ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ

ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ փառաշուք կերպով նշուեցաւ Շաμաթ 26 Նոյեմμերին, Նիկոսիոյ Նարեկ Ազգային Վարժարանի հանդիսասրահին մէջ։ Այս առթիւ, ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէն Հայաստանէն յատկապէս հրաւիրած էր Արցախի ազատագրական պայքարի ազատամարտիկ, պատմութեան եւ ռազմագիտութեան դասախօս, ԼՂՀ նախագահին կողմէ «Արիութիւն» մետալով պարգեւատրուած եւ 2016-ի քառօրեայ պատերազի մասնակից ընկ. Արթուր Եղիազարեանը, որ ներկաներուն փոխանցեց օրուայ պատգամը։
fotorcreated
Յայտագրի սկիզբը ներկաներու մասնակցութեամբ, հնչեց ՀՅԴ քայլերգը։

Բացման խօսք արտասանեց հանդիսավար Նայիրի Մուրատեան, իսկ ՀՅԴ Կոմիտէի խօսքը փոխանցեց ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի Ներկայացուցիչ ընկ. Սիմոն Այնէճեան։

Գեղարուեստական յայտագիրը կը պարունակէր մարտական պար, կատարողութեամբ՝ Համազգայինի «Օշական» մասնաճիւղի եւ ղեկավարութեամբ՝ լիբանանահայ պարուսոյց Գօգօ Քէլէշեանի, մեներգ՝ պատանի Արազ Մանուշեանի կողմէ եւ հայրենասիրական երգերու փունջ մը, կատարողութեամբ Նիկոսիոյ Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ քառաձայն երգչախումբին, խմբավարութեամբ՝ Նառա Սարտարեանի եւ դաշնակի ընկերակցութեամբ՝ Երեցկին Թամար Հապէշեանի։

Նիկոսիոյ Հոգեւոր Հովիւ Տէր Մոմիկ Հապէշեանի Պահպանիչով վերջ գտաւ հանդիսութիւնը, որու յաջորդեց աւանդական ճաշկերոյթ-խրախճանք, ՀՄԸՄ-ՀԵՄ ակումբէն ներս, ուր ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցաւ ընկ. Յովիկ Մանուշեան։

artsakank.com.cy

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 25-ամյակի խորհուրդը Դաշնակցությունն իր 126-ամյա փորձառությամբ իմաստավորում է, որպես մի նո՛ր սկիզբ

Ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմակերպական լիազոր մարմնի անդամ Արթուր Եղիազարյանի ելույթը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, ՀՅԴ 126 ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

1480487105-1552
Արժանապատիվ Հայրեր,
Հարգարժան անդամներ Ազգային Իշխանության,
Հարգարժան կիպրահայ վարժարանների հոգաբարձութեան անդամներ և տնօրինություն,
Հարգելի ներկայացուցիչներ կիպրահայ կազմակերպութիւնների,
Հարգելի ներկաներ,
Ընկերներ և ընկերուհիներ:

Սիրելի՛ հայրենակիցներ․
1890 թվականին, ազգային-ազատագրական պայքարի բովում ծնունդ առած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այս տարի թևակոխեց իր ծննդյան 126 ամյակը: Հայոց վերաարթնացումով սկսվեց խիզախումի մի նոր ժամանակաշրջան, որի 126-ամյա երթը մեզ համախմբել է նաև այս դահլիճում, Կիպոսի հողի վրա, երկիր, որը պատմականորեն հարազատացած է հայերիս, երկիր, որի հետ 33 տարի՝ 1342-ից 1375 թվականներին, Կիլիկիայի Հայոց թագավորության ժամանակ՝ Լուսինյան արքայատան ներքո՝ կազմել ենք մեկ միասնական պետություն, բարիդրացիական երկիր, որի հետ վաղ թե ուշ կրկին հարևաններ ենք դառնալու, երբ պատմական արդարության վերականգնմամբ՝ կրկին կհանգրվանենք մեր Հայրենիքի անբաժան մաս հանդիսացող Կիլիկիայի միջերկրական ափերին:
Եվ այսօր երջանիկ եմ, ՀՅԴ 126, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-ամյակների առիթով ձեզ խոսք հղելու այս ընձեռված հնարավորության համար։
Դաշնակցությունը ավանդույթ է դարձրել այս տոնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնահատուկ է նաև նրանով, որ նշվում է հայոց երկու պետականությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հոբելյանական 25 ամյակների հետ՝ մեկ երթով, բայց նաև նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:

