«Օգնիր եղբորդ»-ը քաղաքական սահման չունի. սիրիահայերի աջակցության անհրաժեշտությունը համապետական հոգս է

Սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է առաքելությունը:

Նախաձեռնության ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդի, սիրիահայ շտապօգնության մարմնի ներկայացուցիչների հետ պատերազմական գոտում իրենց գոյությունը պահպանող սիրիահայերի կարիքները հասկանալու նպատակով:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:

Նրա հավաստիացմամբ՝ որքան էլ, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ակունքում ՀՅԴ կառույցներն են, նախաձեռնության նվիրյալները սիրիահայերի աջակցության անհրաժեշտությունը դիտարկում են որպես համապետական հոգս:

«Երբ մենք հայտարարեցինք «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ստեղծման մասին, ասացինք, որ նախաձեռնությունը քաղաքական, աշխարհագրական սահման չունի: Եվ այդպես էլ եղավ: Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը իրենց աշխատավարձերից բաժին հատկացրեցին սիրիահայերին աջակցելու համար, գործարարները, քաղաքական դաշտի տարբեր ուժերի ներկայացուցիչները գումար փոխանցեցին նախաձեռնությանը, այսինքն՝ մեկ գաղափար է բոլորիս միավորում՝ լինելիության տագնապ ունեցող սիրիական համայնքին ինչպե՞ս փրկել կործանումից»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

Խոսելով նախաձեռնության առաջիկա անելիքների շուրջ՝ նա ասաց, որ այս պահին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պահեստներում կա 40 տոննայից ավելի պարենմթերք և մոտավորապես 0.5 տոննա դեղորայք:

Այս օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն պարենային օգնության 15 կիլոգրամանոց տուփեր է տրամադրում սիրիահայ 150 ընտանիքների, ովքեր ամռանն այցելել են Հայաստան և հետագայում պատերազմական գործողությունների մեջ ներքաշված Սիրիա չեն վերադարձել:

«200 հոգու բաժանվել են նաև տաք ծածկոցներ, ևս 200 հոգու կհատկացվեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով, որ որոշ կարիքավորների կտրամադրվեն նաև տաք հագուստ և կոշիկ:

«Շարունակում ենք ցուցակագրել կարիքավոր սիրիահայերին: Միայն սնունդի չէ, որ կարիք ունեն, առողջապահական, իրավաբանական խորհրդատվության կարիք ևս ունեն, փորձում ենք այդ հարցերում ևս աջակից լինել: Հալեպ ուղարկվելիք հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը պատրաստ է, անընդհատ ճշտում ենք՝ ինչպես և երբ ուղարկել դրանք»,- պարզաբանեց նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ շարունակում են բեռի փոխադրման առավել հարմար ճանապարհներ որոնել: Լիլիթ Գալստյանը եզրափակեց իր խոսքն ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել անորոշության, տագնապի մեջ գտնվող սիրիահայ համայնքին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենմթերքով, հոկտեմբերի 15-ին էր ուղևորվել Հալեպ: Իսկ պարենմթերքի երկրորդ խմբաքանակը սիրիահայերին հասել էր հոկտեմբերի 23-ին: Շուրջ 2 ամիս ձևավորված նախաձեռնությանը միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, բարերարներ, անհատներ, գործարարներ:

Նշենք, որ ՀՅԴ-ի «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը» Գյուլբենկյան 38 հասցեում գտնվող գրասենյակում, մեկ սենյակ է տրամադրվել, որը գործում է որպես սիրիահայերի ակումբ, որտեղ նրանք հանդիպում են, քննարկումներ անում:

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, “Օգնիր եղբորդ” նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով “Օգնիր եղբորդ” նախաձեռնությունը 5000000 (5մլն) դրամի փոխանցում է կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին։

“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության բանկային հաշվեհամարը ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ է` 23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401։

Տպել Տպել