ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը

fotorcreatedՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ խմբակցության տեսակետը:

Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են եղել, կառավարությունն անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, իրենք էլ զուգահեռաբար իրենց մոտեցումներն էին ներկայացնում:

«Երկուշաբթի օրը հանդիպել ենք վարչապետի հետ և մանրամասն խոսել ծրագրի մասին: Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի կարևորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու ինչ վիճակ ունենք երկրում` տարբեր առումներով: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձևակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է և իրավիճակին լրիվ համարժեք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, թե քննարկումների ժամանակ արձանագրել են, որ ծրագրում առնվազն 90 տոկոսով ներառված են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր, և որոնք տեղ են գտել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագրում:

«Մենք իսկապես ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա՝ երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը` իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, և արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաև գնահատելու ժամանակը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ուզում է հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, նոր արյուն է մտնում երկիր, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում:

«Մնում է` բոլորս փորձենք ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի իսկապես մեր երկրում մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ ծրագիրն համապատասխանում է մեր երկրում տիրող իրավիճակին:
«Հստակ երևում է, որ խնդիրները ճիշտ են արձանագրված, և մինչև հիմա երկրի զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման շատ նորարարական մոտեցումներ կան, մեթոդաբանական և ոճի տարբերություն կա՝ նախորդ բոլոր ծրագրերի հետ համեմատած: Ոչինչ չի խանգարում, որ հենց այս պահից սկսենք փոփոխությունները: Այն մոտեցումը, որ մենք զգացել ենք վարչապետի մոտ, իսկապես մեզ ոգևորում է: Սրանք պարզ խոսքեր չեն միայն»,- ասաց նա:

Պատգամավորը մանրամասնեց, որ ծրագրում ներառված դրույթները տանում են նրան, որ վերացվեն բոլոր այն օղակները, որոնք նպատակին չեն ծառայել: «Կոչված են դրա համար, բայց ոչ մի արդյունք չեն տվել: Ժողովրդի խոսքով ասած՝ կատուն պահում են, որ մուկ բռնի, եթե կատուն մուկ չի բռնում, էդ կատուն պետք չէ պահել: Այդպիսի բազմաթիվ կատուներ կային, որոնք համակարգի մեջ տարբեր օղակներով ամրապնդվել էին, իներցիոն ձևով անցնում էին մի կառավարությունից մյուս կառավարություն, բայց իրենց նպատակներին չէին ծառայում: Շատ հստակ քաղաքական կամք կա` դրանցից ազատվելու, դա մեզ համար իսկապես ողջունելի է: Դա կբերի ծախսերի կրճատման և համակարգի օպտիմալացման, և ավելի պարզ կդառնա հասարակության համար` ով ինչով է զբաղված: Գլխավոր հարցը, որ մենք տեսնում ենք, կառավարության ճյուղերի տարանջատումն է, որովհետև բազմիցս ասել ենք, որ կա շփոթ: Նույն պատասխանատվությունը կրում են տարբեր ճյուղեր: Կառավարություն անդամների լիազորությունները պետք է հստակեցվեն, դա կարևոր հաստատում է»,- ընդգծեց Ռուստամյանը՝ հավելելով, որ մյուս տարբերությունը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների հետ է կապված:

«Նախկին շրջանների օրինակով երկիրը պետք է խոշորացվի, և ընտրությունները բոլոր տեղերում տեղի ունենան համամասնական ընտրակարգով: 950 կամ դրան մոտ տեղական ինքնակառավարման մարմինները շատ են Հայաստանի համար: Համայնքները պետք է խոշորանան: Նաև համայնքների հետ կապված` խրախուսվում է համայնքային ոստիկանությունը, մինչև հիմա այն գոյություն է ունեցել, բայց` ձևական»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Խոսելով կառավարության ծրագրում ամրագրված՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դրույթին, Ռուստամյանն ասաց, որ դա կարևորագույն դրույթ է: «Մեզ համար գլխավոր ուղղություն է եղել համակարգված դարձնել պայքարը` օրենսդրորեն ամրագրելով: Նաև նոր գաղափարներ կային՝ ապօրինի հարստացում, շահերի բախում, պետական գնումների ապարատում առկա խնդիրներ: Բավականին հստակ արձանագրված են այն քայլերը, որոնք պետք է կատարվեն այդ ուղղությամբ: Ծրագրում առկա են այն ռազմավարական խնդիրները, որոնք մենք նախապես ունեցել ենք համաձայանգրով»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե նախկին ծրագրերն էլ վատը չեն եղել, պակաս թիրախավորված չեն եղել խնդիրները, և միգուցե վստահությունը Կարեն Կարապետյանի անձին է ուղղված, Ռուստամյանը պատասխանեց. «Կան հստակ ձևակերպումներ, որ նախորդ ծրագրերում չկային, բայց ամենագլխավորն անձինք են: Մենք զգում ենք, որ կա նաև քաղաքական կամք՝ այդ ամենը իրականացնելու: Վարչապետը շատ լավ հասկանում է, որ իրավիճակը ծանր է, իրենից ակնակալիքները մեծ են, և նա առաջացրել է այդ ակնկալիքները, որոնք մեզ համար շատ գնահատելի են: Հերթական անգամ հիասթափեցնելը ոչ մեկիս շահերից չի բխում, մանավանդ, որ էլ տեղ չկա հիասթափեցնելու»:

Խմբակցության քարտուղար Վարդանյանն էլ հավելեց, թե ամենաճշգրիտ բառը, որ կձևակերպի այս ծրագիրը, գործնականությունն է: «Այն շատ գործնական և կոնկրետ ծրագիր է: Սա մեր երկրի վիճակի ճշգրիտ ախտորոշումն է և դրանից բխող ճիշտ հարցեր ձևակերպելն է»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց. «Օրինակ` նայենք գյուղատնտեսության ոլորտում անցյալ տարի որքան մթերում է եղել և որքան՝ այս տարի: Կտեսնեք, որ ակնհայտ ուռճացված թվեր են եղել անցյալ տարի, այս տարվա մոտ երեք անգամ պակասը: Գուցե էլի օբյեկտիվ թվեր չեն արտացոլվում, բայց այստեղ կան լրջագույն խնդիրներ: Երբ խորանում ես յուրաքանչյուր ոլորտի մեջ և տեսնում ինչ իրավիճակ է, ախտորոշում ես, արդեն քայլեր ես կատարում դրանք լուծելու համար: Մենք հասել ենք մի սահմանի, որ պետք է օբյեկտիվ, իրական պատկերը բացենք, դնենք մեր առջև և լուծումներ տանք: Այս կառավարության ծրագիրը մենք գնահատում ենք հենց այդ տեսանկյունից»:

Ռուստամյանի խոսքով էլ՝ կառավարման համակարգը պետք է դառնա օպտիմալ, որպեսզի սողանցքերը քիչ լինեն, բոլորն իրենց գործը կատարեն անշեղորեն և դրա արդյունքում կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:

Տպել Տպել