Առաջին հերթին անդրադառնալով Հայոց անկախ Հանրապետության ծննդյան 25 ամյակին, նշեմ, որ երկրագնդի ողջ մարդկությունը բաղկացած 150 ազգից, 400 ժողովրդից և 3000 ցեղից: Եվ նրանցից լոկ 200-ն ունեն պետություն: Մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք մեր պետությունը: Կորցնելու դեպքում՝ այլևս դժվար կլինի այս գլոբալիզացիայի դարաշրջանում կրկին ձեռք բերել: Գլխավոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտավոր է սրբորեն պահել, գուրգուրանքով փայփայել և փոխանցել հաջորդ սերունդներին, այն է, որ պատմական այս հանգրվանում հայ ազգը վերականգնեց իր անկախությունը և վերադարձրեց կորսված հայրենիքի մի հատվածը:

Գարեգին Նժդեհն ասում էր` «Հայն է Հայաստանի համար», ազգային գաղափարաբանության մեծ տեսաբան Վահան Նավասարդյանն ասում էր` «Հայաստանն է հայի համար»: Երկու մեծ տեսաբանների նկատմամբ խորն ակնածանք ունենալով հանդերձ, կարծում եմ, որ ճշմարտության միջին և իրական բանալին այլ բանաձևման մեջ է` «Առանց Հայաստան` չկա Հայություն, առանց Հայության` չկա Հայաստան»:

ՉԿԱ ՄԵԿՆ ԱՌԱՆՑ ՄՅՈՒՍԻ, սա է բացարձակ ճշմարտությունը:

Այսօր, առավել քան երբևէ՝ պահանջվում է անկեղծ ու սթափ գնահատել և արժևորել մինչև հիմա մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չընկրկել առկա վտանգների ու սպառնալիքների հանդեպ և վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ շարժվել առաջ: Հայաստանում, անկախության անցած 25 տարիները մեզ ուսուցանեցին ապրել՝ հպարտորեն գլուխը վեր պարզած և հաղթանակած վճռական մենակի հոգեբանությամբ, սակայն, ցավոք սրտի, ցույց տվեցին նաև, թե ինչպես չպե՛տք է ապրել: Ժամանակի հրամայականն է շտկել բոլոր այդ անցումային թերացումներն ու բացթողումները: Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ազատ քաղաքացին է պետականության նեցուկն ու հենարանը։ Մեր պարագայում առավել ևս այդպես է. ժամանակակից աշխարհում մեր կարևորագույն մրցակցային առավելությունը մարդն է, մեր մարդկային ներուժը։ Երբ քաղաքացին սիրում է իր պետությունը, ապա այդ դեպքում նա անձնվիրաբար է գործում, տառապում է նրա ամեն մի ցավի համար, պատրաստ է ինքնազոհաբերման, սեփական շահի ստորադասման, որով` նպաստում նրա հզորացմանն ու պաշտպանությանը: Մարդը չի պայքարում այն բանի համար, ինչն իրավական և բարոյական տեսակետից իրենը չի համարում: Արդար կառավարման դեպքում իշխանություններն անհատին պիտք է դնեն այնպիսի ընկերային իրավիճակի մեջ, որ նա հավատարմանա ու ներդաշնակվի իր պետության հետ` սեփական ճակատագիրը չզատելով նրա ճակատագրից:

Սիրելի հայրենակիցներ,

Անցած տասնամյակների ընթացքում պետականաշինության գործում զգալի է եղել նաև հայկական սփյուռքի ներդրումը։ Սփյուռքն էր, որ տասնամյակներ շարունակ անթեղված պահեց անկախության կրակը, հայրենիքից դուրս կերտեց հոգևոր Հայաստան, իսկ վերանկախանալուց հետո զորավիգ եղավ Հայաստանին ու Արցախին:

Եվ այսօր էլ, հայության առջև ծառացած մարտահրավերներին մենք ի զորու ենք դիմակայել, եթե առաջնորդվենք համահայկական օրակարգերով, գործենք համախմբված և միասնաբար։ Ժամանակակից գլոբալացվող աշխարհում մենք ունենք համեմատական մրցակցային առավելություններ, որ լիարժեք չենք օգտագործում։ Հայրենիքում, թե արտերկրում, իշխանության կազմում, թե ընդդիմության մեջ, մարտի դաշտում, թե քաղաքացիական կյանքում մեր գործը մշտապես պետք է ուղղված լինի հայոց պետականության կայացմանը ու հզորացմանը:

