Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների բարելավմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից մեր երկրում իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:25e4c85408304c550eeff42a99a3513d

Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթությունները` նախարարը շեշտել է, որ ներկայում հիմնական խնդիրը որակի ապահովումն է կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն: Լևոն Մկրտչյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամակցող Հայաստանի կրթական համակարգի կառույցն ամբողջությամբ համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, այժմ ժամանակն է լուծումներ գտնել բովանդակային խնդիրների կարգավորման համար: ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել ԵՆԲ-ի հետ համագործակցության ծրագրեր իրականացնել կրթության ոլորտի տարբեր ուղղություններով:

Յան Վապավուրին իր գոհունակությունն է հայտնել ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՆԲ-ն բավարարված է արդեն հաստատված ծրագրերի իրականացման որակով: Յան Վապավուրիի խոսքով, համատեղ արդյունավետ փորձն ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցությունը շարունակելու համար և խնդրել է ներկայացնել հետագա համագործակցության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տպել Տպել