ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին

1920թ. նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրում է իր իրավարար վճիռը՝ Հայաստան-Թուրքիա սահմանագծի մասին։ Այդ օրվան 96-ամյակի առիթով, ստորեւ հրապարակում ենք Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի 2015թ. ապրիլին հրապարակված վերջնական զեկույցի «Համառոտ շարադրանք»ի համապատասխան բաժինը եւ կցում նույն զեկոյցը համապատասխան գլուխը՝ ամբողջությամբ։

ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի  իրավարար վճռով ճշտված Հայաստան-Թուրքիա սահմանը

ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ճշտված Հայաստան-Թուրքիա սահմանը

ԳԼՈՒԽ 5. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

1918թ.-ին հիմնադրվում է Հայաստանի առաջին հանրապետությունը, որի կազմում ընդգրկված էին նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների հողեր: Առաջին աշխարհամարտի դաշնակից տերությունները 1920թ. ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշելու խնդրագիր: 1920թ. մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին փոխանցում է ԱՄՆ նախագահի համաձայնությունը հանդես գալ որպես իրավարար: 1920թ. օգոստոսի 20-ի Սևրի պայմանագիրը հաստատեց նախագահ Վիլսոնին հղած իրավարարության խնդրագիրը: Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն անցնում էր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներով: Այդ տարածքներն անցնում էին Հայաստանին՝ նաև ելք տալով դեպի ծով:

vudrowilsonԵթե պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր, որ այն վավերացվեր, ապա իրավարար վճիռը, միջազգային իրավարար օրենքի համաձայն, վավերացման կարիք չուներ: Ըստ իրավարարության միջազգային օրենքի՝ ընդունվելուց հետո վճիռը պարտադիր է դառնում կողմերի համար, անկախ պայմանագրի կամ այլ համապատասխան համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց կամ չմտնելուց, եթե այն համապատասխանում է իրավարար վճռի օրինական և իրավական ուժ ունենալու համար անհրաժեշտ չորս չափանիշներին: Վիլսոնի իրավարար վճիռը ճշտորեն համապատասխանում էր այդ չափանիշներին:

(1) Իրավարար(ներ)ը չպետք է ենթարկված լինեն որևէ արտաքին ազդեցության՝ ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի: Գոյություն չունի որևէ ապացույց, թե նախագահ Վիլսոնը ենթարկվել է ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի:

(2) Ապացույցները չպետք է կեղծված լինեն և ունենան էական սխալներ: Հանձնաժողովի կազմի և գործունեության հետազոտումը հաստատում է, որ այս չափանիշի պահանջները կատարվել են: ԱՄՆ նախագահը հավաքել էր փորձագետների կոմիտե, որը կոչվում էր Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման կոմիտե: Կոմիտեի նախագահը Վիլյամ Լին Վեսթերմանն էր, որն այդ ժամանակ Վիսքոնսինի համալսարանի պրոֆեսոր էր, այնուհետև մինչև 1948թ., Կոլումբիայի Համալսարանի պրոֆեսոր: Նա Մերձավոր և Միջին Արևելքի պատմության և քաղաքականության մասնագետ էր: 1919-ին նա ղեկավարում էր Փարիզի խաղաղության բանակցություններում ԱՄՆ հանձնաժողովի Արևմտյան Ասիայի բաժինը: Գլխավոր աշխատակիցներն էին՝ ԱՄՆ Բանակի Գխավոր շտաբի անդամ, մայոր (և պրոֆեսոր) Լոուրենս Մարտինը, որը որպես աշխարհագրագետ մասնակցել էր Հարբորդի առաքելությանը, և ԱՄՆ Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բաժնի աշխատակից Հարիսոն Դուայթը: Հանձնաժողովի բոլոր անդամները գիտակ, փորձառու և անկողմնակալ փորձագետներ էին: Նրանց աշխատանքն առ այսօր շարունակում է մնալ որպես նմանատիպ գործընթացների օրինակելի մոդել: Նրանք օգտագործել էին զանազան վստահելի աղբյուրներից ստացած հսկայական տեղեկություններ, որոնցում հաշվի էին առնվում՝

«բնական սահմանի» և «նոր պետության աշխարհագրական ու տնտեսական միասնականության» անհրաժեշտությունը, (բնակչության ազգային և կրոնական գործոնները հաշվի էին առնվել միայն որոշակի չափով), անվտանգության և դեպի ծով ելք ունենալու հարցերը

(3) Խնդրագիրը պետք է վավերական լիներ: Վավերականությունը հաստատվում է այն փաստով, որ բոլոր համապատասխան կողմերը, այդ թվում Հայաստանը և Թուրքիան, տվել էին իրենց համաձայնությունը: Թուրքիայի կառավարությանը հնարավորություն էր տրվել Սևրի պայմանագրի քննարկման շրջանակներում առարկելու իրավարար վճռին, սակայն Թուրքիան որևէ առարկություն չէր ներկայացրել: Խնդրագիրը ստորագրվել էր Օսմանյան կայսրության օրինական կառավարության ներկայացուցիչների կողմից:

(4) Իրավարարները չպետք է գերազանցած լինեն իրենց լիազորությունները: Խնդրագրով իրավարարին խնդրանք էր ներկայացվում՝ (ա) որոշելու Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում, (բ) Հայաստանին տրամադրել ելք դեպի ծով, (գ) մշակել թուրք-հայկական սահմանին հարակից շրջանների ապառազմականացման դրույթները: Իրավարար վճիռը ճշգրտորեն կատարել էր այդ պայմանները և այլ տարածքների վերաբերյալ որևէ բան չէր պարունակում:

Այսպիով Վիլսոնի իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը տարածք էր շնորհվում, այդ ժամանակ վավերական էր՝ անկախ այն փաստից, որ Սևրի պայմանագիրն այդպես էլ չվավերացվեց: Սրանից հետևում է, որ Թուրքիայի կողմից «Վիլսոնյան Հայաստանի» այսօրվա օկուպացիան միջազգային պարտավորության խախտում է և հետևաբար հիմք է հանդիսանում իրավական գործողությունների համար, օրինակ՝ դիմելու Արդարադատության միջազգային դատարան ըստ այդ դատարանի կանոնադրության 36(2) հոդվածի, համաձայն որի դատարանը պարտավոր է որոշում կայացնել «միջազգային պարտավորության խախտման հետևանքով ծագած հատուցումների բնույթի և հայցի կապակցությամբ»: Այստեղից հետևում է, որ 1920-ից առ այսօր այդ տարածքի օկուպացիան, այդ տարածքում ժողովրդագրական փոփոխությունները (ստիպողական կամ այլ կերպ) և ակնհայտ մշակութային ապացույցների ոչնչացումն ու բնակավայրերի անվանափոխումները այդ տարածքին տիրելու որևէ իրավական հիմք չեն տալիս Թուրքիային:

0809Wilsonian_Armenia1923թ. հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագիրը հաճախ ընկալվում է որպես չվավերացված Սևրի պայմանագրին փոխարինող պայմանագիր: Սակայն դա այդպես չէ: Լոզանի պայմանագիրը չէր կնքվել Սևրի պայմանագիրը ստորագրած պետությունների միջև. ստորագրող երկրներն այլ էին, իսկ պայմանագիրը կարող է փոփոխվել միայն այն ստորագրած բոլոր կողմերի համաձայնությամբ: Ավելին, Լոզանի պայմանագիրը որևէ ուժ չունի որևէ հայկական կազմավորման համար, քանի որ այն չի ստորագրվել որևէ հայկական կազմավորման կողմից, թեև Սևրի պայմանագիրը ստորագրած հայկական պատվիրակությունը դեռևս կար: Եվ վերջապես, երկու պայմանագրերի շրջանակները, նպատակները և համատեքստերը բացարձակապես տարբեր էին. Սևրի պայմանագրի նպատակն էր ավարտին հասցնել Առաջին աշխարհամարտի Թուրքիային առնչվող մասը և խաղաղություն հաստատել, իսկ Լոզանի պայմանագիրը վերաբերում էր միայն 1919-1922թթ. թուրք-հունական հակամարտությանը:

Վիլսոնի իրավարար վճիռը Հայոց ցեղասպանության հատուցումների հարցում հատկապես կարևոր նշանակություն ունի: Վճիռը կարելի է դիտել որպես Հայոց ցեղասպանության առաջին փուլից հետո միջազգային հանրության կողմից մշակված հատուցումային փաթեթի կենտրոնական բաղադրիչը: Նպատակն այն էր, որ հայերին հատկացվեր այնպիսի տարածք, որը կնպաստեր Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի վերականգնմանը և հետագա կենսունակությանը: Եթե Հայոց ցեղասպանության համար հատուցումները համարվում են արդարացված, ապա տրամաբանական պետք է համարել նաև հատուցումների նախկին տարբերակը: Երկրորդ՝ վճիռն այսօր իրագործելը կդիտվի որպես քեմալականների հասցրած վնասների շտկում, քանի որ նրանք էին, որ բռնազավթելով Հայաստանին հատկացված և արդեն հայկական պետության իշխանության ներքո գտնվող տարածքը, խոչընդոտեցին վճռի իրագործումը: Այս իմաստով, եթե վճիռն այսօր իրագործվի, ապա դա կհանդիսանա Թուրքիայի կողմից իր պարտավորության խախտման հատուցում: Իսկ այդ խախտումը հանդիսանում է Հայոց ցեղասպանության երկրորդ փուլի մի մասը, որն իրագործել են արդեն քեմալականները մինչև 1923թ.:

Ներբեռնել՝ զեկույցի 5րդ գլուխը ամբողջությամբ՝
ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Տպել Տպել