Մենք չենք ամաչում մեր անցած ուղուց: Անցած քսանամյակում, ենթարկվելով կյանքի բազում փորձությունների` թրծվել ենք ու ամրացել: Առ այսօր չենք փոխել մեր տեսակը, մեր աշխարհայացքը, պահպանել ենք սերն առ հայրենիք ու ժողովուրդ: Այսօր ունենք Անկախություն, որը մեր փա՛ռքն է, և ազատագրված Արցախ՝ որը մեր պատի՛վն է ու հպարտությու՛նը։

Եվ այն սերունդը, որն իր ուսերին պատվով կրեց անկախությունից հետո ծնված բոլոր դժվարությունները (Արցախյան ազատամարտ, սոցիալական, իրավական անարդարություններ և այլն), բայց դուրս էր մնացել երկրի կառավարման անցած քսանամյա ուղուն իր գործուն մասնակցությունից, այլևս անտարբեր չի կարող մնալ հայրենի պետականության հետագա գոյության համար տագնապահարույց այս բախտորոշ ժամանակներում: Ամեն մի րոպե հապաղելն արդեն ի նպաստ մեզ չէ: Եվ այս միտումով՝ Հայրենի պետության մեջ սկսել են լրջագույն փոփոխություններ, որոնք հասցնելով դրական հանգրվանի՝ կստեղծենք որակական նոր բնույթի պետություն, պետություն որն աշխարհասփյուռ ողջ հայությունը իրավացիորեն կհամարի իրենը և որով կհպարտանա:

Սիրելի հայրենակիցներ,
Անցած տարիները անկասկած փաստում են, որ մեր սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու, մեր ազգային նպատակներից չշեղվելու գլխավոր պայմանը «Զարգանալ չզիջելով» կարգախոսով առաջնորդվելն է: Սա է դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը: Հակառակը հեշտ է, բայց կործանարար: Քանզի եթե շարունակաբար զիջենք մեր շահերը, էլ շահ չի մնա ոչ միայն զարգանալու, այլ որևէ այլ բանի համար: Հետևաբար, առաջնորդվել «Զարգանալ ՝ չզիջելով» կարգախոսով, նշանակում է մասնավորապես ամրապնդել այն գաղափարը, որ Արցախի ազատագրված տարածքները ոչ թե բեռ են, որից պետք է օր առաջ ազատվել, այլ զարգացման մեծագույն հնարավորություն: Ավելին՝ սա նշանակում է կառուցել մեր տնտեսական քաղաքականությունը այնպես, որ համապատասխանի շրջափակված և պատերազմի մեջ գտնվող երկրի կարգավիճակին ու պայմաններին: Պետք է ունենալ կայուն այն մշտական համոզումը, որ ավելի լավ է լինել շրջափակված, բայց պահպանել ներկա 42000 քառ. կմ տարածքները հայկական, քան ունենալ բաց սահմաններ, բայց զրկվել կենսական նշանակաթյան մեր տարածքներից:

Վերջին՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները, եկան հաստատելու, որ անկախության այս շրջափուլի անուրանալի և անփոխարինելի նվաճումն անկախության սերունդն է, որ մտածում է ազատ, գործում՝ խիզախ և յուրովի նայում ապագային։

Փա՛ռք մեր հերոսներին:

Վերլուծելով անկախության քառորդդարյա արդյունքները, հայոց առջև ծառացած օրվա հրամայականները, դասեր քաղելով մեր սխալներից՝ կարելի է ամփոփել հետևյալ և ժամ առաջ լուծում պահանջող անելիքների շուրջ.

