Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է

ՀՅԴ-ն Ծառուկյանի վերադարձը չի բացառում

fotorcreated-64ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն:

«Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ պետք չէ ավարտել՝ հասկանալու համար` եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Քաղաքականությունն ակտիվանալու է առաջիկայում, և մարդը չպետք է այդ ամենից այն կողմ դնի իրեն: Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որևէ խնդիր չենք տեսնում, դրական ենք համարում մոտեցումը, որ նա այն ժամանակ չգնաց արյունահեղության»,- ասաց Ռուստամյանը:

Պատասխանելով հարցին՝ իշխանությունն ունի՞ Գագիկ Ծառուկյանի կարիքը, նա պատասխանեց, որ Ծառուկյանի կարիքն ունի նրա շրջապատը, այն մարդիկ, որոնց օգտակար է լինում նա:

«Մենք այն ժամանակ առաջինն ենք եղել, որ ասել ենք` լավ է, որ Ծառուկյանը չգնաց արյունահեղության»,- ասաց ՀՅԴ-ականը՝ հավելելով. «Հայաստանում այնքան ծալված էջեր են բացվել, ծալծլվել /Ծառուկյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ կբացի քաղաքականության` իր «ծալված էջը» – խմբ./»:

Պատասխանելով հարցին, թե Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը համաձայնեցվա՞ծ է իշխանության հետ, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի հետ՝ որպես իշխանության մասի, համաձայնեցված չէ: «Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի, մարդն ազատ մարդ է, կարող է տնօրինել իր կյանքը»,- ասաց նա:

«Իրավիճակը թեժացել էր այնպես, որ տեղի ունեցավ քառյակի փոխակերպումը եռյակով, և եթե քառյակը շարժվեր ՀՅԴ-ի ծրագրով, չէր տրոհվի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ իրենք արագ իշխանափոխության կողմնակից չէին և ճիշտ մարտավարություն ընտրելու անհրաժեշտություն էին տեսնում:

«Լավ է, որ կեսից Ծառուկյանի կամքը եղավ և նա տեսավ՝ իրավիճակը գնում է արյունահեղության: Նա հասկացավ, որ արյունահեղություն է լինելու: Առջևում Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի էր պատրաստվում: Մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ պատերազմող երկիր ենք, և մեզ համար շատ վտանգավոր է այդ ամեն ինչը: Մի խումբ կար, որ ուզում էր` այդ արյունահեղությունը լինի, Ծառուկյանն իր քայլով դա կանխեց»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն խոսեց Մեծամորի ատոմակայանի նշանակության մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե ատոմակայանը Ադրբեջանի օգտին գործող ռազմավարական օբյեկտ է և լավ կլինի, որ ատոմակայանի արդիականացմանն ուղղված գումարներն ուղղվեն ջերմաէլեկտրակայան կառուցելուն, քանի որ եթե որոշվի պայթեցնել ատոմակայանը, բոլորս էլ կտուժենք, նշեց, որ նման մտածելակերպը միայն ու միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

«Մենք այդպես մտածելով ենք ատոմակայանը փակել, Նաիրտը փակել, նման անկապ, մեր երկրի համար վտանգավոր փորձեր իրականացրել: Զանգեզուրը և ատոմակայանը մեծ քաղաքական նշանակություն ունեն»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Էդ ռումբը, որ պայթեց, ամբողջ տարածաշրջանին է վերաբերելու: Ատոմակայանը զսպող հանգամանք է, ադրբեջանցիներն էլ տարբեր հարթակներում ասում են՝ փակեք Մեծամորը»:

Ռուստամյանը նշեց նաև, որ պետք է ավելի շատ մտածել հակառակի մասին. «Հակառակը, մենք պետք է զարգացնենք ատոմային էներգետիկան՝ բարեփոխելով, երբեք չի կարելի սրանից հրաժարվել, սա մեր ռազմավարական հաղթաթուղթն է և բոլոր նրանք, ովքեր դա չեն տեսնում, միամտաբար, թե՝ թելադրված, վտանգում են մեր անվտանգությունը»:

Տպել Տպել