն ամրագրված է թե’ կոալիցիոն հուշագրով և թե’ սահամանդրական նորմերը կյանք կոչելով»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մինասյանը պատշաճ չհամարեց խոսել այն հարցի մասին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար է նշանակվելու: «Կարծում եմ` պատշաճ չէ այդ հարցին պատասխանել առնվազն այնքան ժամանակ, մինչև չի կազմվել կառավարությունը, և չկան համապատասխան հրամանագրեր: Չափազանց բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի դիրքը և դերը: Ինձ համար դժվար է այս պահին պատասխանել այդ հարցին: Ինչ վերաբերում է, առհասարակ, բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրությունը, մասնավորապես` Սահմանադրության 12-րդ հոդվածը, որովհետև շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը և, բնականաբար, ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է՝ որպես գալիք սերունդների առջև պատասխանատվություն: Այս հիմնարար մոտեցումն է, որով բնապահպանության ոլորտում պետք է առաջնորդվի յուրաքանչյուր նախարար, ցանկացած կառավարիչ»,- ասաց նա՝ հավելելով՝ կա գործող նախարար, և ինքը պատշաճ չի համարում այդ հարցին պատասխանել:

Մինասյանը խոսեց էկոնոմիկայի նախարարության մասին և նշեց, որ կայուն զարգացման հիմնարար սկզբունքը սահմանադրական է ու ենթադրում է երեք առաջնային ուղղություններով միաժամանակյա աշխատանք, և ցանկացած որոշում պետք է բավարարի երեք չափանիշների` տնտեսություն կամ տնտեսական արդյունավետություն, սոցիալական կամ սոցիալական ապահովություն և էկոլոգիական խնդիրների պատշաճ լուծում: «Բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը, բնության շահագործումը պետք է լինի ողջամիտ, որպեսզի կարողանանք կայուն զարգացման հիմնարար սկզբունքներն առաջ տանել: Սա բոլոր ուղղություններին առնչվում է»,- ասաց նա:

Ամուլսարի խնդիրներին անդրադառնալով` Մինասյանը նշեց. «Մենք այս պահին ունենք գերատեսչական տարբեր լիազորությունների մասին թեմաներ, որոնք, մի կողմից, առնվազն լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, մյուս կողմից` Ամուլսարի ծրագիրն անցել է համապատասխան փորձաքննությունները: Ես վստահ եմ, որ եթե բնապահպանական հատվածում չկա կոպիտ միջամտություն կամ առարկություն, կամ հավասարակշռությունը պահպանված է, այդ թեման պետք է, որ անհանգստություն չպատճառի, իսկ եթե կան անհանգստություններ, ապա դրանք քննարկման ենթակա խնդիրներ են»:

Ըստ Մինասյանի՝ կապ չունի՝ ինքը որտեղ կլինի, ինքը կարող է որպես էներգետիկայի նախարար էլ այդ հարցերը քննարկել, այնպես չէ, որ պետք է ոլորտը փոխել, նոր կարողանալ ինչ-որ հարցեր քննարկել:

Հարցին թե ինչպե՞ս է պայքարելու պոչամբարների և այլ բնապահպանական խնդիրների դեմ, նա ասաց. «Ժամանակը կգա, այդ բոլոր հարցերի պատասխանները կտամ: Միայն խնդրում եմ` նախապես կանխակալ մոտեցումներ մի՛ ցուցաբերեք: Ես բաց գործիչ եմ, ես բաց նախարար եմ, թողեք, որ ամեն ինչն իր բնականոն հունով ընթանա: Երբ որ կլինի դրա կարիքը, ես պատրաստ եմ լինելու բաց և հրապարակային խոսել, ներկայացնել»:

Ըստ Մինասյանի` իր սկսած գործերը ընթացքի մեջ են և հետագայում էլ կշարունակվեն: «Իմ սկսած գործերը, որպես էկոնոմիկայի նախարարի, ընթացքի մեջ են: Եղել է դրական տեղաշարժ իմ նախարար եղած ժամանակ, ժամանակը կգնահատի բոլոր արվածները»,- ասաց նա:

Վերջում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքը միշտ կարոտում է խորհրդարանը, որտեղ ազատությունը շատ ավելի որակյալ և ընդգրկուն էր:

Տպել Տպել