Ձևակերպում կար Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար անընդունելի էր

rutamyanԱյսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մի պարզաբանմանն անդրադարձավ, որը չէր վերաբերում քառօրյային, սակայն դրան մեծ տեղ էր հատկացրել ադրբեջանական մամուլը կապված վերջերս կայացած մոնիտորինգի հատուկ հանձնաժողովի գործունեության ընթացքի հետ: Ադրբեջանական մամուլը ներկայացրել էր, թե իբրև այդ հանձնաժողովի ժամանակ կանխվել է հայ պատգամավորի սադրանքը :

«Եվ այդ պատգամավորը ես եմ: Որևէ սադրանք եթե կանխվել է, ապա կանխվել է կոնֆլիկտների հարցով զբաղվող «Սառեցված կոնֆլիկտների հարցերով զբաղվող» հատուկ ենթահանձնաժողովում, որը իր գործունեության ընթացքում որևէ կոնկրետ արդյունք չի տվել: Մենք դեմ ենք եղել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև ձևակերպում կա Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար բացարձակ անընդունելի է` ԼՂ և գրավյալ տարածքներ ձևակերպմամբ»,- ասաց Ռուստամյանը: Նա հավելեց, որ ամենամեծ սադրահնքն այն է եղել, որ հանձնաժողովի նիստին հայտարարվել է, թե իբր հայկական և ադրբեջանական կողմը համաձայն են ձևակերպմամբ քննարկել հարցը: Դա իրականությանը չի համապատասխանում, հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Հանձնաժողովի նիստում հայկական կողմը ասել է, որ եթե այս ձևակերպմամբ են փորձում քննարկում ծավալել, ապա իմաստ չեն տեսնում քննարկել կոնֆլիկտը` նախապես կանխորոշելով այդ քննարկումների եզրակացությունը:

Ռուստամյանը հավելեց, որ այդ հանձնաժողովը փոխել է կարգավիճակը հատուկից վերածվելով սովորական հանձնաժողովի, բայց հայկական կողմին հաջողվել է ամրագրել մի կարևոր պահանջ , որ ցանկացած կոնֆլիկտ կարող է քննարկվել, եթե երկու կողմերի համաձայնությունը կա:

yerkir.am

Տպել Տպել