Հանդիպումներ ԱՄՆ-ում հեռուստամարաթոնին ընդառաջ

fotorcreated«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական հեղինակավոր կազմակերպությունների պատասխանատուների հետ:

«Արցախպրես»-ը հաղորդում է, որ փոխվարչապետը և Պարգև Սրբազանը հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ: Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության անունից, երախտագիտություն է հայտնել Համագումարի ղեկավարությանն՝ Արցախին մշտապես սատար կանգնելու համար: Հանրապետության փոխվարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել հարցերի այն շրջանակի վրա, որոնք ներկա փուլում առավել կարևոր են Արցախի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական բնույթի մի շարք հարցեր: Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուները կարևորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում իրենց աջակցությունն են հայտնել «Հեռուստամարաթոն 2016»-ին, որի այս տարվա հավաքագրված հասույթը կուղղվի Արցախի տուժած սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը:

Փոխվարչապետ Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը հանդիպել են նաև Հայ օգնության միության (ՀՕՄ) Կենտրոնական վարչության անդամների հետ:

Իր խոսքում՝ Աղաբեկյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության պատասխանատուներին՝ Արցախում պարբերաբար բարեգործական ծրագրեր իրականացնելու համար և նշել է, որ հայ կինը մշտապես ամուր թիկունք է եղել հայ տղամարդուն, ու նրանք միասին կարողացել են ամուր պահել հայ ընտանիքը: Փոխվարչապետն ընդգծել է, որ այս տարվա հեռուստամարաթոնը ուղղված է հենց Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապրող և հակառակորդի վերջին ագրեսիայից առավել տուժած ընտանիքների աջակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՕՄ-ի կողմից իրականացվելիք մի շարք ծրագրեր: Այցի շրջանակներում արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են նաև ամերիկահայ մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ, որտեղ Աղաբեկյանն ու Պարգև Սրբազանը պատասխանել են Արցախի վերաբերյալ հնչած՝ լրագրողների տարաբնույթ հարցերին:

Արցախյան պատվիրակության հանդիպումները ԱՄՆ-ում շարունակվում են:

Այս տարի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին:

Տպել Տպել