«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ. առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու»

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:

Ներկայացնում ենք Հովսեփյանի` 2016-ի ֆեյսբուքյան գրառումները:

***
fotorcreated
«Երևանի ժամանակով եմ ապրում, որ շուտ անցնեն օրերը»:

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում ՝բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…»:

«Բազմակարծությունն աննախընթաց աճ է արձանագրել Հայաստանում. բոլորը, բոլոր հարցերի վերաբերյալ , գոնե մի հատիկ կարծիք ունեն, երբեմն, նույնիսկ, երկուսը, երեքը… Մեծ, շատ մեծ ձեռքբերում է…»:

«Երբ պատերազմ է, բանակն է խոսում, երբ ցույց է՝ ոստիկանությունը… Այլ ուժեր չկա՛ն»:

«Հակակարկտային սարքերն ավելանում են, կարկտահարումները ՝ բազմանում։ Համո Սահյանը կասեր ՝ ինչո՛ւ է այդպես…»:

«Այբուբենը սերտելուց անմիջապես հետո երեխաներին պետք է ցուցադրել, թե ինչ հրաշք բառեր են կազմվում այդ տառերով, իսկ հրաշք այդ բառերը ՝ պետք է ցուցադրել Բակունց ընթերցելով։ թող որ սկզբում դրանց իմաստը չհասկանան,- կհասկանան հետո,- փոխարենը կլցվեն մեր լեզվի գեղեցկությամբ…»:

«Պաշտպանենք երեխաներին մեծահասակներից»:

«Ճշմարտությունն ասելու փոխարեն հիմարություններ ենք դուրս տալիս… Ճշմարտությունն այն է, որ պատերազմն ավարտված չէ, նույնիսկ, այս կամ այն ճակատամարտն ավարտված չէ, իսկ ճակատամարտերում կարող ես նաեւ կորուստ ունենալ՝ բարձունք, դիրք, տարածք։ Կորուստը վերականգնել է պետք եւ ոչ թե արժեզրկել «անմշակ», «ամայի» պիտակներով։ Սա ի՛նչ վերաբերմունք է…»:

«Ինչ հրեշավոր է «նվազագույն կորուստներով» արտահայտությունը, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին…»:

«Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը, բայց ամեն իշխանություն արժանի չէ իր ազգին»:.

«Հայ տաղանդի ամեն նոր դրսեւորումից հետո, մեր արժանապատվությունը բարձր պահելու համար, հարկ է, որ մեկ-մեկու ասենք. հիմա, Սաղաթել, մնացինք ես ու դու»:

«Անհասկանալի եւ անբնական կլիներ, եթե մենք չատեինք թուրքերին, բայց նրա՛նք ինչու են մեզ ատում»:

«Ձեր ազգային շահը պիտի ավարտվի այնտեղ, որտեղից սկսվում է մերը»:

«Ուրբաթ օրը, կեսօրին, մի քանի րոպեով, աշխատասենյակիս դուռն առանց կողպելու, կողքի սենյակը մտա եւ երբ հետ եկա, աթոռիս թիկնակին գցած գարնանային բաճկոնակս չկար։ Գրպաններում անձագիրս էր, բանկոմատի քարտեր, բանալիներ… Գրասեղանին վերջին օրերին նվեր ստացած գրքեր էին դարսված։ Ոչ մի գիրք չէր թռցրել գողը…Տխուր է»:

«Ձեր տղամարդկանց նկատմամբ ներողամիտ եղեք, սիրելի կանայք, նրանք, հիմնականում, հանուն ձեզ են մեղք գործում»:

«Առաջին հայացքից քեզ վնասակար ճշմարտությունը եթե թաքցնում ես կամ քողարկում ՝ հակառակորդդ է շահում։ Երբ չես թաքցնում կամ քողարկում ՝ հակառակորդդ ինքն է դրանով զբաղվում։ եւ տանուլ է տալիս»:

«Ավագ թոռս՝ Ռուբենն առնականացավ, հայացավ, ճանաչեց իր երկիրը, կինոբեմադրիչ դարձավ Հայոց բանակում… Մեր բանակը մեկ-երկու կիսագրագետ գեներալները չեն։ Մեր բանակը՝ մեր զավակներն են եւ մեր կիրթ, հմուտ սպաները, որոնց, ավաղ, լավ չենք ճանաչում…Մենք չենք գիտակցում, որ նրանք անհրաժեշտ են ոչ միայն բանակին, այլեւ ողջ հասարակությանը։ Մենք նրանց առջեւ պիտի լայնորեն բացենք հասարակության կիսաբաց դռները… Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ»:

«Ապշել կարելի է, թե ինչպես է ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ-ի ներկայությամբ անամոթաբար ծաղկում տգիտությունը եւ անտաղանդությունը»:

«Իմ ընկերությունից,վերջին մի քանի ժամվա ընթացքում,դուրս են մնացել 500-ից ավելի ընկերներ… Չեմ զարմանա եթե օրերից մի օր ես էլ դուրս մնամ իմ ընկերությունից»:

«Քանի օր է փորձում եմ հասկանալ, թե ինչու չէր կարելի ամբողջական, ողջ-առողջ տոնածառ դնել Ազատության հրապարակում, իսկ այ, ջարդվածը կարելի էր։ Ինչու՛ բարձր տրամադրությամբ մի-մի թղթե բաժակ գինով չէր կարելի նշել Ամանորը, իսկ ջարդված տրամադրությամբ կարելի էր։ Որպեսզի «չի կարելին» դառնա «կարելի է», ինչ է, անպայման պիտի «ջարդո՛ց» լինի»:

Տպել Տպել