«Հայ Դատն այսօր» 9-րդ խորհրդաժողովը՝ կայացած

ԹԵՀՐԱՆ – Ամէն մի խորհրդաժողով իւրովի է գալիս միատեղելու հայի միտքն ու գաղափարը, ազգային գաղափարախօսութեան իդէալի իր պատկերացումները, ազգային հիմնահարցերին ու խնդիրներին իր մօտեցումներն ու լուծումները: Նոյն այս նպատակին է ուղղորդւած եւ ծառայեցւում իր տեսակի մէջ արդէն 9-րդ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը:

Նոյեմբերի 1-ին «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում մեկնարկւեց «Հայ Դատն այսօր» 9-րդ երկօրեայ խորհրդաժողովը, այս անգամ «Հայ Դատի արդար լուծման հեռանկարները» խորագրով:

Ամենամեայ խորհրդաժողովի առանձնայատկութիւնները ի մի բերելու եւ զուգահեռներ անցկացնելու նպատակայարմարութիւնը այնքան էլ էական չէ, քանզի նրանցից իւրաքանչիւրը որակապէս նոր հարթութեան վրայ է իրողութիւն դառնում եւ որ ամենակարեւորն է՝ հետաքրքրութիւն է ներկայացնում թէ՛ համայնքի մտաւոր եւ քաղաքական շրջանակներում, եւ թէ՛ դրանից դուրս. ուրեմն՝ կարելի է արձանագրել, որ խորհրդաժողովը ինքնին դեռ անժամանցելի է եւ աւելին՝ քանի դեռ կան Հայ Դատն ու նրա վերջնական հանգուցալուծումներին սպասող ժողովուրդ, ուրեմն՝ դեռ այս խորհրդաժողովը անելիքներ եւ առաքելութիւն ունի, որովհետեւ չմոռանանք, որ հէնց այս նոյն խորհրդաժողովն էր 2006 թ. նոյեմբերին, որ լսեց եւ ունկնդրեց Հրանտ Դինքի մտածումները՝ Հայ Դատի,
Թուրքիայում ժողովրդավարութեան հաստատման եւ այն յօգուտ մեզ ծառայեցնելու մասին: Այս խորհրդաժողովն էր, որ ունկնդրել է նաեւ՝ Աշոտ Մելքոնեաններ, Արմէն Այւազեաններ, Արա Պապեաններ եւ շատ այլ մտաւորականների եւ քաղաքագէտների՝ Հայաստանից եւ Սփիւռքից:

Ինչեւիցէ, այս երկօրեայ խորհրդաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիւ ելոյթներ, արտայայտւեցին տարաբնոյթ տեսակէտներ: Ելոյթների ընդգրկւածութեան ոլորտը այս անգամ տարածուն էր, ինչպէս՝ Հայկական Հարցը՝ Իրանի արտաքին քաղաքականութեան համատեքստում եւ այլն:

Երկօրեայի առաջին նիստը բացւած յայտարարեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Սուրիկ Աբնուսեանը: Նիստը վարում էին՝ «Ալիք» հաստատութեան տնօրէն Վարուժ Յովհաննիսեանը, Հենրիկ Խալոյեանը եւ Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը:

Խորհրդաժողովի առաջին բանախօսն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ թեմա ունենելով «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դիրքորոշումները՝ որպէս Ցեղասպանութեան ուղղակի զոհը, եւ գործունէութիւնը՝ Հայ Դատի եւ Ցեղասպանութեան նկատմամբ, հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ»:

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի զեկոյցը ներկայացրեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանը, իսկ Թեհրանի Հայ Դատի գրասենեակի զեկոյցը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Սուրիկ Աբնուսեանը:

Որպէս Հայ Դատի կենտրոնական գրասենեակի զեկոյց՝ ԱՄՆ, Ռուսաստան, Արաբական աշխարհ եւ Հայաստանի Հանրապետութիւն համատեքստում բանախօսեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատախանատու Կիրօ Մանոյեանը:

