Լօզանից Սեւր ընդամենը մէկ քայլ է

Ինչպէս եւ ենթադրւում էր Իրաքի հիւսիսային շրջաններում ծաւալւող իրադարձութիւնները խոստանում են բաւականին հետաքրքիր անակնկալներ մատուցել տարածաշրջանին:
Նախօրէին, Անկարան պատրւակելով Հիւսիսային Իրաքում թուրքմենների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը, տանկերի եւ այլ զրահատեխնիկայի մեծաքանակ կուտակումներ է կատարել Իրաքի հետ սահմանին:

Չմոռանանք, որ նոյն՝ իրենց ցեղակից թուրքմեններին պաշտպանելու սցենարն աշխատեց նաեւ Սիրիայում, երբ թուրքական բանակը ներխուժեց այդ երկրի տարածք:%d5%be%d5%ab%d5%bd%d6%85%d5%b6

Ակնյայտ է սկայան, որ թուրքմեններն ընդամենն այն խաղաքարտն են, որը խաղարկում է Թուրքիան՝ Իրաքում իր նպատակներն իրագործելու համար:

Իրականում, Անկարային մտահոգում է Իրաքում իր համար ռազմավարական կենսական նշանակութիւն ունեցող տարածքներում քրդական գործօնի ծաւալման միտումները, եւ շիաների դիրքերի ամրապնդումը:
Սրանք անմիջականօրէն սպառնում են Թուրքիայի տարածաշրջանային հեռահար նպատակներին, որոնց մասին, վերջին շրջանում, բազմիցս բարձրաձայնել է նախագահ Թայիբ Էրդողանը:
Յիշենք միայն Թուրքիայի ներկայ սահմանների կապակցութեամբ, Ռիզէ քաղաքի համալսարանում, Թայիբ Էրդողանի բաւականին ուշագրաւ յայտարարութիւնը: Իր դժգոհութիւնը յայտնելով Լօզանի պայմանագրի կապակցութեամբ, նա նշեց, որ դա անցանկալի փաստաթուղթ է, որ պարտադրւել է Թուրքիային՝ յայտարարելով, որ Թուրքիան պէտք է վերադարձնի նախկին Օսմանեան կայսրութեան կորցրած տարածքները եւ փոխի Թուրքիայի Հանրապետութեան «պարտադրւած սահմանները»:

Այս յայտարարութիւնը, եւ դրան հետեւած Էրդողանի եւ տարբեր նշանակութեան ու տրամաչափի թուրք այլ պաշտօնեաների նմանատիպ միւս յայտարարութիւններն ու թուրքական բանակի գործողութիւններն Իրաքում եւ Սիրիայում պարզորոշ վկայում են այն մասին, որ պաշտօնական Անկարան փորձում է ամրապնդել ոտնատեղն իր վերահսկողութեան տակ յայտնւած տարածքներում՝ երկարաժամկէտ կտրւածքով ապահովելով Մոսուլի, Քիրքուքի, Հալէպի եւ Իրաքի ու Սիրիայի հիւսիսային այլ շրջաններն իր տարածքին բռնակցման հեռանկարի իրականացումը:

Իրականում, Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որը բացէիբաց խօսում է Մերձաւոր Արեւելքում գործող սահմանների վերանայման անհրաժեշտութեան մասին:

Չափի եւ իրականութեան զգացողութիւնը կորցրած Էրդողանի համար վաղուց ի վեր իրենց արժէքը կորցրած՝ մեռած փաստաթղթեր են համարւում Սայքս-Պիկոյի համաձայնագիրն ու Լօզանի պայմանագիրը:
Պարզորոշ երեւում է, որ Թայիբ Էրդողանի հաշւարկներով Իրաքը եւ Սիրիան, որպէս պետութիւններ, որոնց սահմանները գծւել են դեռեւս Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ, այլեւս որպէս այդպիսին, գոյութիւն ունենալ չեն կարող: Իսկ եթէ պէտք է վերանայւեն սահմանային գծերը, ուրեմն Թուրքիան՝ որպէս Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդն ու «մայր» այն երկիրը, որը ժամանակին «անարդարացիօրէն» կազմաքանդւել է պէտք է ստանայ ամենամեծ աւարը:

Իհարկէ, Էրդողանի նման յաւակնոտ նկրտումները կարող են թանկ արժենալ Անկարայի համար:

Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի ունեցած խնդիրները կարող են կործանել Թուրքիան: Սա տարածաշրջանային հարցերով փորձագէտների մեծ մասի կարծիքն է, որի մասին օրերս համարձակւել է բարձրաձայնել Էրբիլում, Թուրքիայի նախկին հիւպատոս Այդըն Սելջէնը՝ նշելով, որ Սիրիայի եւ Իրաքի հետ կապւած Թուրքիայի ներկայ քայլերը հետագայում բեռ են դառնալու Անկարայի համար:
«Ասելով, թէ «Եթէ տարածքների առումով աւելի չմեծանանք կը պառակտւենք», սխալ ենք գործում: Իսկ եթէ մեծանալու ճանապարհին կտոր-կտոր լինե՞նք»,- ասել է նախկին հիւպատոսը:
Նոյն վտանգի մասին է ահազանգել նաեւ թուրք ազգայնական գործիչ, տխրահռչակ Դողու Փերինչէքը, որը զգուշացրել է Մոսուլ մտնելու դէպքում Դիարբեքրը կորցնելու վտանգի մասին. «Լօզանի դէմ պայքարելով եւ Աթաթուրքի փոխարէն Աբդուլհամիդին գովերգելով՝ այս ժողովրդին չէք կարող միաւորել…Դիարբեքրում, Շըրնաքում, Սիլոփիում, Վանում թուրք ոստիկանն ու զինւորը պայքար են մղում: Թուրքիայի կենտրոնական պայքարն այնտեղ է: Եթէ Մոսուլ մտնէք, Դիարբեքրը կը տաք»,- յայտարարել է Փերինչէքը:

Փերինչէքը յստակ գիտի, թէ ինչի մասին է խօսում: Նա գիտակցում է Թուրքիայի համար՝ Լօզանի պայմանագրի կենսական նշանակութիւնը:

Դա կարեւորագոյն հէնց այն փաստաթուղթն է, որը տասամեակներ շարունակ օգտագործել է Թուրքիան՝ չէզոքացնելու իր համար այնքան անցանկալի Սեւրի պայմանագիրը:
Լօզանից Սեւրին վերադարձն ընդամենը մէկ քայլ է, իսկ այդ յետքայլը միանշանակ աղէտ է լինելու Թուրքիայի համար: Դա գիտակցում են թուրք այն քաղաքական գործիչները, ովքեր դեռեւս չեն կորցրել իրականութեան զգացողութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

03/11/2016

Տպել Տպել