– կերտե՛լ արդար հասարակություն, որի պայմաններում յուրաքանչյուր հայորդի պետք է կարողանա սեփական վաստակով արժանապատվորեն ապրել հայոց պետականության ներքո,
– ստեղծե՛լ պետական արդյունավետ համակարգ, որի պայմաններում արդար ընտրությունների միջոցով հնարավոր կլինի ձևավորել օրվա իշխանությունները՝ սահմանադրական նոր կարգը հասցնելով իր տրամաբանական արդյունքներին,
– վե՛րջ դնել օլիգարխիկ տնտեսությանը՝ ապահովելով գործարարության համար հավասար հնարավորություններ՝ սանձելով սոցիալական բևեռացվածությունը,
– հետամու՛տ լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման գործընթացներին,
– շարունակե՛լ արդիականացնել հայոց բանակն ու ռազմական ողջ արսենալը, ձևավորել ԱԶԳ – ԲԱՆԱԿ համակարգը, ստեղծել պահեստազորային ստորաբաժանումներ, ինչին այս պահին լծված է նաև Դաշնակցությունը, ըստ անհրաժեշտության՝ հակառակորդին միասնաբար և գրագետ հակահարված տալու համար,
– արդիական պահանջների մակարդակի բարձրացնել ազգային կրթության ոլորտը, այն դարձնելով նոր մտքի կերտման և ազգային արժեքների հղկման դարբնոց,
– նո՛ր որակ հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ արժանապատվորեն, սեփական շահերի հստակ գիտակցումով և կամային նոր դրսևորումներով հանդես գալով միջազգային հարթակում՝ ազգային անվտանգության ապահովման համար վարելով հավասարակշռված քաղաքականություն,
– կասեցնե՛լ արտագաղթը, խրախուսելով ներգաղթն ու ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցումը,
– շարունակե՛լ Հայաստան – Սփյուռք ներդաշնակման խորացումն ու արդյունավետ նոր համակարգերի գործարկումը՝ Սփյուռքը դիտելով հայոց պետականության հիմնական խարիսխներից մեկը,
– շարունակե՛լ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի արդարացի լուծման պայքարը։
Նման ներկայի և ապագայի հեռանկարով է, որ Դաշնակցությունը իր ողջ կարողականությամբ լծվել է Սահմանադրական նոր կարգի հաստատմանը, օրվա իշխանությունների հետ կնքելով քաղաքական համագործակցության հուշագիր, ստանձնելով երկրի կառավարման և համակարգային փոփոխությունների պատասխանատվության իր բաժինը։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 25-ամյակի խորհուրդը Դաշնակցությունն իր 126-ամյա փորձառությամբ իմաստավորում է, որպես մի նո՛ր սկիզբ, միտված արդարության, միասնության, համերաշխության և ապագայի նկատմամբ վստահության վերականգնմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայաստանի և Արցախի ներքին կյանքն ու արտաքին հարաբերությունները ընթանում են որոշակիորեն նոր իրողությունների պայմաններում։
Ապրիլյան ռազմական գործողությունները փաստեցին, որ՝
1. Ադրբեջանը չի՛ կարող ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը՝ հակառակ իր պարբերական հոխորտանքներին և հրադադարի ուխտադրուժ խախտումներին,
2. Հայոց բանակը մարտունակ է և ի վիճակի՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի անկախությունը,
3. Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասնական են և վճռական՝ հայությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու հարցում,
4. որևէ փոխզիջում չի կարող երաշխավորել Հայաստանի և Արցախի համար առավել մեծ անվտանգության աստիճան, քան այն իրողությունները, որ առկա են այսօր։ Հայաստանն ու Արցախը պետք է զարգանան՝ չզիջելով: Պետք է մեկընդմիշտ փաստել. Որքան լայն ու մեծ է հայկական շերտը թյուրքական աշխարհների միջև, այնքան հավե՛րժ է Հայաստանը,
5. որևէ քաղաքական իշխանություն և ուժ չի՛ կարող կայացնել որոշումներ, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի արտահայտած կամքը. այն է՝ ապրե՛լ ազատ և անկախ՝ այսօր փաստացի ազատագրված տարածքների ներքո: Այս նպատակով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան և պատերազմ սանձազերծած և պարտված Ադրբեջանի հետ՝ հաղթածի իրավունքով վարի բանակցություններ,
6. միջազգային անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետորեն կանխել Հայաստանին սպառնացող վտանգները, և հայ զինվորն ու հայ ժողովրդի միասնականությունն են այն երաշխիքները, որ թշնամին հենց հայոց սահմանի մատույցներում հետ կշպրտվի և կմուրա նոր զինադադար,
7. պետք է մեր միջից արմատախիլ անել պարտվողականությունը և կրկին փաստել.՝ Անկախությունը և խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են:
Ելնելեվ վերոշարադրյալից՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը պետք է հետապնդի հետևյալ խնդիրների լուծումը՝
– Առաջնորդվել Արցախի ժողովրդի՝ 1991թ. անկախության և 2006թ. սահմանադրական հանրաքվեներով արտահայտած կամքով, որոնցով հռչակված է անկախ պետություն՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով և հաստատված է, որ մինչև ԼՂՀ պետական տարածքի բռնազավթված հատվածների ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է փաստացի ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներում,
– Որևէ կարգավորում, որ չի ապահովում ԼՂՀ անկախ կարգավիճակի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է: Անընդունելի է ոչ միայն Դաշնակցության, այլև Արցախի ողջ ժողովրդի համար,
– Բանակցային գործընթացի լիարժեքության ու արդյունավետության համար ապահովել ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին,
– Միջազգային արդյունավետ վերահսկողություն սահմանել՝ ապահովելու 1994-95թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի անվերապահ կատարումը,
– Բանակցային գործընթացը հունավորելու և Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործին,
– Անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ ի նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը,
– Ձևավորել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան և ռազմական հանցագործությունները ապացուցող փաթեթ և հասնել դրանց միջազգային դատապարտմանը,
– Արցախյան ազատամարտի հաջողությունները ամրապնդելու և հիմնախնդրի հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վարչական շրջանների վերաբնակեցում և ենթակառուցվածքների ստեղծում:

Սիրելի հայրենակիցներ,

Սահմանադրական փոփոխությունները հայոց պետականության համար ստեղծում են նոր պայմաններ՝ խորհրդարանական համակարգի անցման և քաղաքական դաշտի առողջացման համար։ 25-ամյա փորձառությունը հանգեցրեց այն համոզմունքին, որ նման սպառնալիքներով տարածաշրջանում հայոց պետական համակարգը չպետք է փաստացի կառավարվի մեկ անձի կողմից։
Ոստիկանական գնդի գրավման հուլիսյան դեպքերը ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Սակայն փաստեցին նաև, որ փոփոխությունները պետք է ընթանան ոչ թե բարիկադներ կառուցելու և ներքաղաքական խնդիրները սուր առճակատումներով լուծելու, այլ երկխոսությունն առավել կառուցողական դարձնելու և նոր կամուրջներ կառուցելու ուղիով:

Հարգելի՛ հայրենակիցներ.

Դաշնակցությունն այսօր ամբողջությամբ լծված է հզորացող ու ազատ Հայաստանի կերտմանը: Այն պատասխանատու և փորձառու քաղաքաքական ուժ է, մշտապես հետամուտ հայոց բովանդակ շահերին և կանգնած Հայաստանի անկախության ակունքներում։
Դաշնակցությունը հեղափոխակա՛ն կուսակցություն է, բայց ո՛չ երբեք արկածախնդիր։
Դաշնակցությունը սոցիալիստակա՛ն կուսակցություն է՝ մշտապես կանգնած արդարության և համերաշխության դիրքերում։
Դաշնակցությունը համահայկակա՛ն կառույց է՝ մշտապես պատրաստ զոհաբերվելու հայության ազատագրության դատին։
Վերջապես,Դաշնակցությունը մտքի՛ կուսակցություն է՝ գրիչը զուգակցելով զենքի, բահի, դրոշի հետ՝ ամփոփված մեկ բռունցքի մեջ։
Դաշնակցությունը անձերի կուսակցություն չէ, որ մեկ օրում հնարավոր լինի տապալել անհետևանք։
Դաշնակցությունը պատեհապաշտների կուսակցություն չէ և գիտի պատասխանատվության գինը։
Վերջապես, Դաշնակցությունը անգաղափարական կուսակցություն չէ և գիտի իր խոստման արժեքը:

Սիրելի ներկաներ,
Ամփոփելով խոսքս, կրկին շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի անկախության 25 և ՀՅԴ 126-ամյակների առիթով։ Անկախությունը մեր փա՛ռքն է, Արցախը՝ մեր հպարտությու՛նը։
Մենք պետություն կերտող ԱԶԳ ենք: Մենք ունենք կամք, փորձ, անձնանվեր գործելու ցանկություն և վճռականություն՝ հանուն պետության հզորության և ժողովրդի բարեկեցության, հանուն Ազատության և Արդարության հաստատման:

Հայոց հողի 1/8 անկախ հատվածը այն հենակետն է, որտեղից կրկին պետք է հառնի Մեծ Հայքը։
Եվ թող բոլորիս ջանքերը կրկին մեկտեղվեն՝ կերտելու մե՛ր երազած Երկիրը։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԵՐԿԻՐՆ Է: ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՐԱ ԵՎ ՏԵ´ՐՆ ԵՆՔ ԵՎ ԾԱՌԱ´Ն` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ Սփյուռքը:
Կեցցե՛ Համայն Հայությունը՝ հայ ազգի եռամիասնությունը:
Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Արթուր Եղիազարյան
Պատմաբան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ
կազմակերպական լիազոր մարմնի անդամ
26.11.2016
Կիպրոս – Նիկոսիա

Տպել Տպել