Հայաստանի անվտանգության խնդիրները` Սանկտ-Պետերբուրգի միջազգային գիտաժողովում

fotorcreatedՀայաստանի անվտանգության խնդիրները առաջին անգամ ներկայացվել են Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում պարբերաբար հրավիրվող «Եվրասիական անկայունության աղեղը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Արևելյան Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա» միջազգային գիտաժողովում: Այս խորագրով արդեն վեցերորդ անգամ հրավիրվող գիտաժողովի երկօրյա նիստերում ամփոփել են Եվրասիական տարածաշրջանի 2016 թ. անվտանգության նախնական արդյունքները և քննարկվել ահաբեկչական, տեղեկատվական և ենթակառուցվածքային վտանգներին հակազդելու մեխանիզմները:

Քաղաքագետ Յուրի Նավոյանը գիտաժողովում զեկուցում է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության համակարգերի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման հիմքում տարածաշրջանային կառույցներին հնարավոր խոր ընդգրկվածության և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունն է: Հայաստանի միջազգային ընդգրկվածության աստիճանի բարձրացումը, տարբեր ուղղություններով գործընկերային ծրագրերին և խաղաղարարական առաքելություններին մասնակցությունը, երկկողմանի հարաբերությունների զարգացումը նպաստ է բերում նաև աշխարհում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործին: yuri-navoyan1-e1477761939337

Զեկուցողը նշել է, որ չնայած այս ամենին, մեր տարածաշրջանում անվտանգության սուր պակաս կա, ինչը հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի վտանգով: Ներկայումս Հայաստանում հռչակվել է ազգ-բանակ հայեցակարգը: Թեև այն ներքին քաղաքականության բաղադրիչ է, բայց, ըստ Նավոյանի, դրա հաջող իրականացումը տարածաշրջանի անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացման նշանակություն կունենա: Դրանով իսկ այս հայեցակարգի կիրառումը դուրս է գալիս հայկական շրջանակներից: Սանկտ-Պետերբուրգի գիտաժողովի նյութերը մինչև տարեվերջ կհրապարակվեն առանձին ժողովածույով: Դրա արդյունքում, տարածաշրջանային հակամարտությունների օջախների նշումով կազմվելու է Եվրասիական անկայունության աղեղի հերթական ինտերակտիվ քարտեզը:

Պետական և վերլուծական շրջանակներում մեծ հետաքրքրություն ներկայացնող այս քարտեզը թույլ է տալիս ոչ միայն վերլուծել անկայունության աղեղի ներկա վիճակը, այլ նաև կանխատեսել նոր տեղական հակամարտությունների առաջացումը: Սանկտ-Պետերբուրգում գտնվելու ընթացքում Յուրի Նավոյանը տեղի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկտրչյանի հետ միասին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են առաջիկայում տեղում համատեղ իրականացվելիք կոնկրետ ծրագրերին և Հայաստանի ու Արցախի հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Յուրի Նավոյանը ընդգծել է, որ ռուսաստանաբնակ հայությունը տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության կարևոր երաշխավորը, իսկ այժմ, երբ պետականորեն դրական փոփոխությունների նոր ազդակ կա, հարկ է, որ հայությունը հավելյալ կազմակերպվածությամբ ու կենսունակ ծրագրերով նպաստի երկրի զարգացման ընթացքին:

aravot.am

Տպել Տպել