Ժողովուրդը շատ սուր և զգայուն դատողություն ունի, և դա անպայման կդրսևորի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

shahan_0– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները:

– Ներհայաստանյան գործընթացները գնահատում եմ դրական։ Այդ գործընթացները ունեն տրամաբանական հետևողականություն. երկրում նորացվել է սահմանադրությունը, կառավարման համակարգը անցել է խորհրդարանականի, որտեղ միանձնյա լիազորությունները հասել են նվազագույնի։ Նորացված սահմանադրությունը համահունչ է եվրոպական շատ երկրների որդեգրած սահմանադրություններին, և պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է բարեփոխված սահմանադրությունը։ Պետությունն ու երկիրն անցնում են նոր համակարգի, և այդ կոնտեքստում պիտի դիտարկել նաև նոր վարչապետի և նորացված կառավարության նշանակումները։ Միտումները հանգրվանային կշռույթներով փոփոխություններ են նախանշում։

– Որքանո՞վ սփյուռքը պետք է մասնակից դառնա Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Սփյուռքի ներուժը հնարավո՞ր է այսօր օգտակար դարձնել, որքանո՞վ է դա իրատեսական:

– Սփյուռքը, կարծում եմ, պետք է ակտիվ մասնակից դառնա և՜ պետականաշինության, և՛ ընդհանրապես պետության կառավարման աշխատանքներին։ Սփյուռքի նախարարությունը որոշակի կառուցակարգում է արել տարբեր ոլորտների։ Խոսելով իմ մասնակցած ոլորտից՝ ուզում եմ ասել, որ սփյուռքահայ լրատվադաշտը խանդավառությամբ ընդառաջում է Սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովներին, որոնք համակարգվում են ՀՀ-ում, Արցախում և տարբեր տարածաշրջաններում գործող ամենանշանավոր լրատվամիջոցների ղեկավարներից բաղկացած համակարգող խորհրդից։ Կարծում եմ՝ տարբեր մասնագիտական ոլորտներով նման աշխատակարգ ընդունելը շատ օգտակար կլինի Սփյուռքի ներգրավվածությունն ապահովելու համար։ 21-րդ դարը մասնագիտության դար է և մասնագետ մարդուժի համախմբումը հայրենական ծրագրերի արդյունավորման համար խիստ կենսական է։ Հայկական աշխարհի և ոչ միայն ՀՀ-ի կարողականությունը պետք է հավաքագրել և աշխատել ՀՀ-ի առջև ծառացած խնդրները լուծելու և զարգացման միտումները ապահովելու համար։

– Սփյուռքի մտավորականների մի հատված՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, ստորագրահավաք են սկսել։ Միացե՞լ եք արդյոք ստորագրահավաքին և ի՞նչ կարծիք ունեք:

– Բոլոր տեսակետները, կարծում եմ, հարգելի են, և մտավորականությունը, լինի հայրենիքում, թե Սփյուռքում, ունի իրավունք իր տեսակետներն ու քննադատությունները հրապարակայնացնելու։ Անհրաժեշտ է, որ քննադատությունները կառուցողականությամբ հատկանշվեն և նպատակ ունենան իրավիճակի սրբագրությանը, դա լինի հոդվածներով և թե ստորագրահավաքներով։ Ես անձնապես կարծում եմ աշխատանքը, այս դեպքում հաճախակի հայրենիքում լինելը, հայրենադարձությունը մեկնարկային նշանակություն ունեն սփյուռքահայի ազդեցիկ գործունեության թե ձայնը լսելի դարձնելու, թե նաև կառուցողական փոփոխությունների համար անվերջ աշխատելու։

– Սերժ Սարգսյանն օգոստոսյան իր ելույթում, երբ «Սասնա ծռեր»-ի տղաներն արդեն զենքը վայր էին դրել, խոսեց այն մասին, որ գնում են արմատական փոփոխությունների ճանապարհով, և խոսվեց Ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում՝ այս իշխանությունն ի վիճակի՞ է իսկապես իրական փոփոխություններ իրականացնել և հասարակության պահանջները կատարել:

– Կադրային փոփոխությունները սկսվել են, և դա չպիտի անտեսել։ Կադրերի փոփոխությունների հետ, կարծում եմ, կզգացվեն նաև իրավիճակային որոշակի փոփոխություններ։ Առարկայական գնահատական տալու համար գուցե պետք է սպասել և գործի արդյունքից դատել։ Հավատում եմ, որ ժողովուրդը շատ սուր և զգայուն դատողություն ունի, և դա անպայման կդրսևորի։ Այսօր կա ժողովրդային հատված, որ փոփոխության գնացող նախադրյալներ է տեսնում։ Չմոռանանք, որ նորացված սահմանադրությունը իրոք արմատական և համակարգային փոփոխություններ է նախանշում իրավականորեն։ Մնում է, որ սկսված գործընթացը քայլ առ քայլ հանգրվանային գործելաոճով հանգեցնի դրական փոփոխությունների։

1in.am

Տպել Տպել