Սփյուռքի նախարարությունը, ցավոք, միայն խոսքերի ու ժողովների մեջ է

Երեւանի Հանրապետության փողոց 30 հասցեում` ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում սկսել է գործել Սիրիահայության խորհրդատվական կենտրոնը, որի աշխատանքները համակարգում է Հալեպի «Արեւելք» տպարանի տնօրեն, Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության անդամ Խաչիկ Ջոզիկյանը:

-Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք:
– Արդեն չորս ամիս եղավ` ընտանիքով այստեղ եմ:

-Ինչո՞ւ որոշեցիր, որ անպայման պետք է բացել այս գրասենյակը` խորհրդատվական կենտրոնը, ի՞նչը ստիպեց գնալ այս քայլին:
-Երկար սպասելուց հետո, երբ նկատեցի, որ այլեւս որեւէ տեղ ճար չկա, եւ որտեղ որ լինում ես, միայն խոսքեր են, շատ գեղեցիկ ժողովներ, խորհրդաժողովներ` սիրիահայերի թեման մեջտեղ արած, մարդիկ իրենց հոդվածներն են լցնում, իսկ գործնականում որեւէ աշխատանք չկա, մտածեցի, որ նախաձեռնենք, եւ մենք էլ մեր կարողություններով օգտակար լինենք մեր հայրենակիցներին: Բոլոր կազմակերպություններն ու կուսակցություններն այստեղ ուզում են ինչ-որ բան անել, բայց այդ ցանկությունը գործնական քայլերի վերածելն է կարեւորը: «Կիլիկեան» դպրոցը ստեղծվեց հնչակյան շրջանակների գումարով, եւ իրենք աշխատանք տարան, որ սիրիահայ աշակերտներ այստեղ անվճար ուսուցանվեն: Պետությունը` մյուս կողմից, դպրոցները տրամադրեց բոլոր սիրիահայ ուսանողներին` նույնպես անվճար` նրանց տալով տարբեր տեսակի օժանդակություններ: ՀԲԸՄ-ը նյութական օժանդակությամբ յուրաքանչյուր ընտանիքի 60 հազար դրամ տրվեց:

Սփյուռքի նախարարությունը, ցավոք, միայն խոսքերի ու ժողովների մեջ է: Ժողովուրդը` բոլոր եկողները, դիմում են այնտեղ աշխատանք, նյութական օժանդակություն ստանալու հույսով եւ այլն: Սփյուռքի նախարարությունը կարող է 5 կամ 10 տոկոսով օժանդակել, կամ ինչ-որ տեղ մեր ձայնը հասցնել համապատասխան տեղեր, որպեսզի օրենքը փոխվի, անվճար կեցության հարցերը լուծվեն եւ այլն, բայց այդքանը բավարար չէ: Խնդիրները շատ են, հարցերը անսպառ:

Ժողովուրդն այստեղ ամեն ինչի կարիք ունի, քանի որ երբ տուն-տեղ, ամեն ինչ թողած եկել է Հայաստան, դա նշանակում է, որ երկրորդ ցեղասպանությունն է, որ տեղի է ունենում թուրքական կառավարության կողմից, բայց այս անգամ ավելի կուլտուրական ձեւով: Նախկինում եթե կենդանիներով, քայլելով ժողովրդին տեղափոխեցին, հիմա Սիրիայի հայությանը շատ գեղեցիկ մեքենաներով, օդանավերով են տեղափոխում` ի սփյուռ աշխարհի: Միայն Հայաստան չէ, այլ երկրներ էլ գնացին` Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ավստրալիա եւ այլն: Բայց, իմ կարծիքով, ամենամեծ թվով հայերը, որ տեղահանվեցին եւ ներկայումս տեղահանված են, գտնվում են Հայաստանում: Թվերը հստակ չեն, բայց մոտավորապես 5000-ի մոտ է: Այդ թվերը կարող են, անշուշտ, ճշտվել սահմանային անցակետերից` թե ով եկավ, ով գնաց:

Բայց եթե անդրադառնանք Սփյուռքի նախարարության հարցին, ապա այն ձեւը, որ նրանք են որդեգրել, իրեն չի արդարացնում: Այսօր կազմել են 30 հոգանոց հանձնախումբ, որպեսզի սիրիահայերին օգնեն: Բայց ո՞վ է օգտվում, մինչեւ հիմա քանի հոգի է օգտվել, կամ ի՞նչ է այդ օգնությունը, որ տվել է Սփյուռքի նախարարությունը: Ինչ-որ պետական առումով էլ որոշումներ են ընդունվել, դա էլ պետությունն ինքնըստինքյան պետք է աներ, ոչ թե պետք էր մեկը հիշեցներ, որ այդ որոշումն ընդունվեր:

-Օրինակ…

-Ասենք` 21 օրվա վիզայով եկել են, ավելի յուրաքանչյուր օրվա կեցության համար պետք է 500 դրամ վճարել: Սիրիահայերին ազատեցին այդ օրենքից: Մեքենաներով են փախել, եկել այստեղ` մեքենաների տուրքը չեղյալ համարեցին, որովհետեւ կարողություն չունեն: Սրանք արդեն պարտադիր բաներ են, որ պետությունը պետք է անի, ոչ թե հիմնական աշխատանքներն են, որ պետք է տարվեն, բայց չեն տարվում:

Կեցության հարցը` այսօր եթե ընտանիքը կեցության համար պետք է վճարի 500 դոլար, եւ դու կարող ես միայն 25 ընտանիքի հանրակացարաններում կացարանով ապահովել, իսկ արդեն ունես 1500 ընտանիք, որոնք այստեղ մնալու համար փող են վճարում, այդ ընտանիքները որքա՞ն կարող են դիմանալ` նվազագույնը 500 դոլարով եթե հաշվենք:

Սրա հետ մեկտեղ կա նաեւ սննդի հարցը: «Օգնի’ր եղբորդ»-ի օժանդակությունը, որ Սիրիա պետք է գնար, դրանից մի մասը վերապահվեց այստեղի հայերին: Դա կարող է կազմել մեկ ամսվա սնունդ` յուրաքանչյուրին` մեկ արկղ: Բայց հաջո՞րդ ամիս, մյո՞ւս ամիս… Դրա համար էլ մենք` իմ ընկերներով, որոշեցինք դիմել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, որպեսզի մեզ տեղ տրամադրի, եւ մենք ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում արդեն կկազմակերպենք եւ կփորձենք մեր մասով օգտակար դառնալ, ճամփա եւ ուղղություն ցույց տալ մեր եղբայրներին ու քույրերին: Տեսնենք` մինչեւ ե՞րբ եւ ո՞ւր պետք է վերջանա այս հարցը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Հասկանում ենք, այս գրասենյակը գալիս է լրացնելու այն բացը, որ չեն հասցրել կամ չեն կարողացել իրականացնել պետական մարմինները, գալիս է` օգնելու նույն պետական մարմիններին: Հիմա այս խորհրդատվական մարմինն ինչպե՞ս է շարունակելու իր գործունենությունը` բազա՞ եք ստեղծելու, թե՞ մարդկանց հետ մշտական կապի մեջ եք լինելու:
– Խորհրդատվական մակարդակով, եթե ասելու լինենք, առաջին քայլը, որ արեցինք, ընկերներին հուշեցինք, որպեսզի Հալեպից եկած որքան ոսկերիչներ կան, համախմբվեն, եւ մեր ընկերներն առաջին հանդիպումն ունեցան, որպեսզի նրանք այստեղի իրենց ոսկերչական գրասենյակի եւ ընդհանուր հայկական ոսկերչական գրասենյակի միջոցող բարձրանան մինչեւ քաղաքական գրասենյակեւ այնտեղից պահանջեն, որպեսզի ազատ գոտի ստեղծվի, որպեսզի այն սիրիահայերը, որ կարողություն ունեն այստեղ ոսկերչական գործեր անելու, նրանց համար հատուկ կարգեր հարմարեցվեն, եւ նրանք սկսեն իրենց աշխատանքները: Սա այն պարզ օրինակն էր, որ մտածեցինք` մոտ 40 ոսկերիչների հավաքել, ոսկերչական ազատ գոտի ստեղծել, այստեղ աշխատեն, դրսում վաճառվի: Նյութական բազա ստեղծվի:

-Նման նպատակները արդեն կային, եւ, փաստորեն, դուք ուզում եք արագացնե՞լ այդ գործընթացը:
-Այո: Մենք հիմա երկրորդ ձեռնարկն ենք անում: Եթե մեզ Սփյուռքի նախարարությունը տրամադրի այստեղ գտնվող սիրիահայերի ցուցակը, կորոշենք, թե, ըստ մասնագիտությունների, ինչ նման ձեռնարկներ իրականացնենք: Ուրիշ ավելի հիմնական կետ` ՀՅԴ Բյուրոյի հետ մեր առաջին հանդիպմանը պայմանավորվեցինք որ հանդիպում ունենանք ՀՅԴ տնտեսական գրասենյակի հետ: Առաջիկա օրերին կլինի նաեւ այդ հանդիպումը: Եթե նրանք ունեն պատրաստի ծրագրեր, ապա մենք դրանք անմիջապես գործնականի կվերածենք: Չենք ուզում բեռ դառնալ ՀՀ կառավարության ուսերին: Պետք է կարելիության չափ հավաքվենք ու միասին ձեռնարկություններ հիմնենք: Ձեւերը շատ են, մենք պետք է հրավիրենք մեր գործարար ընկերներին, որպեսզի նրանց ծրագրերը միասնական աշխատանքով սկսենք` հովանավորությամբ ԳՄ-ի կամ Բյուրոյի մեր ընկերների:

– Վերջերս մի քանի սիրիահայ բժիշկների հետ հանդիպեցի, ովքեր բավական լավ մասնագետներ են: Արդեն մեկ ամիս է` գործ են փնտրում, բայց բոլոր տեղերում դռները փակ են նրանց առջեւ: Կարծես, արդեն մտածում են Ռուսաստան գնալու մասին: Ունե՞ք այդպիսի տեղեկություններ:
-Ես մեկ բժշկի մասին տեղեկություն ունեմ. մեր լավագույն բժիշկներից է` սրտաբան: Նա դիմել էր աշխատանքի, նրան կարծես ընդառաջել էին, բայց 60 հազար դրամ ամսական աշխատավարձով: Մնացածն արդեն հստակ է ու պարզ:

-Մի քանի օր առաջ բանկերից մեկում սիրիահայեր տեսա, եւ բանկի կառավարչի հետ զրուցում նա ասաց` նայի’ր շատ հարուստ սիրիահայեր են, որ եկել են այստեղ, փորձել են բիզնես սկսել, բայց չեն կարողացել, եւ հիմա իրենց փողերը փոխանցում են եւ մեկնում Կանադա: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Տեղեկություն չունենք, բայց ենթադրաբար կարող ենք ասել, որ ճիշտ է, այդպես էլ պետք է լինի, որովհետեւ եթե այստեղ հնարավոր չէ գործ անել, ապա այս ժողովուրդը պետք է մի ուրիշ երկիր փնտրի, որ կարողանա այնտեղ գործ անել: Բավական շատ սիրիահայեր կան, որ մտածում են, որ հենց այնտեղ պետք է աշխատեն, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ. Մարդիկ եկել են ու իրենց ձեռքի մի քանի կոպեկը պետք է աշխատեցնեն, որպեսզի գոյատեւեն: Եվ պետությունը մեծ հնարավորություններ պետք է ստեղծի` կարգեր հաստատելով, օրենքներ փոխելով եւ այլն, որպեսզի այդ մարդիկ այստեղ մնան:

-Մեր պետությունը եւ մենք պատրաստ չէինք այս տագնապին` որպես հասարակություն: Ի՞նչ պետք է արվի, որ այս վիճակը շտկվի:
-Երբ չորս ամիս առաջ ես եկա, տասնհինգ օրով էի եկել` ընտանիքս բերեցի, տեսա, որ վիճակը վատթարանում է, արդեն չորս ամիս դարձավ` հինգերորդն է մոտենում, եւ ես դեռ այստեղ եմ: Ինչպես դուք պատրաստ չէիք, այնպես էլ մենք պատրաստ չէինք, որ այսքան արագ կծավալվի այս հարցը. 180 աստիճան փոխվելով` երկիրը հանկարծ քարուքանդ վիճակում հայտնվեց: Իսկ այստեղի կառավարությունը պետք է որ տեղյակ լիներ, որ այս հանգրվանին է մոտենում իրավիճակը, եւ գոնե քայլեր պետք է արած լիներ: Չգիտեմ, թե ինչպես պետք է լինի, բայց պետությունը պետք է գոնե մասամբ տեղյակ լիներ իրադարձությունների ծավալումից, եւ իմանար, թե կարո՞ղ է արդյոք ընդունել այսքան ժողովրդի:

-Այսինքն` ձեւակերպենք այսպես` սիրիահայ համայնքը պետք է մնար Սիրիայում, պետք չէ, որ գաղութը քանդվի, բայց Հայաստանը պետք է պատրաստ լիներ վատթարագույնի՞ն:
– Այո: Նույնիսկ այժմ ես չեմ կարող ասել, որ Հալեպի գաղութը դատարկվում է: Այստեղ 5000 մարդը` 10 տոկոսը, որ եկել են, հարցը չէ: Մենք միշտ էլ կողմ ենք, եւ այդպես էլ պետք է լինի, որ Հալեպի գաղութը գոյատեւի: Չի կարելի այսպիսի հզոր գաղութը քայքայել: Ինչ կառավարություն կամ պետական քաղաքականություն էլ լինի այսօր, վաղը կամ ապագայում գաղութը պետք է գոյատեւի, ինչպես որ հազարավոր տարիներ Սիրիայում գոյություն է ունեցել հայությունը. Թվով նվազել, է, բայց այդ գաղութը գոյություն ունի եւ պիտի մնա: Այստեղ նորից պետք է ասենք, որ թե’ հալեպահայությունը, թե’ այստեղի կառավարությունը եւ ժողովուրդը կամ հասարակական բոլոր կազմակերպությունները անպատրաստ են մինչ օրս` դիմագրավելու այս ծանր իրողությանը: Կարող է պատահել, որ ավելի վատ վիճակում հայտնվի Սիրիան, եւ այստեղ եկողների թիվն աճի: Չգիտենք` կարող է նաեւ հակառակը լինել, ով եկավ, հարմար գտավ այստեղ մնալ` մնա, ով կուզի, իր տուն գնալ` կգնա:

– Ըստ Ձեզ` գրասենյակը ե՞րբ կընկնի հունի մեջ:
– Մի քանի օրից:

-Իսկ նախատեսե՞լ եք, որ այն սիրիահայերը, որ մեծ նյութական կապիտալով են եկել, սակայն մտադրություն ունեն Շվեդիա կամ Կանադա գնալ, փորձեք նրանց համոզել մնալ:
– Իհարկե՛, ամենակարեւորը` մենք նրանց վրա ենք ուզում հենվել, որովհետեւ նրանք են, որ այս երկրում կարող են ինչ-որ բան զարգացնել: Սակայն նրանք այստեղ պետք է համոզված լինեն, որ կունենան նաեւ տեղական գործընկերներ, որպեսզի նրանց հետ միասին կարողանան ռուսական շուկան, եվրոպական շուկաներ մտնել: Դա հիմնական կետերից մեկն է: Որովհետեւ, երբ արաբական երկրում ես աշխատել, այլ շրջապատում ես գործել, բոլորովին տարբեր երկրամաս է, տարբեր սովորություններ կան, կամ տարբեր աշխարհընկալում կա: Հիմա այստեղ են եկել եւ պետք է բոլորովին այլ կերպ սկսեն աշխատել:

-ԽՍՀՄ տարիներին, երբ Մերձավոր Արեւելքից հայության մեծ ներգաղթ տեղի ունեցավ, մի մասը թեեւ Ալթայ աքսորվեց, բայց մի մասն էլ մնաց, մշակույթ ձեւավորեց եւ տնտեսություն զարգացրեց: Հիմա, կարծես, երկրորդ փուլն է, բայց նոր մշակույթ ներկրողները, փաստորեն, Հայաստանում չեն կարողանում իրենց տեղը գտնել եւ ստիպված իրենց գիտելիքներով ու կարողություններով տեղափոխվում են այլ երկրներ:
-Երբ երկար մնում ենք, տեսնում ենք, որ այս երկրում իսկապես լայն հնարավորություններ կան: Բայց կարեւորը` պետական օրենքները պետք է այնպիսին լինեն, որ հեշտացնեն մեծ ներդրումները: Այստեղ պետք է ստեղծել ազատ գոտիներ, որ մարդիկ կարողանան ֆաբրիկաներ հիմնել, արտադրամասեր եւ այլն, առանց տուրքի դրսից հումքը բերեն, այստեղ արտադրեն եւ դուրս արտահանեն: Դա էլ արդեն մեծ բան է, որ այստեղի մարդկային ուժը աշխատի: Մեծ հիմնարկներ կարող են ստեղծել, եւ շատ հեշտությամբ, ինչպես այլ երկրներում է:

-Երբ ամեն ինչ սեփականաշնորհված է, եւ այդպիսի գործունեություն ծավալելու համար տեղ է պետք, ինչպե՞ս պետք է անեք:
-Պետությունը թող նրանց տեղ տրամադրի` արտադրատարածքներ կամ ուղղակի տարածքներ. նրանք թիթեղով անգարներ կսարքեն ու ֆաբրիկաներ, այստեղի աշխատուժը կաշխատի: Հիմա նույնիսկ մեկ օրը հետոն ուշ է: Պետք է արագ լինի ամեն ինչ, որպեսզի ժողովուրդն այստեղ մնալու մասին մտածի, արագ պետք է լինի այդ պրոցեսը: Կա այդպիսի պրոցես, գիտեմ, բայց պետք է ավելի արագացվի:

«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել