Հալեպի հայությունը, ինչպես ամբողջ ժողովուրդը, ահաբեկչական ալիքի դեմ գոյության պայքար է մղում

fotorcreatedՀալեպի հայկական «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան- Բողիկյանն իր վերջին խմբագրականում անդրադարձել է Հալեպում ծավալվող վերջին իրադարձություններին:

Մեկնաբանելով Հալեպի շուրջ ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը՝ «Գանձասար»-ի խմբագիրը փորձել է պատասխանել մամուլում հայտնված և Հալեպի հայությանն ուղղված մի շարք մեղադրական կամ խուճապահար հարցերին:

Ստորև ներկայացնում ենք Զարմիկ Չիլափոշյան- Բողիկյանի հոդվածը.

«Արդեն 6-րդ տարին է՝ Սիրիան գտնվում է արտաքին ուժերի կողմից ուղղորդված ահաբեկչական պատերազմի մեջ: Այս պատերազմի ամենասոսկալի հատվածն ավելի քան 4 տարի տեղի է ունենում Հալեպում։

Հալեպն ուրույն տեղ ունի Սիրիայի մյուս նահանգների շարքում ոչ միայն իր աշխարհագրական դիրքի և տնտեսական ազդեցիկ գործոնի, այլև իր ազգաբնակչության գունեղ պատկերի շնորհիվ:

Հալեպում, ի տարբերություն մյուս սիրիական նահանգների, հայ համայնքն ուներ և ունի զգալի ներկայություն:

Ցավոք, Հալեպը կրեց և շարունակում է կրել ահաբեկչական պատերազմի դաժանագույն հետևանքները:

Հալեպի հայությունը, որպես Հալեպում ապրող ժողովրդի կարևոր մասնիկ, ենթարկվում է ահաբեկչական հարձակումների` տալով նահատակներ և վիրավորներ, կրելով նյութական ծանր վնասներ և ապրելով հոգեկան ծանր, երբեմն՝ անմխիթար պահեր:

Այլ կերպ ասած` Հալեպի հայությունը, ինչպես ամբողջ ժողովուրդը, ահաբեկչական ալիքի դեմ գոյության պայքար է մղում:
Վերջին շրջանում, երբ հորիզոնում սկսեցին նշմարվել Սիրիական խնդրի լուծումն ավետող հույսի նշույլներ, ահաբեկչական խմբավորումներն ու նրանց աջակցող պետությունները, ելնելով իրենց նեղ շահերից, աջակցեցին Հալեպի ներսում ահաբեկչական խմբավորումների հարձակումների սաստկացմանը:

Այդ հարձակումները հետ մղել և Հալեպի շրջաններն ահաբեկչական խմբավորումներից ազատել փորձող սիրիական բանակի յուրաքանչյուր առաջխաղացման դեմ նրանք թիրախավորեցին խաղաղ բնակչությանը` քաոսային վիճակ ստեղծելու և ժողովրդին խուճապի մատնելու նպատակով:

Ահաբեկչական խմբավորումների դիրքերի մերձակայքում գտնվող հայաբնակ մի շարք թաղամասեր առավել մեծ վնասներ կրեցին: Համայնքն այս օրերին տվեց 7 զոհ և ավելի քան 13 վիրավոր:

Հալեպահայության որոշակի հատված անվտանգության նկատառումներով դիմեց և շարունակում է դիմել երկրից դուրս գալու կամ երկրի առավել ապահով շրջաններ տեղափոխվելու տարբերակին:

Պատերազմի ամբողջ ընթացքում համայնքի ներսում հայթայթվում են երկրի ներսում մնացողների համար նյութական միջոցներ, իսկ երկրից դուրս եկողներին մշտապես հորդորվում է ընտրել Հայաստանը:

Սակայն մեկնելը շատերի կողմից դիտարկվում է որպես ժամանակավոր լուծում, մանավանդ, երբ իրենց ապրուստն ու կյանքն ապահովելու բազում դժվարությունների առաջ են կանգնում, իսկ տրամադրվող օգնությունը բավարար չէ:

Հալեպում այսօր շարունակում է ապրել համայնքի մի հատվածը, որոնք զգում են նյութական և բարոյական աջակցության կարիք՝ հատկապես այս ծանր օրերին:

Ճգնաժամային այսպիսի պայմաններում մամուլի էջերից հնչող և գաղութի պահպանման ջանքերի, ազգային կալվածքների գոյության կամ նեղ անձնական շահերի մասին մի շարք անպատասխանատու հրապարակումներ այս պահին ոչ մի նշանակություն չունեն: Մեկնելու որոշումը յուրաքանչյուր ընտանիք կայացնում է իր նյութական հնարավորություններից և անվտանգության պայմաններից ելնելով, իսկ մնացողներին պետք է հնարավորության չափով օգնել, զորակցել։

Այսօր աղետահար Հալեպում շարունակում են գործել ազգային, համայնքային և միութենական հաստատություններն ու կառույցները:

Պատերազմական այս քաոսում, Հալեպում տիրող իրավիճակի բոլոր մանրամասներից կամ համայնքի գոյատևման մաքառումներից անտեղյակ մի շարք լրատվամիջոցներ, բարձրացնելով միանշանակ պատասխաններ չունեցող հարցեր և խուճապի մատնող արտահայտություններ օգտագործելով, նպաստում են խուճապային տրամադրությունների սրմանը` մոռանալով իրենց ուղենշային դերակատարությունը:

Հայրենադարձության ուղղորդման, սիրիահայ դեռևս գոյատևող համայնքին տեր կանգնելու համար մեր հնարավորությունները լարելու ահազանգն արդեն հնչեցված է»:

tert.am

Տպել Տպել