Մենք ձեզ ավանսով այդ վստահությունը տալիս ենք

Ռուստամյանը՝ ԿԸՀ անդամներին

armen-rustamyanԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ ԿԸՀ-ն ձևավորում ենք նոր կազմով՝ ԱԺ-ի միջոցով, և այս կարգը, արդեն կյանքի կոչվելով ու կամաց-կամաց թափ հավաքելով, վստահ եմ, որ մեզ բերելու է այն արդյունքին, որին մենք ձգտում էինք, երբ սահմանադրական փոփոխություններ էինք կատարում, Ընտրական օրենսգիրքն էինք մշակում: Ես համաձայն չեմ այն մտքին, թե ԿԸՀ-ն այդքան կարևոր առաքելություն չունի, մեծ գործ չունի, պետք է տեղերից հավաքի տվյալները և ամփոփի: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է ԿԸՀ-ին, շատ հստակ սահմանում է՝ ինչ գործառույթներ պետք է ունենան ԿԸՀ-ն: «Պետք է լինի անկախ և կազմակերպի ընտրությունների օրինականությունը: Հիմա ամբողջ հարցն այն է՝ մենք տվե՞լ ենք բավարար գործիքներ՝ այդ ամենն իրականացնելու համար: Իսկապես, մենք սահմանադրորեն պետք է օժտենք այդ համակարգն անհրաժեշտ բոլոր այն մեխանիզմներով, որ նա կարողանա լիարժեքորեն կազմակերպել ու իրականացնել գործառույթները»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ունի շատ մեծ առաքելություն` պետք է կարողանա վերականգնել սասանված հավատը մեր ընտրությունների նկատմամբ, պետք է կարողանա ձևավորել ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ:

«Այսօր այս հանձնաժողովին մենք կողմ ենք քվեարկել, և մեր անդամը պետաիրավական հանձնաժողովում առաջադրել է նրանց թեկնածությունը` պարզ տրամաբանությունից ելնելով: Ասենք` մենք նրանց անդամների պրոֆեսիոնալությանը չենք կասկածում, ճանապարհ են անցել, դառը փորձառություն ունեն, քննադատությունների թիրախ են հանդիսացել, նաև` երբեմն արդարացի, բայց այն պրոցեսը, որը մենք սկսել են բարեփոխել մեր ընտրական համակարգը, այդ պրոցեսին ամենաքաջատեղյակն ու գիտակը հենց այս յոթ հոգին են, և հենց այդ հավատով է, որ մենք նրանց ենք վստահում: Շատ քիչ ժամանակ է մնացել, եկող տարվա գարնանը մենք ունենալու ենք համապետական ընտրություններ, որոնցով որոշվելու է մեր երկրի ապագան»,- նշեց ՀՅԴ-ականը:

Ըստ նրա` ԿԸՀ անդամները շատ լավ գիտեն, որ եկող ԱԺ-ն ունի հնարավորություն, և եթե իրենք նախատեսված խնդիրները չլուծեն, երեք հինգերորդով հետ կանչելու հնարավորությունը կօգտագործվի: «Քաղաքական ուժերն են կազմակերպում ու իրականացնում ընտրությունները, և քաղաքական ուժերն ունեն լուրջ վերահսկողություն, և եթե մենք՝ քաղաքական ուժերս, եկող ընտրություններին իսկապես մասնագետ ու կարող մարդկանցով ապահովենք բոլոր ընտրատեղամասերը, վստահ եմ, որ ԿԸՀ-ին ոչինչ չի մնում անել, որ իր սրբազան լիազորությունները իրականացնի անխափան կերպով»,- ասաց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ հինգ քաղաքական ուժ ստորագրել է փոփոխությունների և կեղծիքների դեմն առնելու մեխանիզմների հետ կապված փաստաթուղթ:

ՀՅԴ-ականը նաև նշեց, որ ԿԸՀ-ն լուրջ առաքելություն ունի այն իմաստով, որ եթե հանրապետության մի շարք ընտրատեղամասերում եղել են ընտրություններ, և մի քանի ընտրատեղամասում լուրջ խախտումներ են եղել, պետք է այնպես արվի, որ հստակ թիվ որոշվի, թե քանի ընտրախախտման դեպքում կարելի է ընտրություններն անվավեր ճանաչել: «Այս մարմինն ունի իսկապես լրջագույն առաքելություն՝ Հայաստանում վերականգնել հավատը ընտրությունների նկատմամբ: Մենք ձեզ ավանսով այդ վստահությունը տալիս ենք, դրա համար կողմ ենք եղել ձեր այս կազմի պահպանմանը»,- եզրափակեց Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել