Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը

fotorcreated-28-600x280Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հրամանում մասնավորապես ասվում է. «Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը»:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է`

1) մինչև ս/թ նոյեմբերի 23-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,

3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է.

1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,

2) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա»:

Բնապահպանության նախարարություն

Տպել Տպել