«ԱՄՆ եւ Եւրոպա, քաղաքական կացութեան գնահատում, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի դիրքորոշումները՝ Հայ Դատի եւ Ցեղասպանութեան նկատմամբ, հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ» թեմայով զեկուցեց Գասպար Կարապետեանը:

Խորհրդաժողովի երկրորդ օրը շարունակւեցին խորհրդաժողովի լսումները, ուր առաջին հատւածում զեկոյցներով հանդէս եկան՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, թեման՝ «Հայաստանի պաշտօնական դիրքորոշումները եւ գործունէութիւնը՝ Հայ Դատի եւ Ցեղասպանութեան վերաբերեալ, հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ», «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, թեման՝ «Հայաստանի դիրքորոշումներն ու գործունէութիւնը՝ Հայ Դատի եւ Ցեղասպանութեան վերաբերեալ, հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ (ՀՅԴ-ի դիտանկիւնից)», Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անդամ Լեռնիկ Յովհաննիսեանը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարգավիճակը՝ տարածաշրջանում եւ նախատեսելի հեռանկարները» թեմայով, իրանագէտ, աւագ գիտաշխատող, գիտութիւնների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարեանը, թեման՝ «Հայկական Հարցը՝ Իրանի արտաքին քաղաքականութեան համատեքստում» եւ Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեման՝ «Հայկական Հարցը՝ Իրանի արտաքին քաղաքականութեան համատեքստում»:

Այսպիսով՝ աւարտւեց երկրորդ օրւայ առաջին նիստը, որը վարում էին՝ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, Արմենուշ Առաքելեանը եւ Նոէլ Մինասեանը:

Օրւայ երկրորդ նիստին շարունակւեցին զեկուցումների լսումները, ուր թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Արտակ Շաքարեանը ելոյթ ունեցաւ՝ թեմա ունենալով «Թուրքիայի ներքին քաղաքական եւ հասարակական կացութիւնը», Գրիգոր Ղազարեանը՝ թեմա ունենալով «Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը եւ հաւանական փոփոխութիւնները՝ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Դատի նկատմամբ, հեռանկարները՝ մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամեակ», «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարեանը, թեման՝ «Քուրդական գործօնը՝ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Դատի նկատմամբ, հեռանկարները՝ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ», «ՀՅԴ Հայ Դատի ռազմավարութիւնը» թեմայով ելոյթ ունեցաւ Կիրօ Մանոյեանը եւ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը իր զեկոյցում մատնանշեց Հայ Դատի ռազմավարական բաղադրիչները՝ ա) Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում, բ) հողային պահանջատիրութիւն:

Յատկանշական է, որ իւրաքանչիւր ելոյթի աւարտին ծաւալւում էին աշխոյժ հարց-պատասխան եւ տեսակէտների փոխանակում՝ մասնակից լսարանի եւ բանախօսների միջեւ:
Քննարկումներից եւ հարցուպատասխանից յետոյ՝ յայտարարագրի ներկայացման ձեւաչափում եղան մտքերի փոխանակում-քննարկումներ, որոնք յանգեցին եզրափակիչ հանգուցալուծման եւ արդէն դա վերջնական տեսքով մօտ օրերս կը ներկայացնենք ընթերցողների դատին:

Երկօրեայ խորհրդաժողովի աւարտին որպէս եզրափակիչ ելոյթներ՝ արտայայտւեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի անունից՝ Գասպար Կարապետեանը, «Ալիք» հաստատութեան անունից՝ Հենրիկ Խալոյեանը եւ խորհրդաժողովը եզրափակեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Սուրիկ Աբնուսեանը:

Այսպիսով՝ աւարտւեց 9-րդ խորհրդաժողովը, որի արգասիքները կարող են դոյզն իսկ ներդրում լինել Հայ Դատի համընդհանուր աշխատանքների համատեքստում:

«ԱԼԻՔ»

Տպել Տպել