Վերաբնակեցում բառից մի վախեցեք.Արմեն Ռուստամյանը` ԱԳ նախարարին


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջե-2013թ.-ի քննարկման ժամանակ, ի պատասխան Փարիզում ՀՀ ԱԳ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր, որ Փարիզում կայացած հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին բանակցությունների կառուցողական դաշտ վերադարձնելն էր:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԳ նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են Ադրբեջանին պատրաստվում վերադարձնել կառուցողական դաշտ, որում այն երբեք չի եղել եւ դժվար թե այդ դաշտում լինի մոտ ժամանակներս: Ռուստամյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ թեզերով, ի՞նչ ձեւերով է ԱԳՆ-ն պատրաստվում դա իրականացնել:

ԱԳ նախարարն ընդգծեց, որ ջանքեր գործադրվում են, իսկ թե որքանով է հաջողվում, այլ հարց է: Նալբանդյանը վստահեցրեց նաեւ, որ միջազգային հանրության եւ ՀՀ մոտեցումները համահունչ են:

Անդրադառնալով ԼՂՀ-ին տրվելիք գումարների մասին` Ռուստամյանի հարցին` նախարարը հայտարարեց, որ սա փակ հանդիպում չէ, եւ հարցադրումներ են արվում, որոնց վերաբերյալ դրսի արձագանքը այլ կարող է լինել: «Դուք ասում եք` եկեք ֆինանսավորենք վերաբնակեցումը, ի՞նչ է արձագանքը լինելու, դուք կարծում եք, որ այստեղ նստածներից որեւէ մեկը ԼՂՀ խնդիրների լուծման մասով պակա՞ս ցանկություն ունի, նման բան չկա»,- հայտարարեց նա:

Ռուստամյանը խնդրեց ըստ էության հարցին պատասխանել, թե ո՞ր թեզով է ԱԳՆ-ն պատրաստվում Ադրբեջանին վերադարձնելն բանակցությունների կառուցողական դաշտ:

«Շատ վտանգավոր է, որ դուք ասում եք, թե մենք համահունչ ենք միջազգային հանրությանը, որովհետեւ միջազգային հանրությունն ասում է Մադրիդյան սկզբունքները լավն են: Եվ երկրորդ` «վերաբնակեցում» բառից մի վախեցեք, մինչեւ հիմա «ազատագրում» բառից էին վախենում, հիմա էլ վերաբնակեցում բառն է ձեզ այդպես խրտնեցնում»,- ընդգծեց դաշնակցական պատգամվորը եւ հավելեց, որ կարելի է ասել` օգնություն ենք տրամադրում` բացելով տողերը, թե ինչի համար:

«Իսկ ի՞նչն է խանգարում չբացել այդ տողերը, բայց լուծել այն հարցեր, որ մենք ունենք»,- արձագանքեց արտգործնախարարը:

Ռուստամյանը հակադարձեց նախարարին` ասելով, որ այդ հարցերը չեն լուծվում:

Տպել Տպել